Wednesday, April 23, 2008

ԵՎՐԱԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՄԱՍԻՆ ԶԵԿՈՒՅՑԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՄԵՐԺՎԵԼ ԵՆ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԵՄԱՅԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԲՈԼՈՐ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ՍՏՐԱՍԲՈՒՐԳ, 22 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Եվրախորհրդարանի Արտաքին կապերի հանձնաժողովում Թուրքիայի մասին զեկույցի նախագծի քննարկման ժամանակ դարձյալ չի հիշատակվել «Հայոց ցեղասպանություն» արտահայտությունը: Մերժվել են այդ թեմայի կապակցությամբ զեկույցի նախագծում փոփոխություններ մտցնելու բոլոր յոթ առաջարկությունները: Ինչպես հաղորդում է «Ռադիկալ» օրաթերթը, Եվրախորհրդարանի Արտաքին կապերի հանձնաժողովը 53 կողմ եւ 2 դեմ ձայնով հավանություն է տվել հոլանդացի խորհրդարանական Ռիա Օոմեն-Ռյույտենի կողմից Թուրքիայի վերաբերյալ պատրաստված նոր զեկույցի նախագծին: Զեկույցում մասնավորապես տեղ է գտել մտահոգություն Թուրքիայի «Արդարություն եւ զարգացում» իշխող կուսակցության գործունեութունը կասեցնելու համար Սահմանադրական դատարան ներկայացված հայցադիմումի կապակցությամբ. «Սահմանադրական դատարանի որոշումը պետք է համապատասխանի իրավական պետության սկզբունքներին, Եվրոպայի ստանդարտներին եւ Վենետիկի հանձնաժողովի` քաղաքական կուսակցությունների գործունեությունները կասեցնելու հետ կապված չափորոշիչներին»,- նշվում է զեկույցում: Զեկույցում անդրադարձ կա նաեւ վերջերս թուրքական խորհրդարանի կողմից ընդունված երկրի բուհերում գլխաշոր կրելու արգելքը վերացնող օրենքին, ՔՕ 301-րդ հոդվածին, «Էրգենեքոն» կոչված ահաբեկչական կազմակերպությանը, որը զեկույցում դիտվում է որպես «հանցախումբ», եւ այլն: Զեկույցում թուրքական իշխանություններին կոչ է արվում «վերացնել Հայաստանի դեմ ուղղված տնտեսական արգելքը եւ բացել սահմանը»: Միեւնույն ժամանակ հայկական եւ թուրքական իշխանություններին կոչ է արվում «անցյալում տեղի ունեցած իրադարձությունների հարցում ապահովելով անկեղծ եւ բաց քննարկումներ` սկսել ապագայի հետ կապված հաշտեցման գործընթացը»: Նշվում է, որ զեկույցը մայիսին կքննարկվի Եվրախորհրդարանի լիագումար նիստում, որից հետո կդրվի քվեարկության:

No comments: