Tert.am. 25-6-2012- Ռուսաստանն իր վրա է վերցրել Հայաստանի տարածքային ամբողջականության պաշտպանությունը: Այս մասին «ԱՊԱ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի հասարակական- քաղաքական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Վլադիմիր Եվսեևը: Ըստ նրա` վերջին ժամանակներում անհանգիստ իրավիճակ է ոչ թե Լեռնային Ղարաբաղի ու Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում, այլ Հայաստանի ու Ադրբեջանի, ինչն անհանգստացնող է: «Եթե լարված իրավիճակ դիտվեր Լեռնային Ղարաբաղի ու Ադրբեջանի շփման գծում, կարելի էր դրան ինչ-որ չափով հանգիստ վերաբերվել: Սակայն Հայաստանի ու Ադրբեջանի շփման գծում զինված դիմակայությունն է’լ ավելի է սրում իրավիճակը: Այդ իսկ պատճառով, եթե երկու երկրների միջև պատերազմ սկսվի, Ռուսաստանին դժվար կլինի չեզոքություն պահպանել, քանի որ այստեղ խոսք է գնում Հայաստանի տարածքային ամբողջականության կորստի մասին»,- ասել է նա: Ըստ քաղաքագետի` կողմերն այսօր կարող են ընդհանուր հայտարարի գալ մի շարք հարցերի շուրջ, օրինակ` շփման գծից հեռացնել դիպուկահարներին: Սակայն կողմերը դա չեն անում: «Դիպուկահարների առկայությունն ու աճող լարվաճությունը կարող են յուրաքանչյուր պահի հանգեցնել պատերազմի: Այդ իսկ պատճառով անհրաժեշտ է անհապաղ նվազեցնել երկու երկրների միջև լարվածությունը և դուրս բերել զորքերը հակամարտության գոտուց»,- կարծիք է հայտնել փորձագետը` հավելելով, որ դա պետք է անել աստիճանաբար: Ըստ Եվսեևի` Լեռնային Ղարաբաղում պատերազմը «կրակի մեջ կգցի» ողջ տարածաշրջանը: «Դա ամենասարսափելին է»,- ասել է նա: Ինչ վերաբերում է խնդրի կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը, ապա ԱՄՆ-ն ու Ֆրանսիան «թերանում են իրենց աշխատանքում»: «Դա կարող է պայմանավորված լինել նաև այս երկրներում գործող քաղաքական ռեժիմներով: Ֆրանսիայում նոր նախագահ է, և հնարավոր է այս գործոնն ազդեցություն ունենա Մինսկի խմբի աշխատանքի վրա: Գլխավոր խնդիրը գործունեության ակտիվացումն է: Դրանից հետո, մենք ձեռնարկվող իրական քայլերի ականատեսը կդառնանք: Իսկ առաջին քայլը հակամարտության գոտուց զորքի դուրսբերումն է»,- ասել է Ռուսաստանի հասարակական-քաղաքական հետազոտությունների կենտրոնի տնօրենը:
Monday, June 25, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment