Wednesday, September 26, 2012

Ցեղասպանության ժխտման վերաբերյալ նոր օրինագծի մասին Ֆրանսիայում որոշում չկա. Բաղըշ

Tert.am. 25-9-2012- Թուրքիայի ԵՄ հարցերով պետնախարար Էգեմեն Բաղըշն այսօր անդրադարձել է Ֆրանսիայի կողմից Ցեղասպանության ժխտումը դատապարտող նոր օրինագծի մշակման հավանականությանը: Ինչպես տեղեկացնում է Sondakika կայքը, Բաղըշն ասել է, թե Փարիզում Թուրքիայի դեսպանատունը հետևում է իրադարձությունների զարգացմանը: Բաղըշը պնդել է, թե դեռևս նոր օրինագծի վերաբերյալ որևէ որոշում չկա: Հիշեցնենք, որ օրերս Ֆրանսիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի աջակիցներից պատգամավոր Վալերի Բուայեն հայերին խոստացել էր նոր օրինագիծ ներկայացնել: «Առայժմ հետևում ենք, թե նախագահ Ֆրանսուա Օլանդը կկատարի՞ խոստումը, թե՞ ոչ: Նա հայտարարել էր, որ օրինագիծն օրակարգ է մտցնելու, սակայն այսօր Թուրքիայի հանդեպ այլ քաղաքականություն է վարում»,- ասել էր Բուայեն: Ցեղասպանության քրեականացման մասին օրինագիծն ընդունվել էր Ֆրանսիայի Սենատի կողմից, սակայն երկրի Սահմանադրական խորհուրդն այն հակասահմանադրական էր ճանաչել: Ֆրանսիայի գործող նախագահ Ֆրանսուա Օլանդը նախընտրական քարոզարշավի ընթացքում խոստացել էր Ցեղասպանության ժխտումը քրեականացնող նոր օրենք ընդունել:

No comments: