Thursday, March 27, 2008

ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԴԵՊՔԵՐԻ

ՏԵՌՈՐ ԵՎ ՄԱՐԴԱՈՐՍ ԵՐԵՎԱՆՈՒՄ. ՎԿԱՅՈՒՄ ԵՆ ՑՈՒՑԱՐԱՐՆԵՐԸ
Մարտ 01, 2008

Վաղ առավոտյան` ժամը 6-7-ն ընկած հատվածում, Ազատության հրապարակում ոստիկանության աշխատակիցները եւ հատուկ ջոկատայինները հարձակվել են խաղաղ ցուցարարների վրա:
Ոստիկանների ձեռքից ճողոպրած ցուցարարները պատմում են, թե ինչպես է տեղի ունեցել այդ գործողությունը:
Գրոհը սկսվել է ամբողջական ճակատով` առանց որեւէ նախազգուշացման, հանկարծակի: Հարձակումը սկսվել է Տերյան, Թումանյան, Հյուսիսային եւ Մաշտոցի պողոտաներից, որտեղ իրար հետեւից կանգնել են ավտոբուսները, եւ զորքը դուրս է թափվել: Ցուցարարներից մեկը լսել է, որ մի հրամանատար բղավել է. «Վրա տվեք»:
Մթնշաղի այդ ժամին ցուցարարների մեծ մասը վրաններում քնած է եղել: Նրանց թիվը, իրենց իսկ վկայությամբ, հարձակվողներից մի քանի անգամ քիչ է եղել: Տվյալ պահին քնած ցուցարարները եղել են մի քանի հարյուր հոգի, իսկ հարձակվող զորքը` մի քանի հազար:
Ցուցարար տղաներից ոմանք պատմում են, որ Սպենդիարյանի արձանի ուղղությամբ գրոհող ոստիկանները իրենց կոչ էին անում վայր գցել փայտերը, որոնցով իրենք պաշտպանվում էին: Սպենդիարյանի արձանի շրջակայքում են եղել ԵԿՄ անդամների վրանները, եւ այդ կողմից գրոհող ոստիկանները հանդիպել են փոքրաթիվ երկրապահների ու քաղաքացիների դիմադրությանը:
Ամենաուժեղ գրոհը եղել է Թումանյանի արձանի կողմի մուտքից: Ժողովրդական շարժմանը մասնակցող Հատուկ գնդի մարտիկներից մեկը նկատել է, որ այդ մուտքից հրապարակ մտնողները տարբերվել են մյուսներից` նրանք եղել են սեւ հագուստով, մահակները եղել են ուղիղ, առանց բռնակի, կոթերը` կարմիր գույնի:
Գրոհողներից մի քանիսի մոտ տղաներից մեկը ավտոմատներ է տեսել: Ոստիկանները մոտ տարածության վրա սրվակներից արցունքաբեր գազ են ցայտեցրել մարդկանց դեմքերին: Զրուցակից տղաներից մեկի աչքերը մրմռում էին գազից:
Կիրառվել է նաեւ էլեկտրաշոկ: Ցուցարարների պնդմամբ` գրոհայինների մեջ նորակոչիկներ, 18-20 տարեկան երիտասարդներ չեն եղել, բոլորը մարզված, փորձված մարտիկներ են եղել: Փաստորեն, ՀՀ քաղաքացիների դեմ դուրս է եկել կազմակերպված զորք: Իսկ դեռ մի քանի ժամ առաջ, նախագահ Քոչարյանն ասում էր, որ իրավապահները բռնության չեն դիմելու:
Հայհոյանքներ տալով մասնակիցների եւ շարժման կազմակերպիչների հասցեին` գրոհող զորքը շրջել է վրանները, մահակներով ցրել խաղաղ ցուցարարներին: Մեր զրուցակից տղաները նկատել են, թե ինչպես է մի մարդու աջ քունքից առատորեն արյուն հոսում: Իսկ հենց իրենք` տղաները, վնասվածք ունեին դեմքերին, ձեռքերին:

ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԲԱՑԱՏՐՈՒԹՅՈՒՆԸ
Լեւոն Տեր-Պետրոսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում պատմեց. - «ժողովուրդը հանգիստ քնած, եկան էս հսկայական զորքով, մահակներով սկսեցին ծեծ ու ջարդ, ես էդ պահին միկրոֆոնի մոտ էի, ժողովրդին կոչ էի անում հանգստության: Սկզբից միանգամից չսկսեցին, շարք կազմեցին, կանգնեցին ժողովրդի առջեւ, կոչ արեցի, որ ոչ մի կոնտակտ ոստիկանության հետ, զսպվածություն, հանգիստ, տեսնենք` ինչ են ուզում: Բայց ոչ ոք մեզ ոչինչ չասաց, ոչինչ չբանակցեց, միանգամից սկսեցին հարձակվել ժողովրդի վրա՝ մահակներով, էլեկտրաշոկերով»:
Նրա վկայությամբ` ժողովրդի մեջ «շատ, շատ տուժածներ կան, հիմա տարբեր կողմեր ցրված են, այստեղ շտապօգնության մեքենաներ էլ կային, մի մասին երեւի արդեն տարել են հիվանդանոցներ»:
«Եղավ դիմադրություն ժողովրդից նաեւ, այդպես չէր, որ հանձնվեցին, երկու կողմից էլ գուցե կան, չգիտեմ, վիրավորներ, իսկ ինձ հարթակից հենց ամենաառաջին պահին Ռոբերտ Քոչարյանի ապահովության գնդի ... պետական պահպանության ծառայության գնդի հրամանատար Գրիշա Սարկիսյանը՝ իր մարդկանցով, փաստորեն իմ թեւերը ոլորելով ձերբակալեց, բերեց այստեղ, հենց հիմա ես ձերբակալված եմ»:
Միաժամանակ, նա հաստատեց, որ իր թիկնապահները եւս այդ ծառայությունից են. - «Իմ թիկնապահները այդ ծառայությունից են, իմ թիկնապահները ինձ պաշտպանում էին: Նրանք փայլուն կատարեցին իրենց գործը, ինձ ոչ ոք չկարողացավ բան անել, բայց ինձ բռնի ուժով հարթակից հանել են, երբ ես ժողովրդին հանգստության, հանդարտության կոչ էի անում»:
Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ իրեն ձերբակալված է համարում. - «Ոովհետեւ իմ ազատությունը սահմանափակված է, ինձ հրավիրում են դուրս»:
«Սա իմ հրավիրած հանրահավաքն է, եթե որեւէ մեկը հանցանք է գործել, կամ իրենք համարում են, որ հանցանք է գործել, դա ես եմ կազմակերպել, ինձ հետ պիտի խոսեին: Ինձ հետ չեն խոսել: Հիմա ինձ հրավիրում են դուրս: Ես ասացի՝ չեմ գնա այստեղից, մինչեւ ինձ ձեռնակապեր չհագցնեն: Պահանջել եմ, խնդրեմ, [գլխավոր դատախազ] Աղվան Հովսեփյանից սանկցիա բերեք, ձերբակալեք, տարեք: Ոչ մի փաստաթուղթ»:
«Իրավաբանորեն ձերբակալված չեք», - այս հարցադրմանը նա հակադարձեց. - «Ես ինձ հայտարարում եմ ձերբակալված: Ես չեմ դուրս գալու, այստեղից ինձ կհանեն ձեռնակապերով»:
Իսկ թե որոնք են լինելու իր հաջորդ քայլերը` Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց. - «Հստակ են. ես արդեն նախագահ եմ, մի շաբաթից սրանք կհեռանան: Այս բռնությունը աշխարհը չի ների: Չի ների: Երբ ամեն ինչ օրինական ընթացքի մեջ էր, Սահամնադրական դատարան էինք դիմել: Սա եւս մի անգամ ապացուցեց, որ ես եմ հաղթել, եւ Ռոբերտը... Սերժ Սարգսյանը ջախջախիչ պարտություն է կրել: Երեկ դիմումը կար: Ես ընտրական ընթացքի մեջ եմ, ունեմ իմ անձեռնմխելիությունը, ինչ ունեցել եմ»:
Իր աջակիցներից մի մասի վերաբերյալ նա տեղեկություններ ուներ, մի մասի վերաբերյալ` ոչ:
Ավելի ուշ Տեր-Պետրոսյանը արդեն հրապարակում չէր: Ժամը 11:00-ին նա իր առանձնատանը ասուլիս է սկսել:

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՇՐՋԱՓԱԿԵԼ Է ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՏՈՒՆԸ ԵՎ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻՆ ԹՈՒՅԼ ՉԵՆ ՏԱԼԻՍ ՄՏՆԵԼ ԱՍՈՒԼԻՍԻ
lragir [10:42], 01.03.08
Այս պահին Ոստիկանության ստորաբաժանումները շրջապատել են Լեւոն Տեր-Պետրոսյանի տունը, եւ լրագրողներին թույլ չեն տալիս գնալ ասուլիսի: Ժամը 11-ին նախատեսված է Լեւոն Տեր-Պետրոսյանի ասուլիսն իր տանը, Ազատության հրապարակում այսօր առավոտյան տեղի ունեցածի վերաբերյալ:

ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻՆ ԱՅՆՈՒԱՄԵՆԱՅՆԻՎ ԹՈՒՅԼ ՏՎԵՑԻՆ
01.03.08
Քիչ առաջ ոստիկանները լրագրողներին այնուամենայնիվ թույլ տվեցին մտնել Լեւոն Տեր-Պետրոսյանի տուն, որտեղ նախատեսված է առաջին նախագահի ասուլիսը: Հիշեցնենք, որ Տեր-Պետրոսյանի տան մոտ ոստիկանական ուժեղ հսկողություն է:
 
ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԱՍՈՒԼԻՍ Է ՏԱԼԻՍ
[10:55], Մարտ 01, 2008
Ժամը 11:00-ին Լեւոն Տեր-Պետրոսյանը մամլո ասուլիս էր հայտարարել իր առանձնատանը: Թեեւ ոստիկանները շրջափակել էին առաջին նախագահի առանձնատունը, լրագրողներին մի քանի կետերում ստուգելուց հետո, այնուամենայնիվ, թույլ են տվել մտնել: Ներկա են մոտ 40 լրագրող եւ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորները եւ ԵԱՀԿ դիտորդներ: Այս պահին առաջին նախագահը ներկայացնոմ է տեղի ունեցածի մանրամասները: Ըստ Տեր-Պետրոսյանի` օգտագործվել են մահակներ եւ էլեկտրաշոկ:

ՈՍՏԻԿԱՆԱԿԱՆ ՍՑԵՆԱՐ
«Ա1+», [10:49], 01.03.08:
Առավոտյան 6.20-ի սահմանում, երբ ոստիկանությունը ` փոքր խմբով, մոտեցել է ցուցարարներին եւ հայտարարել, որ թողնեն հեռանան, նրանց հետ է եղել իրենց օպերատորը, որը նկարահանել է այդ ոստիկանության «խաղաղասիրական քայլը»: Այդ ժամանակ մարդիկ պաշտպանվել են, եւ սաղավարտավոր ու մահակավորների օպերատորը նկարահանել է այդ իրավիճակը: Ապա երբ հարձակվել են արդեն տարբեր կողմերից եւ սկսել դաժանաբար ծեծել, օպերատորը բնականաբար արդեն դեպքի վայրում չի եղել, իսկ Ազատության հրապարակում աշխատող լրագրողցների տեսաերիզները առգրավվել են: Հենց նոր պարզ դարձավ, որ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանին ոչ միայն ծեծի են ենթարկել ու ձեռքից վերցրել ֆոտոապարատը, այլեւ բերման են ենթարկել նախ Կենտրոնի ոստիկանություն, ապա Քանաքեռի բաժին:
Իշխանության սցենարը պարզ է. փորձում են ստեղծել պատկեր, որ իբր իրենք խաղաղ կոչ են արել ցրվելու, իսկ ցուցարարները բռնությունների են դիմել ոստիկանների նկատմամբ, ինչի արդյունքում «հասարակական կարգը պաշտպանելու» նպատակով սկսել են «տարածքը մաքրել»: Բայց բազմաթիվ են ոչ միայն խաղաղ ցույցարարների ծեծի ու բռնություների դեպքերը, այլեւ պատահական անցորդների եւ սա չի կարող անկատ մնալ:

ԶՈՀԵՐ ԵՐԵՎԱՆՈՒՄ
Մարտ 01, 2008
Մարտի մեկին ժամը 10:30-11:00 հատվածում Մաշտոցի պողոտայի եւ Գրիգոր Լուսավորիչ փողոցի հատման մասում տեղի է ունեցել խաղաղ ցուցարարների եւ ոստիկանության ուժերի բախում, որի հետեւանքով զոհվել է վեց խաղաղ ցուցարար եւ մեկ ոստիկան: Չորս զինվոր վիրավոր է: Նրանցից երկուսի վիճակը բավական ծանր է:

ՖՐԱՆՍԻԱՅԻ  ԴԵՍՊԱՆԱՏԱՆ ՄՈՏ
Lragir [11:27:51], 01.03.08:
Այս պահին բավական բազմություն է հավաքվել Ֆրանսիայի դեսպանատան մոտ: Հավաքվածներն իրենց աջակցությունն են հայտնում Լեւոն Տեր-Պետրոսյանին:
Ոստիկանները մարդկանց հորդորում են ցրվել:
Ցուցարարների մոտ կանգնած մահակներով ոստիկանները կոչ էին անում ցրվել, այլապես կարող են լինել անկանխատեսելի հետեւանքներ:
Այդուհանդերձ, ցուցարարների թիվը ավելանում էր, եւ մոտ կես ժամ անց արդեն փակվել էր Գրիգոր Լուսավորչի պողոտան:
Ցուցարարների թվում կան նաեւ առավոտյան Ազատության հրապարակում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժածներ` մասնավորապես, գլխի վնասվածքներով: Նրանցից մեկը ուշագնաց եղավ, եւ նրան տեղափոխեցին հիվանդանոց:
Կեսօրին մոտ ցույցի վայր բերվեց աղբատար մեքենա, որը բեռնված էր Ազատության հրապարակից հավաքված վրաններով եւ այլ իրերով` ջարդուփշուր արված: Այդ ամենը դատարկվեց հենց ցուցացարների մոտ:

ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅՈՒՆ
Մարտ 01, 2008
Նախագահ Ռոբերտ Քոչարյանը հրամանագիր է ստորագրել` երկրում արտակարգ դրություն հայտարարելու մասին եւ մենք ստիպված ենք սահմանափակել մեր աշխատանքը:

ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է 15 ԱՆՁ
Մարտ 02, 2008
ՀՀ գլխավոր դատախազի մամուլի քարտուղարը հաղորդում է.
Օրենքով սահմանված կարգի խախտմամբ անցկացվող հրապարակային միջոցառումները դադարեցնելու վերաբերյալ պահանջներին չենթարկվելուն ուղղված կոչեր անելու եւ իշխանության ներկայացուցչի կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու կասկածանքով, ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում, 2008 թվականի մարտի 2-ի՝ ժամը 01-ի դրությամբ, ձերբակալվել է 15 անձ:
ՀՀ քաղաքացիներ Արտակ Սարգսյանը, Լեւիկ Խաչատրյանը, Մուշեղ Սաղաթելյանը, Դավիթ Առաքելյանը, Վարդգես Վայոցյանը, Մասիս Այվազյանը, Աշոտ Մանուկյանը, Դավիթ Մաթեւոսյանը, Պետրոս Շահբազյանը, Տիգրան Բաղդասարյանը, Հովհաննես Ղազարյանը, Սամվել Հարությունյանը, Իսահակ Մալխասյանը, Խաչիկ Գասպարյանը, Ավետիք Ներսիսյանը կասկածվում են ՀՀ քրեական օրենսգրքի 225 1 -րդ հոդվածի 2-րդ մասի եւ 316-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով նախատեսված արարք կատարելու մեջ:
Նախաքննությունը շարունակվում է, ՀՀ հատուկ քննչական ծառայությունը միջոցներ է ձեռնարկում դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, հանցագործություն կատարած, օրենքով սահմանված կարգի խախտմամբ հրապարակային միջոցառումներ կազմակերպած եւ դրանց իրականացմանը այլ քաղաքացիներին ներգրաված, իրենց պարտականությունները կատարող ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություններ գործադրած բոլոր անձանց հայտնաբերելու ուղղությամբ:

8 ԶՈՀ եւ 131 ՎԻՐԱՎՈՐ
Մարտ 02, 2008
ՀՀ առողջապահության նախարարության` այս առավոտ տարածած հաղորդագրության համաձայն` 2008թ. մարտի 1-ին Եր‡անի հիվանդանոցներում բժշկական օգնություն են ստացել 131 մարդ: Ընդ որում, ժամը 06:00-ից մինչ‡ 21:30 տուժածների թիվը կազմել է ընդամենը 42 մարդ, որից 14-ը զինվորականներ, իսկ 28-ը` քաղաքացիներ: Մահվան դեպքեր վերոհիշյալ ժամանակահատվածում չեն գրանցվել:
Ժամը 21:30-ից մինչ‡ 01:00 տուժածների ընդհանուր թիվը կազմել է 89 մարդ, որից 58-ը զինվորականներ, 31-ը` քաղաքացիներ:
Տուժած 72 զինվորականներից 16-ը ‡ 59 քաղաքացիներից 18-ը ստացել են հրազենային ‡ բեկորային վնասվածքներ: Հրազենային վնասվածքներից 8 մարդ մահացել է:

ՀՐԿԻԶՎԵԼ Է 36 ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑ
Մարտ 03, 2008
Մարտի 2-ին ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը տարածել է հետեւյալ հաղորդագրությունը.
Զանգվածային անկարգությունների հետեւանքով պետության եւ մասնավոր գույքին պատճառված վնասների չափերը ճշտվում են: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ իրականում մայրաքաղաքում մարտի 1-ին եւ լույս 2-ի գիշերը տեղի ունեցած անկարգությունների մասնակիցները հրկիզել են 36 տրանսպորտային միջոց` ոստիկանության 13 ավտոմեքենա, 3 ավտոբուս, մասնավոր սեփականություն հանդիսացող 13 ավտոմեքենա եւ հասարակական տրանսպորտի միջոցներից 3 տրոլեյբուս եւ 4 ավտոբուս:
Հասարակական տրանսպորտին պատճառված մյուս վնասները ճշտվում են:

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԽՈՍՔԸ 01.03.2008 ԹՎԱԿԱՆԻՆ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Մարտ 03, 2008
Սիրելի հայրենակիցներ,
Վերջին օրերին տեղի ունեցած իրադարձությունների հետեւանքով մեր ժողովուրդը ծանր կորուստներ կրեց:
Կրեց անդառնալի կորուստներ. եղան մարդկային զոհեր թե՛ ծառայողական պարտքը կատարող ոստիկանության աշխատակիցների, թե՛ մի խումբ մարդկանց ազդեցության տակ ընկած ցուցարարների շարքերում: Հարյուրավոր քաղաքացիներ են տուժել արմատական ընդդիմադիրների անօրինական գործողությունների հետեւանքով:
Այսպես կոչված «շարժման» հեղափոխական պարագլուխները հասարակական կարգը պահպանողներին ու սեփական աջակիցներին դարձրեցին իրենց անհագուրդ նկրտումների պարպման թիրախ: Այդ ամենի համար անկարգությունների կազմակերպիչներն ու հրահրողները դեռ պատասխան պիտի տան օրենքի, պատմության ու սերունդների առաջ: Ցավով եմ նշում, որ մեր հայրենակիցները դարձան որոշ մարդկանց կույր ատելության զոհը:
Այսօր ես կիսում եմ յուրաքանչյուրիդ վիշտն ու բոլորիդ մաղթում եմ կամք, ուժ եւ հոգեկան կորով` այս արհավիրքը հաղթահարելու համար:

ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱԿԱՆ ԼՈՒՍԱԲԱՆՄԱՆ ԱՐԳԵԼՈՒՄԸ ԴԵՄ Է ԵԱՀԿ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ, - ԱՍՈՒՄ Է ԵԱՀԿ ՄԱՄՈՒԼԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ
Մարտ 05, 2008
ՎԻԵՆՆԱ, 4 մարտի 2008թ. ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Միկլոշ Հարաստին այսօր կոչ է արել Հայաստանի իշխանություններին հանել անկախ լրատվական լուսաբանման սահմանափակումները, որոնք մտցվել էին մարտի 1-ից, երբ երկրում հայտարարվեց արտակարգ իրավիճակ:
Արտակարգ իրավիճակը չպետք է օգտագործվի պետության կողմից` հանրությանը տարբեր աղբյուրներից նորություններ ստանալու իրավունքից զրկելուհամար: Բազմակարծիք լրատվությունը օգնում է ապահովել իշխանությունների գործողությունների թափանցիկությունը նույնիսկ ծանր ժամանակներումե,- ասաց Հարաստին:
Նա հղում արեց մարտի 1-ին ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի Հայաստանում արտակարգ իրավիճակը մտցնելու մասին որոշմանը, որի համաձայն` ներքաղաքական լուսաբանման ժամանակ լրատվամիջոցները կարող են օգտվել միայն պատշոնական աղբյուրներից: Արդյունքում հանրությանը ներկայացվում է միայն միակողմանի լրատվություն:
Ոչ պետական լրատվամիջոցները սահմանափակված են հեռարձակելու միայն պաշտոնական նորություններ եւ ծրագրեր: Փակվել են մի քանի անկախ եւ ընդդիմադիր վեբ կայքեր, իսկ արտասահմանյան ԶԼՄ-ների ռադիոյով եւ հեռուստատեսությամբ հեռարձակումը սահմանափակված է:
Որպես բողոք առկա սահմանափակման դեմ` որոշ հիմնական հայկական թերթեր այսօր լույս չեն տեսել:
Չնայած չարտոնված ցույցերի ալիքին եւ նույնիսկ բռնության` իրավիճակի անկախ լուսաբանումը ԶԼՄ-ների օրինավոր իրավունքն է, որին Հայաստանը պարտավորվել է հետեւել որպես ԵԱՀԿ անդամե,- ասաց Հարաստին:
Բռնության հրահրման կանխմանն ուղղված առկա իրավական դաշտը պետք է բավարար լինի խոսքի ազատության իրավունքի որեւէ հնարավոր չարաշահմանը հակազդելու համար եւ չպետք է փոխարինվի կանխարգելիչ գրաքննությամբ:


No comments: