Monday, June 25, 2012

Օլիգարխիայով, կամ օլիգարխիայի վրա

Հայաստանի հասարակական-քաղաքական քննարկումներում կա տարածված տեսակետ, որ օլիգարխիան խնդիր չէ, եւ իշխանությունն է այդ խնդիրը ներդնում հասարակական-քաղաքական օրակարգ, այդպիսով փորձելով շեղել հանրությանը եւ ստեղծել վատ շրջապատի եւ բարի թագավորի “հեքիաթ”: Այդ մոտեման տրամաբանությամբ էլ, օլիգարխիայի խնդրի շոշափումը եւ այն հրատապության համատեքստում դիտարկումը ներկայացվում է իբրեւ իշխանության՝ տվյալ դեպքում Սերժ Սարգսյանի “ջրաղացի ջուր”: Դա թերեւս իրավիճակի, ու նաեւ Հայաստանի իշխանական համակարգի որոշակի թյուր կամ ոչ ամբողջական ընկալման հետեւանք է: Բանն այն է, որ երբ առաջ է բերվում օլիգարխիայի խնդիրը, դա ամենեւին չի նշանակում, որ իշխանության, տվյալ դեպքում Սերժ Սարգսյանի վրայից հանվում է պատասխանատվությունն առկա երեւույթների եւ արատների համար, այդ ամենը բարդելով նրա օլիգարխիկ շրջապատի վրա: Հակառակը, Սերժ Սարգսյանի վրա հենց դրվում է այդ օլիգարխիկ շրջապատի հարցը լուծելու եւ երկրում իրավական հասարակարգի համար անհրաժեշտ առաջնային եւ հիմնարար քայլերը կատարելու պատասխանատվությունը: Բանն այն է, որ օլիգարխիան, ձեւավորվելով կենտրոնական իշխանության կամքով՝ դրան սպասարկելու համար, տարիների ընթացքում հասել է մի վիճակի, երբ արդեն ի զորու է որոշակիորեն կամք թելադրել իշխանությանը եւ հանդիսանում է ոչ միայն կատարածու, այլ նաեւ պահանջատեր՝ թեկուզ իր կատարածի դիմաց: Օլիգարխիկ համակարգի միջոցով է հյուսվել այն ցանցը, որը կաթվածահար է արել հասարակական եւ քաղաքացիական կամքը Հայաստանում, որը խաղալով մարդկային բնազդների վրա, կարողացել է ջլատել հասարակության արժանապատվության հյուսվածքները, ինչի շնորհիվ էլ իրավունքի համար պայքարող քաղաքացու դեմ կարող է դուրս գալ օլիգարխի իրավունքի համար պայքարող քաղաքացին, որքան էլ որ նրան ստրուկ, ճորտ, անարժանապատիվ կամ այլ որակում տրվի: Օլիգարխիկ համակարգի շնորհիվ է, որ բոլորը, կամ գրեթե բոլորը՝ անգամ այդ ճորտերն ու ստրուկներն իրենք իրենց ներսում, խոհանոցում կամ բաղնիքում դժգոհ են իրավիճակից, իրենց կարգավիճակից, բայց միեւնույն ժամանակ պատրաստ են դուրս գալ նրանց դեմ, ովքեր պայքարում են այդ իրավիճակը փոխելու համար, որովհետեւ կան հասկանալի վախերը օլիգարխիայից, թելերը, որ հյուսել է օլիգարխիան: Այդ ամենն արել է իշխանությունը, հետեւողականորեն, տարիներ շարունակ, 90-ականների ֆեոդալապետությունը ինստիտուցիոնալացնելով քրեաօլիգարխիայի տեսքով, որպեսզի այդ համակարգի վրա էլ ապահովի իր հարատեւությունը: Բայց, այդ ամենն անխուսափելիորեն բերել է մի իրավիճակի, երբ արդեն չկա մեկ իշխանություն, կամ մեկ համակարգ, որտեղ բուրգի գագաթը ոչ թե թագավորն է, այլ “պախանը”: Իսկ դա ենթադրում է բոլորովին այլ բովանդակություն: Թագավորը հրամայում է եւ վերջ, իսկ “պախանը” պետք է ամեն ինչ անի “ճշտով”, այլապես կլուծեն “պախանի” հարցը: Ահա թե ինչու է Հայաստանի թիվ մեկ խնդիրը օլիգարխիկ կամ քրեաօլիգարխիկ համակարգը, եւ ահա թե ինչու այդ հարցը չի լուծվի Սերժ Սարգսյանին հեռացնելով, որովհետեւ օլիգարխները ոչ թե նրա, այլ իրենց իշխանության, արտոնյալ դիրքի համար են ներկայում պայքարում եւ գործադրում իրենց ջանքերը: Անձերն այստեղ էական չեն, էական է համակարգի կառուցվածքը: Կառուցվածքն ապամոնտաժելու պարագայում անձերը հայտնվում են բոլորովին այլ իրավճակում: Եվ դա ամենեւին մեկ օլիգարխի տնտեսության կամ համակարգի տարբերակը չէ: Հայաստանում այդօրինակ տարբերակը գործնականում ընդհանրապես հնարավոր չէ, որովհետեւ երկիրն այլեւս չունի ոչ միայն մի խումբ, կամ մեկ օլիգարխի, անգամ կես օլիգարխի համակարգային ռեսուրս: Հայաստանում համակարգային հասարակական-քաղաքական ճգնաժամ է պետության եւ հասարակության հենց քրեաօլիգարխիկ կառուցվածքի հետեւանքով: Իսկ այդ կառուցվածքի պայմաններում կապ չունի օլիգարխների թվաքանակը՝ 11, թե 1 օլիգարխ: Էականը համակարգի բնույթն է, որ պահանջում է շուտափույթ քաղաքացիականացում, պետական աղետից խուսափելու համար: Ավելին, եթե օլիգարխիայի ապամոնտաժման վարկածը դիտվում է Սերժ Սարգսյանի “ջրաղացի” ջուր, ապա “մեկ օլիգարխի” տարբերակն էլ նույն տրամաբանությամբ կարող է դիտվել ասենք 11 օլիգարխի “ջրաղացի ջուր”: Մինչդեռ, խնդիրը զուտ համակարգային է, ոչ թե մաթեմատիկական:: Օլիգարխիան գիտակցում է, որ ներկայիս տնտեսական սպառման, տեղեկատվական կոմունիկացիաների զարգացման եւ աշխարհաքաղաքական դինամիկայի պայմաններում այսպես ասած օլիգարխիայի եւ քաղաքական իշխանության շահերի տարանջատման անհրաժեշտություն է առաջանում: Սերժ Սարգսյանը շատ լավ է պատկերացնում, որ օլիգարխիկ համակարգն այլեւս աշխատում է իր իշխանության դեմ: Այստեղ իշխանության խնդիր է, ոչ թե Սարգսյանի բարի կամքի: Ներկայիս իրավիճակը նրան գուցե ձեռնտու է, բայց այս իրավիճակը երկար պահպանվել չի կարող՝ կամ նա ստիպված կլինի տեղի տալ օլիգարխիային վերջնականապես, կամ օլիգարխիան ստիպված կլինի տեղի տալ հասարակությանը: Սերժ Սարգսյանն էլ պետք է ընտրի՝ կամ հասարակության հետ է մնում իշխանության, կամ տեղը զիջում քրեաօլիգարխիայի հետ միասին: Հասկանալի է, որ այդ ընտրությունը նրա համար չափազանց բարդ է, քանի որ նա ինքն այդ համակարգի մասն է, հանդիսացել է այդ համակարգի առաջատար դեմքերից, այսպես ասած համակարգողներից մեկը Ռոբերտ Քոչարյանի նախագահության շրջանում, ինչպես նաեւ եղել է Տեր-Պետրոսյանի նախագահության շրջանում այդ համակարգի սաղմնավորման ակունքներում, իսկ այժմ էլ բուրգի գագաթն է եւ կրում է իրավիճակի անմիջական պատասխանատվությունը: Բայց, Սարգսյանը ներկայում այլ ելք չունի: Մանեւրելն ու հասարակության եւ օլիգարխիայի միջեւ ժամանակ ձգելը՝ պարբերաբար մեկ այս, մեկ այն կողմ ռեվերանս անելով, կարող է ունենալ առավելագույնը միջնաժամկետ էֆեկտ, իսկ երկարաժամկետ առումով ընդամենը բարդացնում է Սերժ Սարգսյանի վիճակը: Հարցը նրա համար դրված է “օլիգարխիայով, կամ օլիգարխիայի վրա”: ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments: