Wednesday, April 30, 2008

«ՄԵԼԳՈՆՅԱՆԸ ՊԵՏՔ Է ՎԵՐԱԲԱՑՎԻ»` ՀԱՆՈՒՆ ՍՓՅՈՒՌՔԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ

Ապրիլի 20-ին Նիկոսիայում ավարտված «Արեւմտահայերի ազգային խորհրդի կազմկոմիտեի» 6-րդ հանդիպմանը ելույթ ունենալով Լեռնային Ղարաբաղի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը խոստացել է համոզել ՀԲԸՄ-ի ղեկավարներին, որ պատմական այդ վարժարանը վերստին բացի իր դռները: «Հայաստանի ներկա հանրապետության շահերից է բխում Եվրոմիության կենտրոնում եւ Մերձավոր Արեւելքին այնքան մոտիկ բարձրակարգ նման կրթօջախ ունենալը», ասել է նա եւ շարունակել, որ «դպրոցի փակումը ազգային կորուստ կլինի»:
Հաղորդելով այս մասին, Նիկոսիայից «Ազգի» հատուկ թղթակից Մասիս Տեր-Բարթողը հավելում է, որ Անուշավան Դանիելյանը ավելի նպատակահարմար է համարել բարեկամական Կիպրոսի կառավարության բարոյական եւ նյութական աջակցությունը վայելող վարժարանի վերաբացումը, քան ՀԲԸՄ-ի առաջարկած «Մելգոնյան ամառային դպրոցի» հիմնումը մայրաքաղաք Երեւանի մոտակայքում:
Կոնֆերանս-հանդիպմանը ներկա է եղել եւ վարժարանի վերաբացմանը կողմնակից` Եվրոխորհրդի փոքրամասնությունների լեզուների խարտիան մշակող կոմիտեի անդամ դեսպան Նիկոլաս Մակրիսը:
«Կոմիտեի անդամներն ավելի ուշ այս տարի դարձյալ այցելելու են Կիպրոս, տեսնելու, թե ինչ առաջընթաց կա հայոց լեզուն այս կղզում պահպանելու գործընթացում», ասել է նա:
Վերաբացման օգտին արտահայտվել են նաեւ կրթօջախի նախկին տնօրեն, պատմաբան դոկտ. Ագապի Նասիբյան-Էքմեքջյանը, «Ազատ ձայն» ամսաթերթի գլխավոր խմբագիր Երան Գույումճյանը, Լիբանանից մանկավարժ Արմեն Ուռնեշլյանը, լրագրող եւ շրջանավարտների ասոցիացիայի անդամ Մասիս Տեր-Բարթողը եւ լրագրող-իրավաբան Մանուկ Յլդըզյանը: Կոնֆերանս-հանդիպմանը որպես դիտորդ ներկա է եղել նաեւ հայտնի քաղաքական գործիչ, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի նախկին տեղակալ Բենոն Սեւանը:
«Արեւմտահայերի Ազգային խորհրդի կազմկոմիտեն» որոշում է ընդունել մի քանի ամիս հետո դարձյալ հանդիպել քննարկելու հայոց լեզվի, պատմության եւ ազգային ժառանգությունների պահպանման կարեւորագույն հարցերը:

No comments: