Wednesday, July 4, 2012

Յասիր Արաֆաթի հագուստի ու անձնական իրերի վրա հայտնաբերվել են պոլոնիումի հետքեր

Tert.am. 4-7-2012- Շվեյցարացի փորձագետները Պաղեստինի ինքնավարության նախկին առաջնորդ
Յասիր Արաֆաթի (մահացել է 2004թ.) հագուստի ու անձնական իրերի վրա հայտնաբերել են պոլոնիում- 210 ռադիոակտիվ նյութի հետքեր: Այս մասին այսօր հայտնել է կատարական «Ալ Ջազիրա» հեռուստաալիքը: Արաֆաթի հագուստն ու իրերը, որոնք նա կրել ու օգտագործել է իր կյանքի վերջին օրերին, «Ալ Ջազիրա»-ին է փոխանցել նախկին առաջնորդի այրին: Հեռուստաալիքը, իր հերթին, դրանք ուղարկել է Լոզանի ռադիոֆիզիկայի ինստիտուտ` փորձաքննության: Ինստիտուտի տնօրեն Ֆրանսուա Բոշուն հայտարարել է, որ ուսումնասիրությունը ցույց է տվել, որ նախկին առաջնորդի անձնական իրերում, ինչպես նաև նրա արյան, մեզի և քրտինքի մեջ հայտնաբերվել է այս ռադիոակտիվ նյութի բարձր պարունակություն, որն էլ կարող էր պատճառ լինել 75-ամյա քաղաքական գործչի առողջության կտրուկ վատացման: Հաշվի առնելով այն, որ պոլոնիում-210-ի ազդեցությունը տևում է 138 օր, իսկ Արաֆաթը մահացել է մոտ 8 տարի առաջ, ապա, ըստ հեռուստաալիքի, կարելի է ենթադրել, որ Պաղեստինի ինքնավարության նախկին առաջնորդի օրգանիզմ մահվան նախօրեին ընկել է այս ռադիոակտիվ նյութի մեծ չափաբաժին: Արաֆաթին թունավորելու վարկածը սկսեց շրջանառվել դեռ 2004 թ.-ի աշնանը, երբ նրա առողջական վիճակը կտրուկ վատացավ: Սակայն ոչ մի հաստատում ոչ այն ժամանակ, ոչ էլ դրանից հետո չեղավ:

No comments: