«ԼՐԱԳԻՐ», 06.05.08: Ղարաբաղի պատերազմի մասնակից ջոկատների հրամանատարներից ու մարտիկներից կազմված Դաշտային հրամանատարների խորհուրդը մայիսի 6-ին Հայելի ակումբում հանդես է եկել հայտարարությամբ, ուր մտահոգություն է արտահայտել Հայաստանում տեղի ունեցած հայտնի իրադարձությունների եւ վերջին ժամանակներս տեղի ունեցող պրոցեսների կապակցությամբ:«Վերջին ժամանակներս, հայտնի իրադարձություններից հետո, Հայաստանում շարունակվում են յուրաքանչյուր մարդու քաղաքացիական իրավունքների ոտնահարումը: Մարդկանց բերման են ենթարկում, հետապնդում են եւ ձերբակալում են, ներկայացնելով անհիմն մեղադրանքներ, ստեղծելով անհանդուրժողականության եւ անվստահության մթնոլորտ:
Հետապնդվում են մարդիկ, որոնք անտարբեր չեն երկրի եւ ժողովրդի ճակատագրի համար:
Դրանց մեջ քիչ չեն նրանք, ովքեր սերը հայրենիքի հանդեպ ապացուցել են կռվի դաշտում:
Այսպիսի իրականության մեջ երկիրը չի կարող զարգանալ բնականոն հունով, ավելին` կարող ենք կորցնել այն, ինչ ձեռք ենք բերել ծանր կորուստների գնով: Սա կործանում տանող ճանապարհ է, ուստի մենք պահանջում ենք. Ազատ արձակել մեր մարտական ընկերներին եւ բոլոր քաղբանտարկյալներին, վերջ դնել մարդկանց հետապնդումներին նրանց քաղաքական հայացքների համար», ասված է Դաշտային հրամանատարների խորհրդի հայտարարության մեջ, որը Հայելի ակումբում ներկայացրել են Տիգրան մեծ ջոկատի հրամանատար Վլադիմիր Կարապետյանը, Արցախ ջոկատի հրամանատար Միքայել Ապրեսյանը եւ Ղարաբաղի պաշտպանության բանակի առաջին հրամանատար Արկադի Կարապետյանը:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment