Tuesday, July 3, 2012

Իրանի դեմ պատերազմի դեպքում Ադրբեջանը կարող է ԼՂ հիմնախնդիրը լուծել ռազմական ճանապարհով. Ռուբեն Սաֆրաստյան

Mardik.am. 3-7-2012- Այսօր կայացած Երևան-Մոսկվա տեսակամրջի ընթացքում ՌԳԱ Արևելագիտության ինստիտուտի գլխավոր գիտաշխատող Վլադիմիր Սաժինը հարց ուղղեց հայկական տաղավարում գտնվող հյուրերին` ինչպիսի՞ն է հայկական կողմի դիրքորոշումը Իրանի հարցի վերաբերյալ: Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը նշեց, որ Իրանի նկատմամբ պատերազմի հավանականությունը շատ քիչ է` հատկապես մինչև նախագահական ընտրություններ, քանի որ ԱՄՆ-ն այդպիսով որևէ խնդիր չի կարողանալու լուծել: Նրա խոսքով` Հայաստանում, իհարկե, անհանգստություն կա Իրանի շուրջ տեղի ունեցող զարգացումների առնչությամբ, քանի որ Հայաստանի և Իրանի միջև առևտրաշրջանառությունը կազմում է շուրջ 30 տոկոս, Իրանը հանդիսանում է Հարավային Կովկասում երաշխավորներից մեկը` իրավիճակի ապակայունացման դեպքում, Իրանը Հայաստանի այն հարևանն է, որի հետ վերջինս ունի բաց սահման և դիվանագիտական բարձր մակարդակի հարաբերություններ: Ալ.Իսկանդարյանի հավաստմամբ` Հայաստանն այն միակ երկիրն է, որին Միացյալ Նահանգները թույլ է տալիս այդպիսի փոխգործակցություն ունենալ Իրանի հետ: Թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը գտնում է, որ եթե Իրանի դեմ պատերազմ սկսվի, ապա Ադրբեջանը կարող է ԼՂ հիմնախնդիրը լուծել ռազմական ճանապարհով: Նրա պարզաբանմամբ` Ադրբեջանը ռազմական համագործակցության մեջ է Իսրայելի հետ և պատրաստ է վերջինիս իր օգնությունն առաջարկել` փոխարենը ստանալով ԱՄՆ-ի աջակցությունը Լեռնային Ղարաբաղի դեմ պատերազմում:

No comments: