News.am. 1-9-2012- Հայաստանը դիտարկում է Հունգարիայի կառավարության որոշումը որպես ոչ բարեկամական քայլ, որը խաթարում է Հայաստանի եւ Հունգարիայի միջեւ առկա գործընկերային լավ հարաբերությունները: Այդ մասին ասվում է Հայաստանի Արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրության մեջ: «Հունգարիայի հանրային կառավարման եւ արդարադատության նախարարությունը 2012թ. օգոստոսի 31-ին հայտարարել է հայազգի Գուրգեն Մարգարյանի սպանության համար 2004թ. փետրվարի 19-ին ձերբակալված եւ ցմահ ազատազրկման դատապարտված ազգությամբ ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովի` Ադրբեջան փոխանցումն արտոնելու մասին: Ընդունելով նման որոշում` նախարարությունը հղում է կատարել 1983թ. Դատապարտվածների փոխանցման Ստրասբուրգի կոնվենցիային: Ռամիլ Սաֆարովի փոխանցումն իրականացվել է առանց հետաձգման: Ավելին, Ադրբեջանի նախագահն արդեն հրամանագիր է ստորագրել Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելու մասին, ով արդեն ազատության մեջ է: Հունգարիայի քաղաքային դատարանը դատապարտել է Ռամիլ Սաֆարովին ցմահ ազատազրկման` հայազգի Գուրգեն Մարգարյանի սպանության համար: Սաֆարովը եւ Մարգարյանն այցելել էին Բուդապեշտ` մասնակցելու ՆԱՏՕ-ի Գործընկերություն հանուն խաղաղության ծրագրի շրջանակներում կազմակերպված լեզվի ուսուցման դասընթացներին: Հունգարիայի կառավարությունը` որպես հյուրընկալող երկիր, չի կարողացել ապահովել հայ մասնակցի անվտանգությունը իր տարածքում կազմակերպված միջազգային միջոցառմանը, ուստի երկրի իրավական հաստատությունները եւ դատարաններն արագորեն են գործել հանցագործին արդարադատության առջեւ կանգնեցնելու համար: Հայաստանի իշխանությունները Հունգարիայի կառավարությանը բազում առիթներով տեղեկացրել են Ռամիլ Սաֆարովի կողմից իրականացված սպանությունը Ադրբեջանի պետական մակարդակով` ներառյալ նախագահի, փառաբանելու եւ արդարացնելու մասին: Հունգարիայի կառավարությունը չէր կարող իրազեկ չլինել Ադրբեջանի իշխանությունների տարբեր մակարդակներում հնչեցրած բազում հայտարարություններին, որոնք պետք է որ բավարար հիմք հանդիսանային կասկածի ենթարկելու Ադրբեջանում դատավճռի իրականացման շարունակմանը: Ուստի, Հունգարիայի կառավարությունը պետք է կանխատեսեր Ռամիլ Սահիբ Սաֆարովի փոխանցման վերաբերյալ կայացրած իր որոշման հետեւանքները, որի արդյունքում արդյունավետ կերպով դադարեցվեց սպանությունը կատարած հանցագործի նկատմամբ արդարադատության իրականացումը: Հունգարիայի կառավարությունն, այսպիսով, կիսում է ծանր հանցագործության հովանավորման բարոյական պատասխանատվությունը: Հունգարիայի կառավարությունը տարբեր մակարդակներով, ներառյալ ամենաբարձր մակարդակը, հետեւողականորեն եւ մինչեւ վերջին պահը հավաստիացրել է Հայաստանի կառավարությանը, որ որեւէ քայլ չի ձեռնարկի, որի արդյունքում ահասարսուռ սպանությունը կատարած հանցագործի նկատմամբ կդադարի արդարադատության իրականացումը եւ հստակորեն բացառել է հանցագործին փոխանցելու որեւէ տարբերակ: Ցավալի է նաեւ Հունգարիայի կառավարության կողմից այս գործարքի իրականացման ձեւը: Հայաստանը դիտարկում է Հունգարիայի կառավարության վերոնշյալ որոշումը որպես ոչ բարեկամական քայլ, որը խաթարում է Հայաստանի եւ Հունգարիայի միջեւ առկա գործընկերային լավ հարաբերությունները: Այսօր Հայստանի Արտաքին գործերի նախարարությունը տեղեկացրել է Հունգարիայի արտաքին գործերի նախարարությանը երկու պետությունների միջեւ դիվանագիտական հարաբերությունները կասեցնելու` Հայաստանի կառավարության որոշման մասին»: NEWS.am-ն ավելի վաղ հաղորդել էր, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը իր հրամանագրով ներում է շնորհել 2004թ. Բուդապեշտում հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած Ռամիլ Սաֆարովին, վերջինիս Հունգարիայից Ադրբեջան տեղափոխվելուց անմիջապես հետո։ Սաֆարովին մեղադրանք էր առաջադրվել Հունգարիայի Քր.օր.-ի 166.2 (Սպանություն ծանրացուցիչ հանգամանքներում) հոդվածով: Սաֆարովը 2006թ. ապրիլի 13-ին ցմահ ազատազրկման էր դատապարտվել` առանց 30 տարի ներման իրավունքի: Հունգարիայի Վերաքննիչ դատարանը 2007թ. փետրվարի 22-ին անփոփոխ էր թողել դատավճիռը: Օգոստոսի 31-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր Հունգարիայի հետ դիվանագիտական կապերի կասեցման մասին։
Saturday, September 1, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment