Sunday, June 24, 2012

Սերժ Սարգսյանի երրո՞րդ «ժառանգը»

«Լրագիր» 23-6-2012- Հունիսի 22-ը ոչ միայն Հայրենական Մեծ պատերազմի մեկնարկի, այլ նաեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանի ծննդյան օրն է: Իշխանությունն այդ օրն արժանացրեց հատուկ ուշադրության, նշելով, որ 2012 թվականի հունիսի 22-ին լրացել է Արկադի Ղուկասյանի 55-ամյակը: Անգամ պաշտոնական հաղորդագրություն եղավ նախագահի նստավայրից, ուր ասվում էր, որ Սերժ Սարգսյանը հեռախսազրույց է ունեցել Ղուկասյանի հետ եւ շնորհավորել նրա 55-ամյակը: Իսկ Հանրային հեռուստատեսության լրատվական ծրագիրը անգամ հատուկ ռեպորտաժով էր հիշել Արկադի Ղուկասյանի ծննդյան տարեդարձը: Ինչն է պատճառը, որ Արկադի Ղուկասյանն արժանանում է այդօրինակ մեծ պատվի եւ ուշադրության: Արդյոք այն, որ նշում էր ծննդյան կլոր տարեդարձ՝ 55-ամյակ, թե պատճառները այլ հարթության վրա են՝ քաղաքական: Ներկայում Հայաստանում բավական ուշագրավ քաղաքական իրավիճակ է, եւ առերեւույթ 2013 թվականի նախագահի ընտրության համար մղվող իշխանական պայքարն իրականում ունի շատ ավելի խորը եւ հեռու ենթատեքստ՝ 2017-18 թվականներ: Սերժ Սարգսյանն այդ ընտրական փուլում պետք է անխուսափելիորեն հանձնի նախագահի պաշտոնը որեւէ մեկին, եթե մինչեւ այդ էլ Հայաստանի հասարակությունը չկարողանա համակարգից վերցնել իշխանությունն, այդ թվում նախագահ ընտրելու իրավունքն ու իրացնել այն: Հետեւաբար բոլոր քաղաքական ուժերը, հատկապես ներիշխանական խմբերն ու բեւեռները ներկայում գործում են հենց այդ հեռահար նպատակով՝ հնարավորինս ազդեցիկ լինել նախագահի պաշտոնի հանձնման այդ ժամանակաշրջանում: Բոլորը շատ լավ են հասկանում, որ անգամ ֆորմալ հանձնումը ենթադրելու է որոշակի էական փոփոխություններ, քանի որ նույնիսկ այդ ֆորմալությունն ապահովելու համար Սերժ Սարգսյանին հարկավոր կլինի լուծել իշխանության մեջ մնալու հարցը: Հակառակ պարագայում, եթե նա չմնա իշխանության մեջ, ինչպես Ռոբերտ Քոչարյանը, գրեթե անհնար է լինելու պահել ազդեցությունն իշխանության եւ անգամ այդ ֆորմալ նախագահի վրա: Այդ գործընթացում, բնականաբար, առաջնային խնդիրներից է նաեւ Սերժ Սարգսյանի “ժառանգորդի” կամ “իրավահաջորդի” հարցը՝ ով է լինելու, ում է փորձելու Սարգսյանը փոխանցել նախագահի պաշտոնը, որպեսզի նաեւ հնարավոր լինի պահպանել դե ֆակտո իշխանությունը: Մինչ այժմ Սերժ Սարգսյանի շրջապատում նկատվում է այդ կարգավիճակի երկու հիմնական հավակնորդ՝ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյան եւ վարչապետ Տիգրան Սարգսյան: Համենայն դեպս, միայն այդ երկու գործիչներն են, որ ոչ հայտարարությունների, բայց իրենց գործունեության հրապարակային շատ դրսեւորումների միջոցով ակնհայտորեն ցույց են տվել, որ հավակնում են նախագահի “ժառանգորդի” կարգավիճակին: Ահա այդ համատեքստում, շատ ուշագրավ է Արկադի Ղուկասյանի ծննդյան այդ պատվարժան հիշատակումը, ինչը թերեւս կարող է ենթադրել երրորդ “ժառանգորդի” մուտք հրապարակային քաղաքականության ասպարեզ: Չի բացառվում, որ Սերժ Սարգսյանը սկսում է Արկադի Ղուկասյանի այսպես ասած “ռասկրուտկայի” մի գործընթաց, ընդլայնելով իր “ժառանգորդների” շրջանակը եւ այդպիսով գուցե փորձելով դյուրացնել այդ գործընթացի կառավարումը: Ի վերջո, Սերժ Սարգսյանը, գուցե կրկին օրինակ վերցնելով Ռոբերտ Քոչարյանի փորձից,մտածում է, որ երեք “ժառանգորդն” ավելի լավ է, քան երկուսը: Ռոբերտ Քոչարյանը թերեւս երկուսն ուներ, երբ պատրաստվում էր հանձնել նախագահի պաշտոնը՝ Սերժ Սարգսյան եւ Վարդան Օսկանյան: Սերժ Սարգսյանը թերեւս նաեւ այդ գործընթացի մասնակցի անձնական փորձով է վստահ, որ երրորդը այդ դեպքում ոչ միայն ավելորդ չէ, այլ նաեւ անհրաժեշտ է իշխանությունը դե յուրե փոխանցելու, բայց դե ֆակտո ամուր պահելու համար: Հավանական է նաեւ, որ այդ համատեքստում Արկադի Ղուկասյանին սկսեն պատրաստել 2013 թվականի նախագահի ընտրությունից հետո վարչապետի, կամ գուցե ավելի շատ արտգործնախարարի պաշտոնի համար, որպեսզի առաջիկա տարիներին նա կարողանա ինքնադրսեւորվել որպես Սերժ Սարգսյանի “ժառանգորդներից” մեկը: Ինչպես հայտնի է, Արկադի Ղուկասյանը մինչեւ ԼՂՀ նախագահ դառնալը ԼՂՀ արտգործնախարար էր, իսկ այժմ էլ Հայաստանի նախագահի հատուկ հանձնարարությունների դեսպան: Պետք չէ բացառել նաեւ Սփյուռքի նախարարի պաշտոնում նրա “ռասկրուտկա” լինելու հանգամանքը: ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments: