Tert.am. 23-6-2012- Հայկական բանակը, գլխավոր շտաբն իր մի սպային չկարողացավ պաշտպանել, և հարց է առաջանում, թե ինչպես են կարողանալու հետագայում ռազմական խնդիրներ լուծել, Tert.am-ի հետ զրույցում ասաց գրող, հրապարակախոս Հուսիկ Արան (ձախում)` պատասխանելով հարցին, թե ինքն ինչի արդյունք է համարում ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում տեղի ունեցած ծեծկռտուքը, որի հետևանքով բուժծառայության մայոր Վահե Հակոբյանի վիճակը մինչ օրս համարվում է ծայրահեղ ծանր: «Նախ, մենք ունենք նախադեպ, երբ Ռոբերտ Քոչարյանի հանձնարարականով վերջինիս թիկնազորը սպանեց Պողոս Պողոսյանին, իսկ թիկնապահը դատապարտվեց 1 տարվա պայմանական ազատազրկման և, փաստորեն, բանտ չնստեց»,– ասաց նա: «Մենք ունենք նախադեպ, որ այս երկրում մարզպետը կնոջն ապտակում է, և ոչ մի պատասխանատվություն: Եթե Լիսկային (Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյան – Tert.am) կնոջն ապտակելու համար դատապարտեին, եթե Քոչարյանի թիկնապահին մարդ սպանելու համար դատապարտեին, այսօր այդ «Հարսնաքարի» դեպքը չէր լինի: Ես զայրացած եմ Պաշտպանության նախարարի վրա, հարց եմ տալիս՝ պարո'ն Օհանյան, այդպե՞ս եք պաշտպանում ձեր սպային»,- ասաց Հուսիկ Արան: Հիշեցնենք, որ հունիսի 17-ի գիշերը ռազմական բժիշկ Վահե Ավետյանը և նրան ուղեկցող ևս երկու բժիշկ «Հարսնաքար» ռեստորանային համալիրում դաժան ծեծի էին ենթարկվել ռեստորանի՝ ըստ նախաքննության, անվտանգության աշխատակիցների կողմից և տեղափոխվել Զինված ուժերի հոսպիտալ, որտեղ էլ Վահե Ավետյանը մինչ օրս գտնվում է անգիտակից՝ ծայրահեղ ծանր վիճակում, իսկ մյուս երկուսի վիճակը գնահատվում է միջին ծանրության։ Միջադեպից հետո հարուցվել է քրեական գործ, որի հետևանքով արդեն ձերբակալվել է 7 հոգի, որոնցից 4-ն արդեն կալանավորված են: Հուսիկ Արան չի հավատում նախաքննությանն ու գործի արդարացի բացահայտմանը. «Ես չեմ հավատում, որ որևէ մեկը մեղավորներից կպատժվի, մենք ապրում ենք մի երկրում, որտեղ հասարակությունը մեկուսացած է կառավարման համակարգից, և միայն անունն է ժողովրդավարական երկիր»։ «Մենք ստեղծել ենք մի հասարակություն, որտեղ նույն նեմեցներն են համարվում մարդկային իդեալներ, և նրանք, ունենալով փող և իշխանություն, կարող են անել ամեն ինչ»,- եզրափակեց Հուսիկ Արան: Երիտասարդ գրող Արամ Պաչյանն էլ նշեց, որ ինքը չի տարբերում Ռուբեն Հայրապետյանին Սերժ Սարգսյանից։ «Ես Ռուբեն Հայրապետյանին Սերժ Սարգսյանից չեմ տարբերում, քանի որ համախոհներ ու ընկերներ են, և իրարից չեն տարբերվում»,– ասաց նա: «Նրանք են երկրի իշխանությունը, Ազգային ժողով և Կառավարություն ձևավորողները: Այսպես էլ պետք է լինի, քանի դեռ Սերժ Սարգսյանը երկրի ղեկավարն է, ով կրիմինալ կարգի տեր մարդ է և իրեն շրջապատել է ողորմելիների ոհմակով»,- ավելացրեց Արամ Պաչյանը: Հարցին, թե վերջինս հավատում է նախաքննության արդարացի լինելուն և գործի բացահայտմանը, Արամ Պաչյանը տվեց բացասական պատասխան. «Նախաքննությանը չեմ հավատում, ո՛չ արդարություն է լինելու և ո՛չ էլ իրենց անելինքներն են արդյունք տալու: Սա ապտակ է բոլորիս, և այն ինչ եղավ «Հարսնաքարում», կարող է լինել յուրաքանչյուր քաղաքացու հետ յուրաքանչյուր պահի, հենց հիմա տասը րոպեից, թե մեկ տարուց: Ոնց թելադրեն իրենց պապաները, այդպես էլ հարցը լուծում կստանա»,- եզրափակեց Արամ Պաչյանը: Սոցիալակա կայքերում արդեն իսկ ստեղծվել են քաղաքացիական մի շարք նախաձեռնություններ, որոնք դեմ են արտահայտվում «Հարսնաքար» այցելելուն և կոչ են անում պատժել իրական մեղավորներին: Այս օրերին եղան նաև անհատներ, ովքեր ծեծկռտուքի անմիջական մեղավոր համարեցին «Հարսնաքար» ռեստորանային համալիրի սեփականատեր, ՀՀ ԱԺ պատգամավոր, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանին: Նշենք, որ միջադեպից 2 օր անց Ռուբեն Հայրապետյանը հանդես եկավ հայտարարությամբ, որտեղ դատապարտեց տեղի ունեցածն ու խոստացավ անել ամեն ինչ՝ գործը բացահայտելու և մեղավորներին պատժելու ուղղությամբ ոստիկաններին օգնելու համար:
Sunday, June 24, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment