Monday, December 29, 2008

ՔԱՀԱՆԱՅԱԿԱՆ ՁԵՌՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Զգոյշ կացէք անձանց եւ ամենայն հօտիդ, յորում եդ զձեզ Հոգին Սուրբ տեսուչս՝ հովուել զժողովուրդս Տեառն»: (Գործք. Ի 28) Քահանայական ձեռնադրություններ Թեհրանում 2008թ. նոյեմբերի 16-ին, Թեհրանի Ս. Սարգիս եկեղեցում, Ս. Պատարագի ընթացքում, ԹՀԹ առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսյանի ձեռամբ կայացավ Հրայր սրկ. Խոսրովյանի եւ Հենրիկ սրկ. Քեշիշյանի քահանայակոչման կարգը, որոնք վերանվանվեցին Սահակ եւ Հակոբ քահանաներ: Երկու սարկավագներն էլ առ ժամանակ առաջվանից ծառայում էին Թեհրանի հայոց եկեղեցիներում, իսկ մեկ տարի առաջ մեկնել էին Անթիլիաս եւ ավարտել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության քահանայական մեկ ամյա դասընթացները: Ս. Պատարագի վերջավորության, օրվա քարոզի պահին, Սրբազան Հայրը քահանայական ծանր եւ պատասխանատու պարտականությանց մասին խոսելով, նորընծա քահանաներին հորդորեց, որ իրենց տված խոստումների համաձայն հավատարմորեն ծառայեն Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցուն եւ պայքարեն ամեն տեսակ աղանդավորության դեմ: Քահանայական ձեռնադրություն Նոր Ջուղայում 2008թ. հոկտեմբերի 26-ին, Ս. Խաչի գյուտի տոնին, Նոր Ջուղայի Ս. Ստեփանոս եկեղեցում, տեղի ունեցավ Մկրտիչ սրկ. Զարգարյանի քահանայակոչման կարգը: Տ. Խաչատուր քհն. Զարգարյանը, ծնվել է 1944թ., Փերիո գավառի Սանգիբարան գյուղում: Ավազանի անունն է Մկրտիչ: Տարրական կրթությունը ստացել է պապենական գյուղի «Պողոս Անդրիասյան», միջնակարգը՝ Նոր Ջուղայի հայոց ազգ. «Շահ Աբբաս» դպրոցներում: Այնուհետ հաճախել է Սպահանի պետական համալսարանի Հայագիտական ֆակուլտետը: Մեկ տարի կառավարել է Հայոց ազգ. գիշերօթիկը: Ապա ընտրել է ուսուցչական ասպարեզը եւ դասավանդել Թեհրանի «Քուշեշ-Դավթյան» եւ «Թունյան» հայոց ազգային դպրոցներում: Մասնակից է եղել Շահինշահրի «Սրբոց Վարդանանց» դպրոցի եւ նախակրթարանի հիմնադրմանը: Որպես Շահինշահրի համայնքի վարչության նախագահ ընտրվել է պատգամավոր եւ մասնակցել ՍՀԹ 24-րդ Պատգամավորական ժողովին: Շահինշահրից տեղափոխվելով Նոր Ջուղա վարել է ուսուցչի պաշտոն «Կատարինյան» ազգ. դպրոցում, մինչեւ հանգստի կոչվելը: Ադամակցել է Փերիո կրթասիրաց միության Կենտրոնական վարչությանը եւ զբաղեցրել է տարբեր պաշտոններ: Տասնյակ տարիներ ծառայել է նաեւ Հայ Եկեղեցուն: Մկրտիչ սրկ. Զարգարյանը, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության քահանայության թեկնածուների համար հատուկ կազմակերպվող մեկ-ամյա դասընթացները ավարտելուց հետո, 2008թ. հոկտեմբերի 26-ին, Նոր Ջուղայի Ս. Ստեփանոս եկեղեցում, Սպահանի հայոց թեմի առաջնորդ Տ. Բաբգեն եպիս. Չարյանի ձեռամբ ձեռնադրվել եւ վերանվանվել է Խաչատուր քահանա: 9 դեկտեմբեր 2008թ., Տ. Խաչատուր քհն. Զարգարյանը իր քահանայական անդրանիկ պատարագը մատուցեց Նոր Ջուղայի Ս. Աստվածածին եկեղեցում, ուր ներկա էին հոծ թվով հավատացյալներ աղոթելու արժանապատիվ տեր հոր հոգեւոր առաքելության համար:

No comments: