Saturday, June 2, 2012

Ամերիկայի ձայն. Ադրբեջան անունով պետություն գոյություն չի ունեցել, այն պատմականորեն Իրանի մաս է կազմել

Panorama.am. 2-6-2012- Ադրբեջան անունով պետություն գոյություն չի ունեցել, այն պատմականորեն Իրանի մաս է կազմել: Այդ մասին իրանական «ջամնյուզ.քոմ կայքի հաղորդմամբ՝ հայտարարել են «Ամերիկայի ձայն» հաղորդաշարին հյուրընկալված փորձագետները: Ըստ իրանական աղբյուրի՝ «Ամերիկայի ձայնի» քաղաքական մեկնաբան Ալիռեզա Նուրի Զադեն, խոսելով Ադրբեջանի վարած հակաիրանական քարոզչության մասին, նշել է. «Ադրբեջանի կառավարությունը մի հեռուստաալիք է հիմնել, որի միջոցով առավոտից երեկո խոսում է «Ադրբեջանի միասնության» մասին: Այդ միասնությունը, այո, ճիշտ է, սակայն, ոչ թե Իրանի թյուրքախոս ազարիները պետք է միավորվեն Ադրբեջանի ժողովրդին, այլ պետք է տեղի ունենա հակառակ գործընթացը»: Հաղորդմանը ներկա մեկ այլ փորձագետ՝ Մոհամմադ Սահիմին, էլ, մասնավորապես, նշել է. «Ադրբեջանում ծայրահեղական ուժեր են գործում, որոնք ցանկանում են երկիրն անվանափոխել՝ դարձնելով Հյուսիսային Ադրբեջանը, այն պատճառաբանությամբ, թե իբր Հարավային Ադրբեջանը գտնվում է «օկուպացիայի» մեջ: Սակայն փաստն այն է, որ ներկայիս Ադրբեջանի Հանրապետության տարածքը պատմականորեն մաս է կազմել Իրանին»: Հավելենք, որ վերջերս ԵՊՀ-ում տեղի ունեցած հանդիպման ժամանակ ՀՀ-ում ԻԻՀ դեսպան Սեյյեդ Ալի Սաղայիանը, անդրադառնալով Ադրբեջանի ստեղծմանն առնչվող հարցին, նշել էր, որ մինչև 1918թ. Ադրբեջան անունով պետություն չի եղել, այն կազմավորվել է պատմական Արանի տարածքում: Իսկ օրերս Կովկասի հարցերով իրանցի փորձագետ Հոսեյն Ահմադին իրանական «ԻՌԱՍ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում նշել, որ Ադրբեջանն Իրանի շուրջ 400 հազար քառակուսի կիլոմետր տարածքի նկատմամբ հավակնություններ ունի:

No comments: