ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: «Ֆրիդոմ Հաուս» իրավապաշտպան հեղինակավոր կազմակերպությունը երեկ հրապարակել է մամուլի ազատության 2008 թվականի զեկույցը, որում ամփոփված են 2007-ի զարգացումները: 2003 թվականից «ոչ ազատ» երկրի կարգավիճակի արժանացած Հայաստանը այս անգամ էլ նույն բացասական գնահատականն է ստացել: Ավելին, Հայաստանը նահանջ է գրանցել նույնիսկ «ոչ ազատների» ցանկում:
Զեկույցում նշվում է, որ Հայաստանի Սահմանադրությունն ու օրենքները երաշխավորում են մամուլի ազատությունը, սակայն գործնականում այդ իրավունքները վտանգված են. «Բռնությունները, իրավական հետապնդումները եւ ֆինանսական ճնշումները վնաս են հասցրել մամուլի ազատությանը»:
Մամուլի ազատության վարկանիշային զեկույցը պատրաստելու համար «Ֆրիդոմ Հաուս»-ը միավորներ է շնորհում երեք անվանակարգերում` իրավական, քաղաքական եւ տնտեսական, եւ գումարելով դրանք, որոշում է երկրի կարգավիճակն ու տեղը ընդհանուր ցանկում: Որքան բարձր է արդյունքն, այնքան վատ է կացությունը եւ ցածր են տվյալ երկրի կարգավիճակն ու տեղը ցանկում:
Վերջին զեկույցում Հայաստանի իրավական դաշտին տրվել է 21 միավոր, քաղաքականին` 25, տնտեսականին` 20: Արդյունքում ստացվել է 66 միավոր: Հայաստանը նույնքան միավորներ վաստակած Փղոսկրի Ափի, Գվինեայի, Մալդիվյան Հանրապետության, Մոլդովայի եւ Պակիստանի հետ կիսել է 144-149-րդ տեղերը:
Նախորդ տարվա զեկույցում Հայաստանը 64 միավորով Զամբիայի հետ կիսել էր 142-143-րդ տեղերը: Վերջին եւ նախորդ զեկույցների համեմատությունը վկայում է, որ տնտեսական դաշտում փոփոխություն չկա` նույն 20 միավորն է, մինչդեռ, իրավական եւ քաղաքական դաշտերում ավելացել է մեկական միավոր:
«Հայաստանում որոշակի անկումը բացատրվել է անցյալ տարվա խորհրդարանական ընտրություններին նախորդող շրջանում կառավարության կողմից վարչական լծակներ կիրառելու հանգամանքով»,- ասել է «Ֆրիդոմ Հաուս»-ի հետազոտությունների գծով տնօրեն Քրիս Ուոքերը:
Նշվում է, որ փետրվարին իշխանությունները լրամշակել են Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի կանոնակարգը: Հանձնաժողովը հռչակվել է անկախ կառույց: Սակայն, այդ անկախությունը վտանգված է, քանի որ հանձնաժողովի անդամների կեսը նշանակվում է խորհրդարանի, մյուս կեսըՆ նախագահի կողմից:
ՀՀ կառավարությունը ԱԺ-ին էր ներկայացրել երկու օրինագիծ, որոնք ծանր հարկեր են նախատեսել օտարերկրյա հեռարձակումներ իրականացնող մասնավոր ընկերությունների համար: Նշվում է, որ օրինագծերի ընդունման եւ կիրարկման դեպքում օտարերկրյա հեռարձակումները հանրային հեռուստատեսությամբ եւ ռադիոյով, ըստ էության, կդառնային անհնարին:
Թեեւ միջազգային հանրությռան ճնշումների արդյունքում այդ օրինագծերը չեն ընդունվել, այդուհանդերձ, 2007թ.-ի հուլիսին «Ազատություն» ռադիոկայանը տեղեկացվել է, որ այլեւս չի կարողանա իր ծրագրերը հեռարձակել Հայաստանի հանրային ռադիոյով:
2003թ.-ից եթերազրկված եւ կառավարության հետ իրավական պայքարի մեջ ներքաշված «Ա1+»-ը 2007-ին նույնպես հեռարձական արտոնագիր չի ստացել:
Ըստ զեկույցի, հեռարձակվող մամուլը Հայաստանում տեղեկատվության առավել կարեւոր աղբյուրն է, ուստի, փորձելով վերահսկել ինֆորմացիոն հոսքը, իշխանությունները նախ եւ առաջ թիրախ են ընտրում հեռարձակվող լրատվամիջոցները:
«Ֆրիդոմ Հաուս»-ի զեկույցում նշված է նաեւ, որ հեռարձակվող եւ տպագիր մամուլում ներկայացված է տեսակետների լայն շրջանակ, սակայն այդ դաշտը շատ քաղաքականացված է: 2007-ի մայիսի 12-ի խորհրդարանական, ապա 2008-ի փետրվարի 19-ի նախագահական ընտրություններին նախորդող շրջաններում իշխանությունները հուժկու ճնշումներ են գործադրել մամուլի նկատմամբ:
Մամուլի գործունեությունը հսկող խմբերի փոխանցմամբ, հեռարձակվող լրատվամիջոցները, որպես կանոն, իշխանամետ դիրքերից են լուսաբանել քարոզարշավները: Միաժամանակ նշվում է, որ նախորդ ընտրական շրջանների համեմատությամբ ընդդիմադիր թեկնածուների քարոզարշավն ավելի լայն է լուսաբանվել:
Մոնիտորինգի արդյունքները վկայում են, որ լուսաբանման ընթացքում նկատելի էր ընդգծված կողմնակալություն երկու հիմնական թեկնածուների հանդեպ` իշխանության կողմից առաջադրված եւ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակցությունը վայելող վարչապետ Սերժ Սարգսյանի քարոզարշավը հիմնականում դրական է լուսաբանվել, մինչդեռ, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի քարոզարշավը` խիստ քննադատական:
Նշվում է, որ Գյումրիում Լ.Տեր-Պետրոսյանի ելույթը հեռարձակած ԳԱԼԱ հեռուստատեսությունը աննախադեպ ճնշման է ենթարկվել, ինչից հետո մամուլի համար շատ բարդ է դարձել ընդդիմության թեկնածուների քարոզարշավի լուսաբանումը: Ըստ «Ֆրիդոմ Հաուս»-ի զեկույցի, ԳԱԼԱ-ում հարկային ծառայության ստուգումները եւ նրա դեմ հարուցված գործը վկայում են հեռուստակայանը փակելու փորձի մասին, որի նախաձեռնողն իշխանությունն է:
«Ֆրիդոմ Հաուս»-ը անդրադարձել է նաեւ դեկտեմբերին «Չորրորդ իշխանություն» թերթի խմբագրությանը վնաս հասցրած պայթյունին, լրագրողներին ահաբեկելու եւ ֆիզիկական հարձակումների ենթարկելու դեպքերին: Դրանք հիմնականում տեղի են ունեցել նախընտրական հանդիպումների եւ հանրահավաքների կամ իշխանությունների գործունեությունը լուսաբանելու փորձերի ընթացքում:
Նշվում է, որ 2007-ի հոկտեմբերին իրավապահները բերման են ենթարկել «Հայկական ժամանակ»-ի խմբագիր Նիկոլ Փաշինյանին եւ «Չորրորդ իշխանության» խմբագիր Շողեր Մաթեւոսյանին:
Զեկույցում ասվում է, որ զինծառայությունից խուսափելու եւ փաստաթղթեր կեղծելու մեղադրանքով 2006 թվականին դատապարտված «Ժամանակ Երեւան» պարբերականի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանը գտնվում է բանտում:
«Ֆրիդոմ Հաուս»-ի զեկույցում նշվում է, որ բացառությամբ «Հայաստանի Հանրապետություն» պաշտոնաթերթի եւ դրա ռուսալեզու տարբերակի, տպագիր մամուլը Հայաստանում մասնավոր կարգով է հրատարակվում: Դրանցից քչերն են ֆինանսապես անկախ: Թերթերի մեծ մասը կախվածության մեջ է քաղաքական շրջանակների հետ կապեր հաստատած գործարար խմբերից: Իսկ մամուլի առաքման ընկերությունները մասնավոր են եւ արդյունավետ չեն թերթերը երկրում տարածելու գործում: Հեռուստակայանների մեծ մասը եւս կամ իշխանամետ քաղաքական գործիչների, կամ էլ իշխող կուսակցության հետ կապեր ունեցող գործարարների սեփականությունն է:
Թեեւ ինտերնետի մատչելիության առումով պաշտոնական սահմանափակումներ չկան, սակայն, ինչպես նշում է «Ֆրիդոմ Հաուս»-ը, Հայաստանում ինտերնետից մշտապես օգտվողների թիվը կազմում է ընդհանուր բնակչության 6 տոկոսը:
Նշվում է նաեւ, որ մարտի 1-ի դեպքերից հետո հայտարարվել է արտակարգ դրություն եւ իրականացվել է ապօրինի գրաքննություն:
Tuesday, May 6, 2008
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment