Wednesday, September 12, 2012

Դինքի սպանության կազմակերպիչը բանտում անակնկալ նամակ է ստացել

News.am. 11-9-2012- Ստամբուլի հայկական «Ակոս» շաբաթաթերթի նախկին գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության կազմակերպման համար ցմահ դատապարտված Յասին Հայալը բանտում Յուջել Յուջե անունով մեկից նամակ է ստացել։ Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Յուջել Յուջե անունով անձը Յասին Հայալին ուղղված նամակում գրել է. «Դու այն ժամանակ Չեչնիա գնալու համար պատրաստություն էիր տեսնում։ Դու եւ Էրհան Թունջելը (Դինքի սպանության կազմակերպիչներից, ով ազատ է արձակվել-խմբ) Թաշբաշը թաղամասում գտնվող իմ խանութ շուտ-շուտ էիք գալիս գնում։ Ես ավելի շատ Էրհանի հետ էի զրուցում եւ զրույցներից մեկը ձայնագրել եմ։ Քո մասին կարեւոր բաներ էր ասում։ Մտածում եմ, որ դրանք քեզ կօգնեն»։ Նամակը կարդալուց հետո դեպքի հետ կապված Յասին Հայալը բողոք է ներկայացրել դատախազություն՝ պահանջելով հանդիպում կազմակերպել նամակն ուղարկած անձի հետ։ Յասինն այդ նամակի մասին հայտնել է նաեւ Տրապիզոնում ապրող իր ընտանիքին։ Յասինի հայրը նամակ է գրել Յուջելին, սակայն վերջինս պատասխանել է, թե այլեւս չի կարող օգնել Յասին Հայալին։ Յասին Հայալը 2004-ին պայթեցրել էր Տրապիզոնում գտնվող McDonalds-ը, որի համար կարճ ժամանակով հայտնվել էր բանտում։ Բանտից դուրս գալուց հետո Էրհան Թունջելի աջակցությամբ պետք է գնար Չեչնիա՝ պատերազմելու Ռուսաստանի դեմ, սակայն Ադրբեջանում ձերբակալվել եւ հետ էր ուղարկվել Թուրքիա։

No comments: