Saturday, July 7, 2012

Նախկին շահերն այլեւս չկան

Իր աշխարհքաղաքական նշանակությամբ, շահագրգիռ կողմերի ու պետությունների կազմով, քննարկման պրակտիկայով, քաղաքական գործընթացների վրա ազդեցությամբ ղարաբաղյան խնդիրն, անկասկած, միջազգային է: Վերջին տարիներին ղարաբաղյան խնդիրը միջազգային ասպարեզում դարձել է ավելի ակտիվ քննարկման առարկա, ինչը կարելի է բացատրել Հարավային Կովկասի եւ Կասպից ծովի տարածաշրջանի, ինչպես նաեւ Արեւելյան Եվրոպայի հանդեպ Արեւմտյան հանրության ուշադրության թուլացմամբ: Միեւնույն ժամանակ, ղարաբաղյան խնդիրը, ինչպես նաեւ Հարավային Կովկասի եւ Արեւելյան Եվրոպայի այլ տարածաշրջանների նմանատիպ մյուս խնդիրները դիտարկվում են առավել ծավալուն քաղաքական խնդիրներից կախված: Այդ կապակցությամբ, ղարաբաղյան խնդրի դիտարկումը պահանջում է հասկացությունների ու չափանիշների որոշակի հավասարակշռություն, այսինքն՝ ակտուալության եւ նշանակության որոշակի մակարդակում: Շահագրգիռ պետությունների ու միջազգային կազմակերպությունների կողմից ղարաբաղյան խնդրի, եւ նմանատիպ այլ խնդիրների դիտարկման հիմնական չափանիշը համարվում է անվտանգությունը: Մինչ այժմ, ղարաբաղյան խնդրի դիտարկումն իրականացվում էր կանխատեսելի անվտանգության շրջանակներում: Տարածքային անվտանգության, ժողովրդավարության, հանդուրժողականության եւ այլ սկզբունքներն ուշադրության էին առնվում բացառապես անվտանգության ապահովման պայմաններով: Հարավային Կովկասում հետեւողականորեն ձեւավորվում է անվտանգության պայմանների եւ գործոնների հիերարխիա, որոնք առաջնահերթ կողմնորոշված են էներգակիրների արդյունահանմանն ու տեղափոխմանը: ԱՄՆ եւ Մեծ Բրիտանիայի, որոնք Հարավային Կովկասում հռչակում են զանազան նպատակներ ու խնդիրներ, ակտուալ քաղաքականությունը ենթարկեցված է բացառապես էներգա-հաղորդակցային նախագծերին, որոնք նշանակալիորեն ապաքաղաքականացված են, եւ ռազմական տրանզիտի շահերին, որոնց իրականացումը համարվում է գլխավոր նպատակ, իսկ առաջնահերթը համարվում են անվտանգությունն ու կայունությունը, ընդ որում՝ որոշակի ձեւաչափում, Ռուսաստանի, Իրանի եւ Թուրքիայի հետ կապված խնդիրների հաշվարկով: Այս հիմնարար պայմաններին զուգահեռ, տեղի է ունենում «մաքուր» աշխարհքաղաքականության եւ աշխարհտնտեսության կոնկրետ խնդիրների համատեղում, որոնք, կախված առաջացող իրավիճակներից՝ դիտարկվում են առաջնահերթ կամ երկրորդական: Քաղաքական ու տնտեսական շահերի համատեղումը հանգեցնում է ոչ միայն հասարակության, այլեւ ակտուալ քաղաքական դասի ապակողմնորոշմանը: Ֆրանսիան վերջին շրջանում սկսել է ավելի կարեւոր դեր խաղալ ղարաբաղյան խնդրի կարգավորման ծրագրերի ու սխեմաների մշակման հարցում, Մերձավոր Արեւելքում տեղի ունեցող զարգացումներին ուշադրության ուժեղացմանը զուգահեռ: Մեծ Բրիտանիան փորձում է վարել տարածաշրջանում մասնակցության եւ ազդեցության համակարգային քաղաքականություն, իրականացնելով նախագծեր, որոնք ուղղված են գլոբալ էներգա-հաղորդակցային խնդիրների լուծմանը: Սակայն նրա դերը տարածաշրջանում հետեւողականորեն սահմանափակվում է: Եվրամիությունը փորձում է ընդգծել սեփական ազդեցությունը եւ նոր դերը, ընդ որում, նույնպես զգացվում է Ֆրանսիայի աճող դերը: Այս կապակցությամբ, անհրաժեշտ է ավելի առարկայական դիտարկել տարածաշրջանում ֆրանսիական քաղաքականությունը, որպես ամբողջական «կովկասյան նախագիծ», նկատի առնելով Ադրբեջանում գազի արդյունահանմանը եւ տեղափոխմանը մասնակցելու Ֆրանսիայի մտադրությունը: Միեւնույն ժամանակ, Թուրքիայի հավակնությունները զսպելու ուղղությամբ Ֆրանսիայի քաղաքականությունը մնում է նախկինը, անկախ նոր նախագահի քաղաքականությունից: ԱՄՆ որոշակի շփոթվածության մեջ է, նրա քաղաքականությունը նվազ համոզիչ է, եւ նա փորձում է առավելագույնս գցել պատասխանատվությունը կովկասյան տարածաշրջանում այս կամ այն խնդիրների համար: Տվյալ պայմաններն ու գործոնները պայմանավորում են Հարավային Կովկասի քաղաքական իրավիճակը, առավելապես՝ որպես խաղարկային, ինչը պահսանջում է ընդունել որոշակի կոնցեպտուալ դրվածք, որի հիման վրա կարող են կառուցվել իրավիճակային վերլուծություններ ու վարկածներ: Այսպես թե այնպես, հին սցենարներն ու պատկերացումները կորսվել են, ուժերի ու մտադրությունների նախկին հավասարակշռությունը չկա, իսկ նորը դեռեւս չի ձեւավորվել: Այսպես թե այնպես, տվյալ իրավիճակը բավական անորոշ է, եւ չի կարող ունենալ երկարաժամկետ հեռանկար: Արտաքին հիմնական շահագրգիռ կողմերի միջեւ առկա է հակասությունների ուժեղացում, ինչպես նաեւ տարածաշրջանում ներքին լարվածության աճ, երբ իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից: Այդ կապակցությամբ, կողմերի դիրքորոշումները չեն կարող դիտարկվել որպես կանխատեսելի, եւ քիչ թե շատ համաձայնեցված: Կարելի է սպասել պատերազմի վերսկսում, որը կարող էր դառնալ իրավիճակի հանգուցալուծում, պարզեցնել ուժերի հարաբերակցության ընդհանուր սխեման: Եթե ԱՄՆ վստահ լինի, որ ստիպված չի լինելու իրականացնել անմիջական զինված միջամտություն, եւ եթե Ռուսաստանը դրանից չզգուշանա, ապա պատերազմի ճանապարհը կարող է բացվել: Սակայն, այնուամենայնիվ, Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ պատերազմի մասով վճռական դեր կարող է խաղալ Թուրքիան, եթե հայտնվի անելանելի շրջափակման եւ մեկուսացման մեջ, եւ որոշի, որ հարմար ժամանակն է օգտվել սեփական քաղաքականության կարեւոր ռեզերվից, այսինքն՝ Ադրբեջանի հավակնություններից, սկսել պատերազմ, ապացուցելով, որ հենց Անկարան է տվյալ ռազմական ու քաղաքական գործողությունների գլխավոր սցենարիստը: Նման հեռանկարը չտեսնելու ցանկությունը լիովին հասկանալի է, սակայն հարկ է, այնուամենայնիվ, մշակել այդ սցենարը, որպեսզի հաստատվի Հայաստանի դերը դրանում: Իգոր Մուրադյան

No comments: