Saturday, July 28, 2012

Հայկական ողբերգությունն ու ՆԱՏՕ գեներալը

«Լրագիր» 27-7-2012- Պաշտպանության նախարարությունը տեղեկացրել է, որ հուլիսի 25-27-ը Հայաստանում է գտնվել ՆԱՏՕ անդամ և «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի մասնակից պետությունների զինված ուժերի ռազմաբժշկական ծառայությունների պետերի կոմիտեի նախագահ–Նիդեռլանդների ԶՈւ ռազմաբժշկական ծառայության պետ, բրիգադի գեներալ Ռոբ վան Դեր Մեյերը: Բրիգադի գեներալը հանդիպել է նաեւ Հայաստանի պաշտպանության նախարարի հետ, քննարկվել են ռազմաբժշկական ոլորտի գործակցության, փորձի փոխանակման հարցերը: ՆԱՏՕ գեներալի այցը բավական խորհրդանշական է եւ ուշագրավ: Խորհրդանշական է բնականաբար ռազմական բժիշկ Վահե Ավետյանի ողբերգական մահվան համատեքստում: ՆԱՏՕ գեներալի այցն ինչ որ առումով կարելի է նաեւ զորակցություն դիտել ՊՆ-ին, որը փաստորեն հայտնվել է մի վիճակում, երբ պարտավոր է հասնել ողբերգական դեպքի մեղավորների լիարժեք բացահայտմանն ու պատասխանատվության ենթարկելուն, բայց միեւնույն ժամանակ այդ հարցում կարող է բախվել իշխող համակարգի կարեւոր սեգմենտներից մեկի՝ օլիգարխիայի դիմադրությանը: Այդ լուռ հակադրությունն առաջացավ Վահե Ավետյանի հետ տեղի ունեցածից անմիջապես հետո, բանակը մի քանի անգամ փորձեց մատ թափ տալ մեղավորների հասցեին, բայց ներկայում կարծես թե բավական ամուր լռել է: Ուշագրավության տեսանկյունից, ՆԱՏՕ-ի գեներալի այցը դիտարկման է արժանի այլ ողբերգական իրադարձությունների ֆոնով: Այցն ուշագրավ է հայկական բանակում վերջին շրջանում արձանագրված մի քանի մահվան դեպքերի առումով: Զինվորները մահացել էին հոսպիտալում, ժամանակին չախտորոշվելու, ժամանակին բուժում չստանալու եւ հիվանդությունների խորացման հետեւանքով: Միայն 2012 թվականին արդեն եղել է մի քանի դեպք, իսկ վերջինը ընդամենը մի քանի շաբաթ առաջ էր: Այն, որ Հայաստանի զինված ուժերում ռազմաբժշկական ծառայության մակարդակը մեղմ ասած բավարար չէ, ընդունել է նաեւ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, երբ ամիսներ առաջ ռազմաբժշիկների հետ հավաքի ժամանակ բավական զայրացած խոսում էր ծառայությունից իր դժգոհության մասին: Եթե անցել են ամիսներ, իսկ միայն կես տարվա ընթացքում արձանագրվում է մահվան մի քանի դեպք՝ ժամանակին եւ բավարար բուժօգնություն չտրամադրելու հետեւանքով, ուրեմն իրավիճակը նախարարի զայրույթից հետո չի փոխվել: Խնդիրը չափազանց կարեւոր է, որովհետեւ անմիջականորեն առնչվում է բանակի մարտունակությանը. անձնակազմի ֆիզիկական առողջությունը, օպերատիվ, լիարժեք բուժօգնությունը բանակի ընդհանուր մարտունակության ամենակարեւոր բաղադրիչներից են: Այդ տեսանկյունից, ՆԱՏՕ փորձը կարող է իսկապես օգտակար լինել Հայաստանի համար: Միայն թե հարկավոր է, որ այդ փորձ ասածը չվերաբերի միայն տեխնիկական հմտություններին եւ բուժտեխնոլոգիաներին, երբ հայաստանյան հոսպիտալները կարող են համալրվել բուժսարքավորումներով, իսկ ռազմաբժիշկներից շատերն էլ մեկնել վերապատրաստման: Դա նույնպես շատ կարեւոր ու արժեքավոր է, բայց առավել կարեւոր է ռազմավարական կողմը: Իսկ դա նշանակում է մտածողություն, խնդիրների լուծման մեթոդաբանություն, աշխատանքի կազմակերպման մեթոդաբանություն, կառուցվածք: Հայաստանին առավել շատ անհրաժեշտ են փոփոխություններ այդ առումով: Եվ շատ կարեւոր է, որ ռազմաբժշկական ոլորտի գործակցությունը չսահմանափակվի, կամ առավելապես չարտահայտվի հենց նվիրատվություններով եւ վերապատրաստման ծրագրերով միայն, այլ ավելի շատ ներառի գործողություններ, որոնք կնպաստեն անձնակազմի եւ հրամանատարական կազմի մտածողության փոփոխությանը, հրամկազմի գործողությունների մեթոդաբանական փոփոխությանը, ռազմաբժշկական ծառայության կառուցվածքային, եթե հարկ է՝ կարգավիճակային փոփոխությանը, որպեսզի այդ ծառայությունն աշխատի առավել արդյունավետ: Եթե հարկ է, ապա նաեւ որոշ առումով պետք է անկախություն ապահովել զորամասերի հրամկազմից, քանի որ շատ հաճախ ռազմաբժիշկները, հատկապես զորամասի բուժծառայությունը, զինվորի առողջական վիճակի վերաբերյալ ոչ թե ինքնուրույն մասնագիտական որոշումներ է կայացնում եւ առաջնորդվում դրանցով, այլ ենթարկվում է սպաների որոշումներին: Եթե սպան որոշեց, որ զինվորը առողջ է եւ պետք է շարք կանգնի, ապա բժշկի մասնագիտական կարծիքը հաճախ մնում է երկրորդ պլանում: Ավելին, հաճախ սպաների այդ որոշումների պատճառով բժիշկները զինվորներին չեն ենթարկում անհրաժեշտ ստուգման: Մինչդեռ, թերեւս հարկ է նաեւ զորամասերում կիրառել պարտադիր պրոֆիլակտիկ, պարբերական ստուգումների պրակտիկա, ընդ որում տվյալ զորամասի հրամկազմից անկախ լիազորություններ ունեցող բուժծառայության շնորհիվ: Ակնհայտ է, որ հարցերի շրջանակը լայն է եւ պահանջում է համալիր քայլեր, ու ՆԱՏՕ հետ հարաբերության, գործակցության արժեքը կլինի հենց այն, թե համալիր գործողությունների ինչ օրինակներ, առաջարկներ, ինչ աջակցություն կարող է ստանալ Հայաստանը: Իսկ որ ՆԱՏՕ-ն ունի անհրաժեշտ եւ բավարար փորձ, եւ կամքի առկայության պարագայում այդ փորձը կարելի է արդյունավետ կերպով ներդնել հայկական զինուժում, թերեւս անկասկած է: ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments: