News.am. 22-9-2012- NEWS.am-ը որոշ կրճատումներով ներկայացնում է լրագրող Թոմաս Վամպույի (Thomas Vampouille) հոդվածը, որը հրապարակվել է ֆրանսիական «Le Figaro»-ում: Չնայած որ «ձախերը» Նիկոլա Սարկոզիին մեղադրում էին Քադաֆիի կամ Ասադի այցերի համար, Ֆրանսուա Օլանդը մայիսից սկսած ընդունել է ոչ դեմոկրատական վարչակարգի մի քանի առաջնորդների: Հրաժարվե՞լ է արդյոք Ֆրանսուա Օլանդը բռնապետական վարչակարգերի նկատմամբ քաղաքականությունը փոխելու վերաբերյալ իր խոստումից: «Հանրապետության նախագահ լինել, նշանակում է բռնապետերին Փարիզ չհրավիրել»,– ասում էր նախագահի թեկնածուն 2012թ. հունվարին Լե Բուրժեի իր ճառում: Նա հիշատակում էր Սարկոզիի օրոք Մուամար Քադաֆիի եւ Բաշար Ասադի այցերը: Մի քանի ամիս անց Ելիսեյան պալատում հյուրընկալված բռնապետերի ցուցակն արդեն բավական ընդգրկուն է` Գաբոնի նախագահ Ալի Բոնգոյից եւ Սաուդյան Արաբիայի թագաժառանգից սկսած: Այդ ցուցակում վերջինն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն էր, որը երեքշաբթի պալատ էր հրավիրվել կեսժամանոց հանդիպման: Նա այնքան էլ դեմոկրատ չէ, քանի որ Ալիեւների դինաստիան, որն այդ երկրում իշխանության ղեկին է արդեն 20 տարի, ՀԿ-ների կողմից մեղադրվում է մարդու իրավունքների ոտնահարման եւ խոսքի ազատության ճնշման մեջ: Իլհամ Ալիեւը սեպտեմբերին թարմացրեց Հայաստանի հետ լարվածությունը` ներելով հայ զինծառայողի սպանության համար դատապարտված սպային: «Մեզ համար անընդունելի է, որ Ալիեւ բռնապետը կարող է այցելել Ֆրանսիա եւ հյուրընկալվել Ելիսեյան պալատում»,– երեքշաբթի օրը վրդովվել էր Հրաչ Վարժապետյանը` Հայկական հարցով ֆրանսիական բյուրոյի տնօրենն այն նույն ժամանակ, երբ 600 բողոքողներ ադրբեջանական պետության ղեկավարին դիմավորել էին հետեւյալ բառերով. «Ֆաշիստ Ալիեւ, դո`ւրս Ֆրանսիայից»: «Երբ Ֆրանսիան լուռ է, հենց այդ ժամանակ էլ նահանջում է» Հաշվի առնելով այցի նուրբ բնույթը` Ելիսեյան պալատն այդ օրը լուսանկարիչներին արգելել էր պալատ մտնել: Եւ հոգացել էր հանդիպումից հետո հայտարարություն հրապարակել այն մասին, որ «նախագահն Ադրբեջանին կոչ է արել անհրաժեշտ միջոցները ձեռնարկել Հայաստանի հետ վստահությունը վերականգնելու ուղղությամբ»: Այդ նույն զսպվածությունն ավելի ցայտուն դրսեւորվել էր 2 ամիս առաջ` հուլիսի 23-ին` Բահրեյնի թագավորի այցի ժամանակ: Հանդիպումը նույնիսկ նախագահի օրակարգում ընդգրկված չէր եղել: «Երբ Ֆրանսիան գերզգույշ է կամ լուռ, հենց այդ ժամանակ էլ նահանջում է»,– հայտարարել է նախագահը դեսպանների առաջ, օգոստոսի 27-ի իր ելույթում` ավելացնելով, որ անհրաժեշտ է ոգեւորել մարդկանց «ժողովրդավարական ձգտումները» , այդ թվում նաեւ «արաբական գարունը»: Եւ այսպես, հաղթե՞լ է արդյոք իրական քաղաքականությունը սկզբունքներին: «Դա հավերժական վեճ է մարդու իրավունքների ոլորտում անհրաժեշտ քաղաքականության եւ հավասար մակարդակով համաշխարհային առաջնորդների հետ կապերի միջեւ»,– ասւոմ է Դիդյե Բիլիոնը` Միջազգային եւ ռազմավարական հարաբերությունների հետազոտման ինստիտուտի տնօրենը: Ըստ նրա` այն, որ հանրապետության նախագահը հանդիպում է բռնապետերի հետ, խնդիր չէ: Երկու պայմանների պարագայում: «Առաջին, պետք է հետեւել, որպեսզի չվարկաբեկվի նախագահի խոսքը` ամպագոռգոռ հայտարարություններ անելով մարդու իրավունքների մասին, որոնք հերքվում են փաստերով: Բացի դրանից, վարվեցողությունն էլ իր նշանակությունն ունի. Կարելի է կազմակերպել այդ հանդիպումներն ավելի զուսպ, առանց դեկորների, որն առկա էր, օրինակ, Քադաֆիի այցի ժամանակ»: Այդ տեսակետից Լե Բուրժեում Ֆրանսուա Օլանդի կողմից արված խոստումները կարծես թե իրականացվում են. Բռնապետերին այլեւս ճոխությամբ չեն ընդունում:
Saturday, September 22, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment