Monday, June 25, 2012

Արտագաղթի պատճառները քաղաքական են․ Ալեք Ենիգոմշյան

1in.am. 25-6-2012- Վերջերս ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն ծառայությունը հրապարակեց այս տարվա հունվար-մարտին բոլոր տեսակի տրանսպորտներով Հայաստանից մեկնածների թիվը, ինչը ժամանողներից ավելի է 28 հազար 100-ով: Անցած տարվա նույն ժամանակահատվածում մեկնողների թիվը ժամանողներից ավելի է եղել 20 հազար 400-ով: Այսինքն՝ այս տարի մեկնող-ժամանողների տարբերության բացասական հաշվեկշիռն աճել է 7 հազար 700 մարդով: Պաշտոնական վիճակագրության այս թվերով ստացվում է, որ 2012-ի առաջին երեք ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, 38 տոկոսով ավելի մարդ է մեկնել և չի վերադարձել: Իսկ վերջին 5 ամիսներին, դարձյալ ըստ պաշտոնական տվյալների, միայն օդով Հայաստանից մեկնել է 65 հազար մարդ։ Արտագաղթի նման տեմպերի, դրանց պատճառների ու սպասվելիք հետևանքների մասին «Առաջին լրատվական»-ը զրուցեց «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ալեք Ենիգոմշյանի հետ: «Այո՛, պաշտոնական այդ 65 հազար տվյալը միայն օդով գնացածների թիվն է, դրան պետք է ավելացնել նաև ցամաքով գնացածներինը։ Սա նոր երևույթ չէ։ Արտագաղթին նպաստող այն պատճառները, որոնք եղել են վերջին տասնամյակներում, նույնն են նաև այսօրվա համար։ Բազմիցս խոսվել է դրանց մասին։ Դրանք և՛ սոցիալ-տնտեսական պատճառներն են, և՛ բարոյահոգեբանական։ Յուրաքանչյուրը պայմանավորված է մյուսով, և երկուսն էլ տիրող իրավիճակի արդյունքն են։ Իրավիճակ, որի աղբյուրը ներկա վարչախումբն է։ Այսինքն՝ այս արտագաղթը օբյեկտիվ զարգացումների արդյունք է։ Այս պատճառները քանի կան, համաղետային խնդիրները կմնան նույնը»։ Ինչ վերաբերում է այս իրավիճակի ընթացքին, ապա Ա․ Ենիգոմշյանը նկատեց, որ այսպես չի կարող շարունակվել, այլապես մենք գնում ենք անվերադարձ կործանման․ «Եվ այստեղ փրկությունը, բնականաբար, քաղաքական է, այն է՝ այս համակարգի տապալումը և այլ համակարգի ստեղծումը։ Խնդիրն այն է, թե ինչպես դա անել։ Մի կողմից՝ այս համաղետի ահագնացումը, մյուս կողմից՝ այն, որ ընտրությունից ընտրություն մենք ականատես ենք լինում, որ դրանք ոչինչ չեն փոխում, հետևաբար այս իրավիճակում ևս սպասել 4 կամ 5 տարի, որ ինչ-որ բան փոխվի, դա ինքնախաբեություն է։ Ուզում եմ ասել, որ ժողովրդագրական պատկերն այն է, ինչ որ կա, համաղետը տարեցտարի խորանում է, մնում է լուծումը գտնել, որը քաղաքական է, և որը «ընտրությունների» միջոցով հնարավոր չէ»։ Մեր այն դիտարկմանը, թե ինչպես է պետք վերաբերվել արտագաղթողներին, իրականում արդարացի՞ է նրանց մեղադրելը, Ա․ Ենիգոմշյանը պատասխանեց, որ լինելով իրապաշտ և հարցին նայելով ռեալիզմի դիրքերից՝ չի կարելի մարդկանց մեղադրել։ «Այո՛, կարելի է ինչ-որ փոքր տոկոսի համոզել, սակայն մեկնող քաղաքացին ունի նաև իր օբյեկտիվ պատճառները։ Չմեկնելը գիտակցության շատ բարձր մակարդակ է պահանջում, սակայն ռեալ չի բոլորից պահանջել դա։ Պետք է պատճառները վերացնել»։

No comments: