Wednesday, April 30, 2008

ԱՅՍՕՐ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ՀՐԱՆՏ ԴԻՆՔԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԴԱՏԱԼՍՈՒՄԸ

Ապրիլի 28-ին Ստամբուլի դատարանում տեղի կունենա «Ակօս» շաբաթաթերթի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության գործի հերթական դատալսումը:
Ինչպես հաղորդում են թուրքական լրատվամիջոցները, դատարանի մոտ ոստիկանության աշխատակիցներն իրականացնում են անվտանգության արտակարգ միջոցառումներ:
Հիշեցնենք, որ Հրանտ Դինքի սպանության գործի նախորդ դատալսումներից մեկի ժամանակ գլխավոր մեղադրյալներից Յասին Հայալը հայտարարել էր. «Գաղափարը Էրհան Թունջելինն էր: Սպանության նախագիծը իրականացրեցինք ես, Էրհանը եւ Օգյուն Սամասթը: Էրհանը ինձ օգտագործում էր: Դարձել էինք մեր զգացմունքների գերին: Շատ եմ ափսոսում: Ես չէի կարող դեմ դուրս գալ Էրհանին: Կատարում էի նրա բոլոր ցանկությունները»:
Դատական այդ նիստի ընթացքում դարձյալ իր լկտի պահվածքով աչքի էր ընկել Յասին Հայալի փաստաբան Ֆուաթ Թուրգութը, որ վիրավորական խոսքեր էր հնչեցրել ինչպես Հրանտ Դինքի ընտանիքի, այնպես էլ նիստին ներկա գտնվող ԵՄ-Թուրքիա խորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Ջուսթ Լագենջիկի հասցեին:
«Ես շնորհակալ եմ Դինքի ընտանիքից այն բանի համար, որ բացահայտվեց մեր մեջ առկա անջատողականությունը: Եղան մարդիկ, ովքեր բացականչում էին «Մենք բոլորս հայ ենք»: Սակայն Դինքի ընտանիքը գոնե մեկ անգամ չասաց` «մենք թուրք» ենք»,- նշել էր թուրք փաստաբանը: Իսկ դիմելով Լագենջիկին` Ֆուաթ Թուրգութը նրանից պահանջել էր լքել դատարանի դահլիճը` նրան անվանելով «բրյուսելյան կաղամբ» (որոշ թուրքական աղբյուրների համաձայն` «բրյուսելյան ծաղրածու»). «Ես եվրոպացիների ներկայացուցչից` բրյուսելյան կաղամբ (բրյուսելյան ծաղրածու) Լագենջիկից պահանջեցի ազատել դատարանի դահլիճը: Սակայն նա դուրս չեկավ»,- ասել էր Յասին Հայալի փաստաբանը:
Իսկ խմբագրապետի գործի հերթական դատալսումներից մեկի ժամանակ Ֆուաթ Թուրգութը Հրանտ Դինքին նույնիսկ անվանել էր «թուրքի թշնամի»:
Մարտին Տրապիզոնի դատարանում տեղի էր ունեցել «Ակօս» շաբաթաթերթի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության գործի առնչությամբ իրենց պարտականությունների մեջ թերանալու մեղադրանքով դատարանի առջեւ կանգնած նահանգի ժանդարմերիայի երկու աշխատակիցների` Օքան Շիմշեքի եւ Վեյսալ Շահինի գործի հերթական դատալսումը, որի ժամանակ երկու ամբաստանյալներն էլ ապշեցրել էին իրենց նոր ցուցմունքներով:

Կասկածյալները մանրամասն պատմել էին, թե իրենք ինչպես են կապեր հաստատել Դինքի սպանության գլխավոր մեղադրյալներից Յասին Հայալի ազգական Ջոշքուն Իղջիի հետ, թե ինչպես է վերջինս իրենց իրազեկել խմբագրապետի սպանության մասին: Մեղադրյալներից Շիմշեքը հայտնել էր, որ այդ լուրը ստանալուն պես ինքն այդ մասին տեղեկացրել է Տրապիզոնի հատուկ ծառայության պետին` կապիտան Մեթին Յըլդըզին: Շիմշեքի վկայության համաձայն, Դինքի ծրագրվող սպանության մասին հայտնի է եղել նաեւ Տրապիզոնի ժանդարմերիայի այն ժամանակվա հրամանատար գնդապետ Ալի Օզին, անվտանգության վարչության պետ մայոր Ալի Օղուզ Չաղլարին, կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության պետ կապիտան Հյուսամեթթին Փոլաթին, ինչպես նաեւ ժանդարմերիայի եւս 7 աշխատակիցների:

No comments: