Thursday, April 24, 2008

ԲԱՑ ՆԱՄԱԿ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԻՆ

«Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի նկատմամբ քրեական հետապնդումը ակնհայտորեն ունի քաղաքական ուղղվածություն, եւ մենք այն դիտարկում ենք որպես մարդու իրավունքների կոպիտ ոտնահարում, խոսքի ազատության ճնշման բացահայտ դրսեւորում: Մեր այս համոզվածության հիմքը նրան առաջադրված մեղադրանքների անհամարժեքությունն է նրա ծավալած գործունեությանը: Այդ գործունեությունը` թե մասնագիտական ոլորտում, թե քաղաքական ասպարեզում, եղել է բաց եւ թափանցիկ: Մենք հասկանում ենք, որ իշխանական վերնախավին եւ հասարակության մեջ որոշակի ազդեցություն ունեցող մեծահարուստներին հաճելի չէ իրենց հասցեին լսել քննադատություններ կամ դատապարտող գնահատականներ, բայց հրաժարվում ենք համակերպվել այն իրողությանը, որ այդ քննադատությունները եւ գնահատականները հնչեցրած մեր գործընկերոջ նկատմամբ իրավապահ մարմինները հայտարարել են հետախուզում` հարուցված քրեական գործում նրան ներգրավելով որպես մեղադրյալ: Ավելին. Ձեր ուշադրությունն ենք հրավիրում այն արտառոց փաստին, որ իրավապահ մարմինները անհետեւանք են թողել մամուլում հրապարակված, բայց չհերքված տեղեկությունը, թե իշխանական ամենավերին օղակներից համապատասխան կառույցներին տրվել է Նիկոլ Փաշինյանին ֆիզիկապես ոչնչացնելու հրահանգ: Մի կողմից` ահաբեկչական սպառնալիքներից, մյուս կողմից` անհիմն մեղադրանքներից խուսափելու նպատակով «ՀԺ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը հարկադրված է թաքնվել` դա համարելով կամայական դատաստանից եւ քաղաքական հետապնդումից իրեն ապահովելու միակ միջոց: Այժմ, մարտի 1-ի ողբերգությունից ավելի քան մեկուկես ամիս անց, չնայած իբր անաչառ վարվող քննությանը, չի բարձրաձայնվում կատարված սպանությունների, ջարդարարությունների, անկարգությունների հեղինակներից գեթ մեկ իրական մեղավորի անուն: Անտեսվում է բոլոր տեսագրություններից եւ ձայնագրություններից ակնհայտ իրողությունը, որ ոչ Նիկոլ Փաշինյանը, ոչ էլ մնացած ելույթ ունեցողները ոչ միայն չեն հրահրել, այլեւ, հակառակը, շարունակ հորդորել են ժողովրդին հանդարտություն պահպանել եւ ընդամենը հարկ եղած դեպքում պատրաստ լինել ինքնապաշտպանվելու: Մենք խորապես մտահոգված ենք մեր գործընկերոջ ճակատագրով: Խորապես մտահոգված ենք նաեւ երկրում բարոյահոգեբանական մթնոլորտի առողջացմամբ: Մենք պահանջում ենք դադարեցնել քրեական հետապնդումը Նիկոլ Փաշինյանի նկատմամբ եւ հնարավորություն տալ նրան վերադառնալու իր ընտանիք` երեք մանկահասակ երեխաների մոտ եւ շարունակելու իր մասնագիտական եւ քաղաքական բնականոն գործունեությունը: «Ա1+» հեռուստաընկերության տնօրեն Մեսրոպ Մովսիսյան «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյան «Ժամանակ Երեւան» օրաթերթի խմբագիր Այդին Մորիկյան «Հայկական ժամանակ» օրաթերթի պատասխանատու Հայկ Գեւորգյան «Լրագիր» էլեկտրոնային թերթի գլխավոր խմբագիր Հայկազն Ղահրիյան «Հայք» եւ «Տարեգիր» թերթերի գլխավոր խմբագիր Վասակ Դարբինյան «Հետք» էլեկտրոնային թերթի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյան «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյան

No comments: