Monday, April 28, 2008

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ. «ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՊԱՐՏՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ ՄԵՐԺՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՊԱԳԱ ՉՈՒՆԻ»

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ուղերձով դիմել է հայ ժողովրդին: Ուղերձում ասված է.

«Սիրելի հայրենակիցներ,

Այսօր մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:

Օսմանյան Թուրքիայում պետականորեն ծրագրված եւ իրականացված եղեռնի արդյունքում հայ ժողովրդի մի հսկայական հատված բնաջնջվեց իր բնօրրանում եւ զրկվեց իր կենսատարածքից: Ոչնչացվեցին եւ այսօր էլ շարունակում են ոչնչացվել քաղաքակրթական, մշակութային եւ նյութական բազում արժեքներ, որ հայ ժողովուրդն արարել է հազարամյակներ շարունակ:

Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման եւ դատապարտման խնդիրը Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգի օրինաչափ եւ անխուսափելի մասն է: Համայն հայության հայրենիք Հայաստանն իր ջանքերը պատմական արդարության վերականգնման ուղղությամբ պետք է շարունակի բազմապատկված փութաջանությամբ: Ցեղասպանության դատապարտման հարցում մերժողականությունն ապագա չունի. հատկապես այսօր, երբ աշխարհի բազմաթիվ երկրներ իրենց ձայնն են միացրել ճշմարտության ձայնին:

Ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը հայ ժողովրդի նեղ ազգային հարցը չէ: Մարդկության դեմ կատարված ոճիրն ունի համամարդկային նշանակություն եւ հնչեղություն. ուրեմն եւ պետք է ստանա համամարդկային արձագանք: Մեր նպատակներն ընդհանուր ոչինչ չունեն վրեժի եւ թշնամանքի հետ: Անմեղ զոհերի սուրբ հիշատակը վառ պահելով հանդերձ` մենք պատրաստ ենք հենց վաղը բնականոն հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ առանց որեւէ նախապայմանի:

Սիրելի հայրենակիցներ,

Հայոց եղեռնի պատճառների եւ նախապատմության մասին շատ է խոսվել ու գրվել: Բազմաթիվ նոր փաստեր ու վերլուծություններ սպասում են իրենց հրապարակմանը, բայց մի բան պարզ էր ի սկզբանե. նման հանցագործություն հնարավոր էր իրականացնել միմիայն հայկական պետականության բացակայության պայմաններում:

Այսօր` ապրիլի 24-ին, մենք պարտավոր ենք առանձնահատուկ սրությամբ գիտակցել հայոց պետականության բացառիկ նշանակությունը: Համայն հայությունը պետք է զարգանա եւ հզորանա` փարված իր պետությանը, որը մեր ժողովրդի անվտանգության գրավականն է:

No comments: