Thursday, August 23, 2012

Հայաստանի հանրապետությունն ունի 3.6 միլիարդ դոլար արտաքին պարտք. ՀՀ ֆինանսների փոխնախարար

Հայաստանի Հանրապետությունն ունի 3.6 միլիարդ դոլար արտաքին պարտք, և որից մոտ 300 միլոն դոլարը պետք է սպասարկվի գալիք՝ 2013 թվականին: Այս մասին երէկ լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանը: «Գիտե՞ք, պարտք վերցնելը վատ բան չէ, և մենք կարողանում ենք բոլոր ռիսկերը հաշվարկելով՝ պարտքեր վերցնել»,-ասաց Վարդան Արամյանը: Tert.am-ի հարցին, թե ի՞նչ միջոցներով են սպասարկելու այս տարվա պարտքը, Վարդան Արամյանն ասաց, որ կրկին նոր պարտք են վերցնելու՝ սպասարկելու համար հին պարտքը: ՀՀ ֆինանսների փոխնախարարը լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ նաև գնաճին՝ նշելով, որ այս տարի գնաճը կազմում է 2-3 %, ինչը դրական ցուցանիշ է: «Նախորդ տարիների համեմատ, այս տարի գնաճը զսպվում է, և այդ մեկ-երկու տոկոսն էլ դրական ցուցանիշ է՝ նախորդ տարիների համեմատ: Ճիշտ է, մարդիկ, բնակչությունը պետք է բողոքեն, որովհետև կյանքն է բարդացել, սական դա միայն Հայաստանում չէ, այլ ամբողջ աշխարհում: Կառավարությունն անում է ամեն ինչ, որպեսզի բնակչությունը էլ ավելի թեթև ապրի, և եթե նախկին ծրագրերը չկատարվեին, այլ արդյունք կունենայինք, և այսօրվա 27 տոկոս աղքատության փոխարեն կունենայինք 50-51 տոկոս աղքատություն»,- ասաց Վարդան Արամյանը: Վարդան Արամյանը նշեց, որ առաջիկայում կատարվելու են մի շարք ծրագրեր՝ փոքր ու միջին բիզնեսի զարգացման, բիզնես վարկերի տրամադրման, նոր աշխատատեղերի ստեղծման ուղղությամբ: Ֆինանսների փոխնախարարի խոսքով՝ արտահանման ոլորտում կա որակական փոփխություններ, և եթե նախկինում Հայաստանից արտահանվում էին հանքահումքային տեխնոլոգիաներ, ապա այս տարի արտահանման մեջ զգալի աճ է արձանագրվում մրգերի, խմիչքների պարենային ապրանքների արտահանումը:

No comments: