Monday, May 12, 2008

ՀՀ նախագահի հրամանագրով` երկքաղաքացիություն է շնորհվել 188 մարդու

ՀՀ Սահմանադրության` երկքաղաքացիությունն արգելող դրույթի վերացումից եւ, Քաղաքացիության մասինե ՀՀ օրենքում համապատասխան նորմի ամրագրումից հետո ՀՀ նախագահի հրամանագրով` 188 մարդ Հայաստանում ստացել է երկքաղաքացիություն: ՀՀ ոստիկանության անձնագրերի եւ վիզաների վարչության պետ Ալվինա Զաքարյանը մայիսի 7-ին հրավիրված ասուլիսում պարզաբանել է, որ երկքաղաքացիություն չի նշանակում ունենալ միայն երկու պետության քաղաքացիություն, երկքաղաքացին կարող է ունենալ մի քանի պետության քաղաքացիություն, տեղեկացնում է Հայաստանի հանրային ռադիոն: Նախկինում նկատվել են դեպքեր, երբ ՀՀ քաղաքացիներն առանց քաղաքացիությունից հրաժարվելու գաղտնի ճանապարհով ձեռք են բերել այլ պետության քաղաքացիություն: Ա.Զաքարյանի խոսքով` քանի դեռ այդ մարդիկ օրենքով սահմանված կարգով, ՀՀ նախագահի հրամանագրով դուրս չեն եկել ՀՀ քաղաքացիությունից, նրանք բոլորն էլ մնում էին որպես ՀՀ քաղաքացիներ: Որեւէ մեկը չի զրկվել քաղաքացիությունից: Երկքաղաքացիության ամրագրումից հետո ՀՀ կառավարության հաստատած կարգով երկքաղաքացիություն ձեռք բերել ցանկացող` արտերկրում ապրող անձինք կարող են դիմել դիվանագիտական եւ հյուպատոսական ներկայացուցչություններ, ՀՀ-ում բնակվողները` անձնագրային եւ վիզաների վարչություն կամ բնակության վայրի ռեգիստր` դիմումին կից ներկայացնելով այն պետության քաղաքացու անձնագրի պատճենը, որը ձեռք են բերել առանց ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու: Նրանք ՀՀ բնակչության ռեգիստրում գրանցվում են որպես երկքաղաքացիներ: Նման 1417 անձ դիմել է եւ գրանցվել:

No comments: