Sunday, July 8, 2012

Դավութօղլուն հայերին. մենք ձեր ցավը չենք ժխտում, եկեք խոսենք

Tert.am. 8-7-2012- Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավուօղլուն Փարիզ մեկնելու ճանապարհին լրագրողների հետ զրուցել է տարբեր հիմնախնդիրների, այդ թվում՝ Հայոց Ցեղասպանության մասին: Թուրքական «Միլլիյեթի» թղթակից Ասլը Այդընթաշբաշը նշում է, որ լրագրողները կարևորել են հարցի քննարկումը, սակայն որոշել այդ մասին տեղեկություն հրապարակել ավելի ուշ՝ Փարիզից վերադառնալուց հետո: «Ինքնաթիռի մեջ Սիրիայի հարցից էինք խոսում, սակայն խոսք բացվեց նաև Հայկական հարցի մասին: Գուցե ասեք՝ Հայկական հարցն ինչ կապ ունի, որ 1915-ի դեպքերն անգամ դրանից 100 տարի անց էլ Թուրքիային շարունակում ենկաթվածահար անել: Օրինակ՝ Հրանտ Դինքը, Ֆրանսիայի հետ հարաբերությունների գրեթե վերացումը՝ այդ հարցի պատճառով կամ ԱՄՆ Կոնգրեսի «ցեղասպանություն» եզրույթն օգտագործելու վախից ամեն տարի ծախսվող միլիոնավոր դոլարները… »- գրում է հեղինակը: Լրագրողն արտգործնախարարի խոսքերից հասկացել է, որ 1915թ.-ի դեպքերի 100-ամյակին ընդառաջ Թուրքիան նոր նախագիծ ունի՝ երեք քայլերից բաղկացած: «Հայերի դեմ 1915 թ-ին ոչինչ տեղի չի ունեցել ասող Թուրքիայի արտգործնախարար չկա: Ես դեպքերը ցեղասպանություն չեն համարում, սակայն ասողների ընտրությունն է: Մենք ձեր ցավը չենք ժխտում, հասկանում ենք, եկեք միասին նայենք, թե ինչ կարելի է անել: Սակայն դա չի կարող լինել միակողմանի մեղադրական լինել»,- ասել է Դավութօղլուն: Նա պնդել է, որ իրենց պատմության մեջ էթնիկ կոտորած չի եղել և այդ առումով իրենք նման չեն գերմանացիներին: «Բաժակին լիքը կողմից եմ նայում: Թեկուզ ուշացումով՝ «ձեր ցավը զգում եմ, հայերին լսելու ենք» ասելը կարևոր է: Ակնհայտ է, որ 2015-ին ընդառաջ՝ համատեղ հռչակագիր կազմելու ջանքեր կան»,- գրում է Ասլը Այդընթաշբաշը: Երկրորդ քայլը սփյուռքի հարցն է: Դավութօղլուի համոզմամբ` թուրքական սփյուռքը միայն թուրքերը չեն. այդ հողերից արտագաղթած ամեն ոք իրենց համար սփյուռք է՝ հայերը, հույները, հրեաները… Դավութօղլուն տեղեկացրել է, որ Հայկական սփյուռքի հետ այդ բանակցությունները վաղուց արդեն սկսվել են: Երրորդ ուղղությունը Հայաստանի հետ զգայուն դիվանագիտությունը: Դավութօղլուն նշել է, որ արձանագրությունները դեռ սեղանին են և «Հայերից պահանջվում է ընդամենը դուրս գալ ադրբեջանական տարածքների մի փոքր մասից»: Դրանից հետո Թուրքիայի սահմանը կբացվի, առևտուրն ու ներդրումները կսկսվեն: «Դա հայերի համար գրավիչ առաջարկ է: Թուրքերի համար, սակայն, նյութական որևէ արժեք չունի, սակայն բաժանված հոգիները, կորած ինքնությունը վերագտնելուն ուղղված մի քայլ է»,- գրում է հոդվածագիրը: «Եթե ուզում եք հայկական հարցի լուծման համար օգտակար լինել, եկեք միասին աշխատենք: Երանի արձանագրությունները կյանքի կոչվեն: Դա չստացվեց զուտ հոգեբանական գործոնների պատճառով»,- լրագրողներին ասել է Դավութօղլուն:

No comments: