Wednesday, July 4, 2012

Ինչպես է ստրուկը հանձնում հաղթանակը

«Լրագիր» 4-7-2012- Այն բանից հետո, երբ Ռուբեն Հայրապետյանը հայտարարեց մանդատը վայր դնելու մասին՝ դրանից առաջ այցելելով նախագահի նստավայր, սկսեց դրսեւորվել Մաշտոցի պուրակի «ժամանակից» ի հայտ եկած ծանոթ սինդրոմը: Ավելի շուտ, այն ոչ թե դրսեւորվեց, այլ ակտիվացավ, որովհեեւ մինչ այդ էլ կար, բայց չուներ «հիմք»: Ռուբեն Հայրապետյանի հայտարարությունը եւ դրանից առաջ նախագահի նստավայր այցելելը տվեց այդ հիմքը, եւ սինդրոմը գնաց: Հանրության մի մասը համոզված է՝ թեեւ երբեմն այդ համոզվածությունը նրբանկատորեն եւ զգուշորեն փորձ է արվում թաքցնել մտահոգիչ հարցադրումների տակ, որ Հարսնաքարի դեպքից հետո սկսված հասարակական բողոքի ալիքը դառնում է կամ ծառայում որպես Սերժ Սարգսյանի PR. Սարգսյանը խթանեց Ռուբեն Հայրապետյանի դեմ բողոքի ալիքը, իսկ հետո էլ դրա վրա փորձեց կրկին այսպես ասած բարի թագավոր երեւալ: Սինդրոմը բավական տարածված է, ու թեեւ դրսեւորվում է բավական առաջադեմ եւ ազատախոհ մարդկանց կատարմամբ, այդուհանդերձ այն կարծես թե առավել բնորոշ է խորքային առումով, հոգեբանական շերտերի մակարդակում գերիշխող ստրկակական մտածողությամբ հասարակություններին: Այդ հանրույթները որեւէ կերպ չեն ուզում հավատալ, թե ունակ են ինչ որ բան պարտադրել իշխանությանը, խաղի ինչ որ կանոն, ինչ որ որոշում՝ թեկուզ միջանկյալ, թեկուզ կիսատ. «Ոնց կարող է պատահել, որ տերը հանկարծ զիջի ստրուկի որեւէ պահանջի: Չի կարող լինել այդպիսի բան: Տերը ինքն է ամեն ինչ շատ խորամանկորեն, հեռատեսորեն պլանավորում, կազմակերպում, ուղղորդում եւ իրականացնում՝ PR-ի շրջանակում»: Հենց այդ մտածողության վրա են հառնում տերերը, մնում տերերը, հարատեւում տերերը, իրար փոխարինում տերերը, իսկ քաղաքացին ոչ մի բանի տեր չի դառնում, որովհետեւ հենց նկատվում է տիրանալու փոքր իսկ նշույլ, անմիջապես արթնանում է ստրուկն ու իր ձեռքով հանձնում հաջողությունը կամ հաղթանակը տիրոջը՝ տվյալ դեպքում իշխանությանը: Որեւէ մեկը չի մտածում, որ եթե անգամ ամեն ինչ կազմակերպում եւ անում է իշխանությունը, հարկավոր է այդ ամեն ինչը շուռ տալ իշխանության դեմ ու հայտարարել, որ դա ոչ թե իշխանությունն է անում, այլ հասարակությունը ստիպում է իշխանությանը, հասարակությունն իր ակտիվությամբ պարտադրում է իշխանությանը: Փոխանակ թեկուզ փոքր, լոկալ հաջողությունները վերածվեն հասարակությանն ինքնավստահությամբ սնուցելու մեխանիզմի, առաջին իսկ ուրվագծման դեպքում հայտնվում են հասարակական «աքսակալներ», որոնք այդ ամենը սկսում են վերածել հերթական հիասթափության դոզայի՝ դուք կարծում եք այդ դու՞ք հասաք հաջողության, ոչ, միամիտ չլինեք, այդ Սերժ Սարգսյանն էր, որ բոլորիդ կրկին խաբեց: Եվ խնդիրը Սերժ Սարգսյանի համար դառնում է տոն, դառնում է PR, դառնում է հաղթանակ: Որովհետեւ, ի տարբերություն հանրային «աքսակալների» խորիմաստ հեռատեսության, Սերժ Սարգսյանն ու նրա դասը շատ պրագմատիկ, շատ կոնկրետ են մտածում. տեղի է ունեցել մի բան, որը նրանց դրել է ծանր դրության առաջ, ուրեմն պետք է անել մի բան, որ իրավիճակը շրջվի հօգուտ իրենց: Միանգամայն տրամաբանական է, որ հանրային բողոքի հոծ ալիքից հետո Սերժ Սարգսյանը պետք է փորձեր շրջել եւ լիցքաթափել իրավիճակը, ինչն էլ արվեց Հայրապետյանին հրաժարական հորդորելով կամ պարտադրելով: Որեւէ մեկի համար երեւի թե կասկած չկա, որ Սերժ Սարգսյանը դա արեց առավելապես ոչ թե համոզմունքից ու արժեքներից, այլ իրավիճակից ելնելով, որովհետեւ օրինակ գրեթե նույն պայմաններում՝ չորս տարի առաջ, նա նույն բանը չարեց մեկ այլ օլիգարխի՝ Ալրաղացի Լյովի հանդեպ: Որովհետեւ այն ժամանակ չկար հանրային դժգոհության այն ալիքը, որ եղավ հիմա: Սերժ Սարգսյանը ներկայում ստիպված արեց գոնե ինչ որ բան, տեսնելով, որ չանելը վնասելու է անձամբ իրեն, անձամբ իր իշխանությանը: Եթե հանրային բողոքի շնորհիվ չձեւավորվեր այդ իրավիճակը, Սերժ Սարգսյանը հազար տարի անց էլ Ռուբեն Հայրապետյանին հրաժարական չէր պարտադրի: Հետեւաբար, կա մի եզակի դեպք, թեկուզ փոքր սահմանով, թեկուզ ոչ հիմնաքարային, բայց տեսանելի, երբ իշխանության կառուցման կամ պահպանման տրամաբանության հիմքում հասարակության, ոչ թե օլիգարխիայի պահանջն ու կարծիքն է: Ու թվում է, որ հասարակության հաջողությունը ակնհայտ է: Ու դա հասարակության, ոչ թե Սերժ Սարգսյանի հաջողությունն է: Սերժ Սարգսյանն ընդամենը ստիպված էր գնալ այդ քայլին: Հետեւաբար հանրության հետագա գործողությունները պետք է կառուցել այդ տրամաբանության վրա, ինչից բխում է՝ հատկապես մի քանի նախադեպեր ունենալով, որ պետք է շարունակել ճնշումը իշխող համակարգի վրա, որովհետեւ խնդիրը ամենեւին էլ Ռուբեն Հայրապետյանի մանդատը չէ, այլ ընդհանրապես երեւույթը որպես իշխող համակարգ: Հասարակությունը պետք է տեսնի, որ երբ պահանջ է ներկայացնում՝ հստակ, կոնկրետ, համակարգը ստիպված է լինում առնվազն մեկ քայլ նահանջել: Միեւնույն ժամանակ պարզ է, որ խնդիրը այդ մեկ քայլը չէ, այլ համակարգի գոյությունն ընդհանրապես, որը պետք է չեզոքացվի: Առավել եւս, որ հանրությունը տեսել է նաեւ հակառակը՝ երբ ճնշումը թուլանում է, համակարգը փորձում է հետ բերել իր մեկ քայլը եւ մի բան էլ ավելի, ինչպես ցույց տվեց Գագիկ Բեգլարյանի օրինակը: Հետեւաբար, հասարակությունը պետք է ոչ թե գոհանա ձեռք բերածով, այլ հակառակը՝ շարունակել հստակ ճնշումը համակարգի վրա: Իհարկե, այդ գործում անհրաժեշտ է զերծ մնալ ավելորդ էմոցիաներից եւ էյֆորիայից, մնալ քաղաքացիական առանցքի շուրջ, չենթարկվել կուսակցական եւ քաղաքական հոսանքներին, այլ այդ հոսանքները ենթարկել քաղաքացիական պահանջին, ինչպես օրինակ եղավ հենց կոնկրետ դեպքում, երբ քաղաքական բոլոր ուժերը դրա մեջ ներգրավվեցին քաղաքացիական սկզբունքով: Հասարակությունը պետք է չնահանջի եւ պետք է շարունակի քայլ առ քայլ առաջ մղել կոնկրետ պահանջները, պահել պահանջատիրության մթնոլորտը, գեներացնել այն, ընդլայնել, խորացնել: Թող համակարգի հաջորդ նահանջը չլինի վաղը՝ լինի մեկ ամիս հետո, կամ մեկ տարի հետո, սակայն հանրությունը պետք է տեսնի՝ եւ տեսնում է, որ պահանջի դեպքում այդ քայլը հապաղում՝ բայց չի ուշանում: Ու պետք չէ հանրության «աչքերը բացելու» անվան տակ փակել տեսադաշտը Սերժ Սարգսյանի PR հաղթանակների մասին ստրկաբուխ իմաստնություններով: Սերժ Սարգսյանն իրավիճակին տիրապետում է, երբ հասարակությունն ինքը իրավիճակի բանալին կամովին հանձնում է նրա ձեռքը, ամեն ինչ վերագրելով «կազմակերպված ուղղորդմանը»: Երբ հասարակությունը ինքզինքը հայտարարում է իրավիճակի տեր, Սերժ Սարգսյանն ընդամենը ստիպված է լինելու կամ հեռանալ օլիգարխների հետեւից, կամ գնալ բացառապես հասարակության թելադրած իրավիճակի հետքերով: ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments: