Մարդու իրավունքների պաշտպանների պաշտպանության միջազգային Frontline Defenders կազմակերպությունը հանդես է եկել հունիսի 21-ին հերոին պահելու մեղադրանքով ձերբակալված Ջիլալ Մամեդովի պաշտպանությամբ: Հայտարարության մեջ նշվում է, որ Ջիլալ Մամեդովը Խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտի խորհրդական է եւ «Թոլիշի Սադո»` Ադրբեջանում թալիշերեն միակ թերթի գլխավոր խմբագիրը: Նա նաեւ 2008թ. Իրանի օգտին լրտեսություն կատարելու մեղադրանքով դատապարտված եւ տանջանքների հետեւանքով բանտում մահացած հայտնի գիտնական Նովրուզալի Մամեդովի իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահն էր, հաղորդում է TolishPress.org-ը: Frontline Defenders-ը դատապարտում է Ջիլալ Մամեդովի հետապնդումը եւ կարծում է, որ նրա դեմ մեղադրանքները կապված են նրա իրավապատպանի գործունեության հետ: «Մենք անհանգստացած ենք Ջիլալ Մամեդովի ֆիզիկական եւ հոգեբանական վիճակով», - ասվում է կազմակերպության հայտարարության մեջ: Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Խաղաղության եւ ժողովրդավարության Բաքվի ինստիտուտը հունիսի 21-ին հայտարարություն էր տարածել անհայտ անձանց կողմից Մամեդովի առեւանգման մասին: Հետագայում պարզվել էր, որ նա ձերբակալվել էր ոստիկանության կողմից: Նախօրեին դատարանը վճիռ էր կայացրել երեք ամսով Մամեդովի ձերբակալման մասին: Ադրբեջանի ՆԳՆ-ի մամլո ծառայության ներկայացուցիչ Էհսան Զաիդովը հայտարարել էր, որ ձերբակալման ժամանակ Մամեդովից բռնագրավվել էր 5 գ կոկաին, իսկ տան խուզարկության ժամանակ` 30 գ հերոին: Մամեդովը վերջերս համացանցը «պայթեցրած» «Դավայ, դո սվիդանիյա» երգի տեսագրության հեղինակն է:
Sunday, June 24, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment