Wednesday, September 12, 2012

Հունգարիայի վարչապետը խոստովանել է, որ իմացել է, թե Սաֆարովն ազատ է արձակվելու

PanARMENIAN.Net - 11 սեպտեմբերի 2012 - Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը անցած շաբաթ տեղի ունեցած փակ կուսակցական նիստում խոստովանել է, որ որոշում է կայացրել Ռամիլ Սաֆարովին արտահանձնելու մասին, թեև գիտեր, որ վաղ թե ուշ նա ազատ է արձակվելու, հայտնում է Origo.hu-ն, հղում անելով կառավարությանն ու «Ֆիդեզ» կուսակցությանը մոտ աղբյուրների վրա: Ըստ հաղորդագրության, կուսակիցներն ու խորհրդականները բազմիցս են զգուշացրել Օրբանին, որ այդ քայլը ռիսկային է, սակայն հունգարացի վարչապետը դիտարկել է այդ որոշումը որպես ժեստ ադրբեջանցիների հանդեպ՝ հետագայում նոր վարկատուներ ապահովելով Հունգարիայի բույջեի համար: Օրբանը խոստովանել է, որ գիտեր հնարավոր հետևանքների մասին, սակայն, կարծում էր, թե Սաֆարովին ազատ կարձակեն մի քանի ամիս անց, «առողջական վիճակի պատճառաբանությամբ»: Ըստ Origo.hu-ի, քաղաքական գործիչները, մեկնաբանելով ստեղծված իրավիճակը, այն անվանում են «անհաջող միջադեպ», սակայն համամիտ են վարչապետի հետ այն բանում, որ խնդիրը լուծելու լավագույն միջոցն այն անտեսելն է: 2004թ. փետրվարի 19-ին լեյտենանտ Գուրգեն Մարգարյանը Բուդապեշտում գազանաբար կացնահարվեց ադրբեջանցի սպա, ավագ լեյտենանտ Ռամիլ Սաֆարովի կողմից: Երկուսն էլ Բուդապեշտում մասնակցում էին ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում կազմակերպված անգլերեն լեզվի դասընթացներին: 2006թ. ապրիլի 13-ին մարդասպանը Բուդապեշտում դատապարտվեց ցմահ բանտարկության՝ 30 տարվա ընթացքում առանց ներման իրավունքի: Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով Գուրգեն Մարգարյանը 2005թ. փետրվարի 19-ին հետմահու պարգևատրվեց «Արիության համար» մեդալով՝ ծառայության ընթացքում դրսևորած արիության ու ինքնազոհողության համար: Օգոստոսի 31-ին Սաֆարովը Հունգարիայի կողմից արտահանձնվեց Ադրբեջանին, որտեղ անհապաղ ներում ստացավ՝ նրան շնորհվեց մայորի կոչում, նոր բնակարան, վճարվեց 8 տարվա աշխատավարձը: Ի պաստասխան Հայաստանը կասեցրեց դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ: Մինչդեռ հունգարական կողմը պնդում է, որ Բաքուն հավաստիացումներ է տվել, որ Սաֆարովը կշարունակի կրել պատիժն Ադրբեջանում, ոչ պակաս քան 25 տարի: Ըստ որոշ տվյալների Սաֆարովն արտահանձնվել է Ադրբեջանի կողմից 2-3 մլրդ եվրոյի պարտատոմսեր գնելու Բաքվի խոստման դիմաց: Պաշտոնական Բուդապեշտը դա հերքում է:

No comments: