«Լրագիր» 26-7-2012- Եվրասիական միության թեման Հայաստանի հասարակական-քաղաքական օրակարգում կարծես թե դառնալու է ավելի ու ավելի արդիական, քանի որ ներկայում նկատելիորեն նախապատրաստվում է ռուսական քարոզչական գրոհ՝ Եվրասիական միության գաղափարն առաջ մղելու համար: Այդ գրոհի համար ֆոնը կարծես թե ստեղծեց ՌԴ Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինը, ով Երեւանում հայտարարեց, թե Եվրասիական միությունը Եվրամիությանը հակադրելը կեղծ է եւ արհեստական, ու Եվրասիական միությունն ինքը Եվրամիության ինտեգրմանն ուղված կառույց է: Այդպիսով, Նարիշկինը Երեւանում ստեղծեց այն քարոզչական ֆոնը, որ պետք է “ռուսական դեսանտի” համար, որը առաջիկայում կժամանի Հայաստան եւ կփորձի առաջ մղել Պուտինի Եվրասիական միության գաղափարը: Նարիշկինի քաղաքական հայտարարությունները փորձ արեցին քարոզչական ֆոնը նախապես արգելափակել Եվրամիության հետ համեմատության, դիլեմայի փորձերից, այդպիսով փաստացի ստեղծելով միակողմանի քննարկումների դաշտ: Դա հնարամիտ քայլ է, երբ սկզբից շեշտվում է, որ այդ ամենը չի հակադրվում Եվրամիությանն ու եվրոպական ինտեգրացիային, ու հետո արդեն պարտադրվում քննարկում Եվրասիական միության դրական ու բացասական հեռանկարների մասին: Անկասկած է, որ այդ հարցում Ռուսաստանի ստրատեգիական խնդիրն է ընդամենը բացառել Եվրամիության հետ համեմատությունը: Իսկ բացառելուց հետո, եթե անգամ քննարկումներում գերակշռեն Եվրասիական միության վերաբերյալ բացասական գնահատակններն ու կասկածները, դա արդեն ՌԴ համար հոգ չէ: Դրանք կարող են լինել քարոզչական հաջորդ փուլի թիրախ, առավել եւս, որ միությունը ծրագրվում է ձեւավորված տեսնել 2015 թվականին՝ այսինքն երեք տարի անց: Մինչ այդ Մոսկվան կհասցնի Հայաստանում քարոզչական մի քանի փուլ իրականացնել եւ կամաց-կամաց “մաքրել” ընդդիմախոսությունը: Իսկ հաշվի առնելով այն, որ Հայաստանի հասարակության շրջանում՝ իհարկե նվազման միտումներով, բայց շարունակում է շատ բարձր մնալ այսպես ասած ռուսամետությունն ու խորհրդային կարոտաբաղձությունը, ընդդիմախոսությունը փուլ առ փուլ “մաքրելը” Ռուսաստանի համար թերեւս չի ներկայացնի էական դժվարություն: Առավել եւս, որ այդ գործում ՌԴ աջակից են հանդես գալու բավական ազդեցիկ ուժեր, որոնք ունեն նաեւ լրատվական եւ քարոզչական զգալի ռեսուրսներ: Օրինակ, գաղափարին եւ դրա տարածմանն ու քննարկմանը աջակցելու մասին է հայտարարել Բարգավաճ Հայաստան կուսակցությունը, որը Հայաստանում երկրորդ քաղաքական ուժն է իր ռեսուրսներով եւ ծավալով: Բարգավաճ Հայաստանի նախագահ Գագիկ Ծառուկյանը նաեւ հայ-ռուսական հասարակական կազմակերպությունների միավորման նախագահն է: Իսկ այդ միավորումը Հայաստանում խորհրդարանի ընտրություններից առաջ էր հայտնել Եվրասիական միության գաղափարի հայաստանյան տարածմանն աջակցելու պատրաստակամություն: ՀՀԿ-ն էլ ձեռնամուխ է եղել քարոզչական դաշտում Ռուսաստանին հարթակներ տրամադրելուն: Օրերս հայտարարվեց, որ ՀՀԿ-ն Երեւանում անցկացելու է համաժողով՝ Եդինայա Ռոսիայի հետ, որը նվիրված է լինելու ԱՊՀ իշխող քաղաքական ուժերի ակումբ ստեղծելուն: Կասկած չկա, որ այդ ակումբը լինելու է Եվրասիական միության քարոզչական խողովակներից մեկը: Ինչ կարող է հակադրվել այդ էքսպանսիային: Բնականաբար կլինեն փորձագիտական շրջանակներ, ովքեր կփորձեն հանրությանը հակառակ կարծիք, փաստարկ ներկայացնել, ցույց տալ գեղեցիկ հայտարարությունների ու հեռանկարների տակ թաքնված վտանգները: Հավանավար կլինի նաեւ քաղաքական ուժերի մի շրջանակ՝ Ժառանգություն, Ազատ դեմոկրատներ, Հանրապետություն, առանձին խմբեր ու գործիչներ, որոնք եւս կփորձեն ապահովել հակառակ կարծիք, փաստարկների հակադիր բազա եւ վտանգների “բացահայտում”: Առայժմ անորոշ է, թե այդ քննարկումների թեժացման պարագայում ինչ դիրք կունենա ներկայում բավական քողարկված դիրքավորում ունեցող Հայ ազգային կոնգրեսը: Շատ հետաքրքրական է նաեւ ՀՀԿ-ի դիրքը: Մի կողմից այդ կուսակցությունը հայտարարում է եվրաինտեգրացիայի խորացման, Եվրամիությանն ուղղված արտաքին քաղաքական կուրսի մասին, մյուս կողմից Եդինայա Ռոսիայի համար քարոզչական հարթակներ է ստեղծում Հայաստանում: Պարզ է, որ իշխանությունը չի կարող Ռուսաստանին կոշտ կերպով ընդդիմանալ եւ մեկընդմիշտ մերժել այդ առումով որեւէ քայլի աջակցելը: Մյուս կողմից, սակայն, հասարակական կարծիքը կարող է այս դեպքում լինել ճակատագրական, եւ Մոսկվան, օգտվելով Հայաստանում մի շարք քաղաքական խմբերի աջակցությունից, նաեւ հասարակության մեջ առկա խորհրդառուսամետ մտածողության գերիշխանությունից, կարող է այդ կարծիքի միջոցով շատ լուրջ ճնշում բանեցնել եւ թե իշխանությանը, թե նույնիսկ Եվրոպային ստիպել հաշտվել այն իրականության հետ, որ Հայաստանին եվրոպական ընտանիքում դեռ երկար հարկ կլինի սպասել՝ այն էլ հարկ կլինի սպասել միայն “ավագ եղբոր” ձեռքը բռնած, երբ նա կորոշի “փոքրին” անցկացնել փողոցը: Այդ դեպքում իհարկե Հայաստանի իշխանությանը ռիսկեր են սպասում Արեւմուտքում: Իշխանությունը Հայաստանում, արեւմտյան ռիսկերից սովորաբար պաշտպանվում էր ռուսական հովանոցով: Բայց ներկայում թե աշխարհում, թե Հայաստանում տեղի են ունենում քաղաքական ու հասարակական, ինֆորմացիոն եւ տեխնոլոգիական լուրջ փոփոխություններ, որոնք փոխում են հասարակություններին եւ օրակարգերում դնում էլիտաների վարքաբանությունը փոխելու հարցը, այդ թվում նույնիսկ արեւմտյան քաղաքակրությունում, որտեղ տարիներ առաջ թվում էր, որ այդ հարցն այլեւս երկար ժամանակահատվածով է օրակարգից դուրս: Այդ փոփոխությունների ազդեցությամբ, Հայաստանում ներկայում հասարակական նոր գործընթացներ են, որոնք արդեն ռուսական հովանոցին թույլ չեն տալիս Հայաստանում բացվել “լավագույն ավանդույթների” անաղմուկ ընթացքով: Ինչ խոսք, Եվրասիական միության գաղափարի արգելակող առաջընթացի հնարավոր հեռանկարն ամենեւին չի նշանակում, որ Արեւմուտքը կխզի կապը Հայաստանի հետ կամ կբարդացնի հարաբերությունն իշխանության հետ: Արեւմուտքն ըստ երեւույթին կշարունակի հետեւողական աշխատել Հայաստանի իշխանության հետ, հաշվի առնելով մի շարք օբյեկտիվ իրողություններ՝ վաղ եւ ոչ վաղ անցյալի պատմական հիմքով: Պարզապես Հայաստանի իշխանությունն այլեւս կդադարի դիտարկվել բարեփոխումների քաղաքականության հիմնական գործընկեր: Արտաքին առումով, ինչպես նաեւ բովանդակային իմաստով այդ բարեփոխումները կշարունակվեն ինչպես մինչ այժմ, բայց իշխանությունն այլեւս, եւ մասնավորապես Սերժ Սարգսյանը, կդիտարկվի արդեն ոչ թե բարեփոխումների քաղաքականության սուբյեկտ, այլ օբյեկտ: Իսկ այդ հանգամանքը երբեւէ չի մնում անհետեւանք, անկախ ժամանակից ու տարածությունից: ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
Thursday, July 26, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment