Saturday, May 17, 2008

ՀԱՅՈՑ ԵՂԵՌՆԸ ԿԻՆՈԽՑԻԿՈՎ

«Մի ժողովուրդ խաղաղ ապրում էր իր նախնիների երկրում. մի մոլեռանդ հուդա, «վայրենացած», կոտորածից արբած, չարագուշակ մի առավոտ խուժում է նրա քաղաքները, գյուղերը եւ ծաղկածիծաղ դաշտավայրերը®Հետո մահվան ծանր լռություն, մոխրացած դաշտեր, ծխացող ավերակներ եւ հողեր, եւ այլեւս անօգուտ կիրակիներ՝ հրկիզված եկեղեցիներով»:
Անրի Վեռնյոյ


1985-ին Անրի Վեռնյոյը (Աշոտ Մալաքյան) գրեց իր «Մայրիկ» ինքնակենսագրական վեպը, որի հիման վրա 1991-92թթ. նկարահանեց համանուն ֆիլմ:
«Անրի Վեռնյոյի՝ հայոց գենոցիդին նվիրված «Մայրիկ» ֆիլմը բավական է, որպեսզի աշխարհը սիրի այդ ժողովրդին»,- ասել է ամերիկացի ականավոր կինոքննադատներից մեկը:
Սակայն համաշխարհային կինոարվեստում եւ գրականության մեջ Հայոց եղեռնի թեման արծարծվել է ավելի վաղ. դեռեւս 1919-ին ամերիկյան «Մետրո Գոլդվին Մեյեր» կինոընկերությունում ռեժիսոր Օ. Ափֆելը նկարահանել է «Հոգիների աճուրդ» («The Auction of Souls») ֆիլմը: Սա եղեռնի մասին պատմող առաջին գեղարվեստական կինոնկարն է, որի սցենարի հեղինակը եւ գլխավոր դերակատարը եղեռնից մազապուրծ Արշալույս Մարտիկյանն էր:
1929թ. ավստրիացի գրող Ֆրանց Վերֆելն այցելեց Դամասկոսի մանածագործարան, ուր աշխատում էին եղեռնից փրկված հայ որբեր՝ «տանջահար դեմքերով եւ խոշոր աչքերով»: Նրանց ճակատագիրը խորապես հուզեց հումանիստ հեղինակին, եւ 1932-33թթ. Վերֆելը գրեց իր «Մուսա լեռան 40 օրը» վեպը: Սրանից 2 տարի անց ռեժիսորներ Թալբերգն ու Մամուլյանը ձեռնամուխ եղան վեպի էկրանացմանը, սակայն նկարահանումներն ընդհատվեցին Թուրքիայի կառավարության բողոքի հետեւանքով: Եվ միայն 1981-ին ամերիկահայ ռեժիսոր եւ պրոդյուսեր Քյորքշյանին հաջողվեց էկրանացնել երկը: ԱՄՆ-ում է ստեղծվել նաեւ ռեժիսորական խմբի կողմից նկարահանված «Մի հայի օրագիրը» («Diary of an Armenian») գեղարվեստական ֆիլմը: Հայոց ցեղասպանության թեմային վերաբերող վերջին տարիներին նկարահանված ուշագրավ ֆիլմերից են Ա. Էգոյանի «Արարատը» եւ Ռ. Քեշիշյանի «Արամը»:
Քիչ չեն նաեւ Եղեռնի մասին պատմող վավերագրական ֆիլմերը: Դրանցից են Ռոսսի «Հայկական ջարդերը» («The Armenian Masscress», 1988թ.), Հակոբյանի «Ո՞ւր է իմ ազգը» («Where is My People», 1964թ.), Թուխանյանի «Ազգի սիրտը» («The Heart of Nation», 1971թ.), Չիլճյան-Տոնոյանի «Աղոթեցեք հայերի հետ» («Prayed With Armenians») ժապավենները:
1982-ին Թուխանյանը ԳՖՀ-ում նկարահանեց Սողոմոն Թեհլիրյանին նվիրված «Առաքելություն ի Բեռլին» գեղարվեստական կինոնկարը: Հայոց եղեռնի մասին պատմող գեղարվեստական ու վավերագրական ֆիլմեր են ստեղծվել Կանադայում, Շվեդիայում, Իրանում:
Թուրքական կառավարության «ջանքերով» եւս նկարահանվել են 1915-ի դեպքերին «առնչվող» ֆիլմեր, որոնցում, սակայն, ոչ թե պատմվում է Հայոց եղեռնի, այլ «թուրք ժողովրդի ազգային-ազատագրական պայքարի» մասին՝ «Հաղթանակի ճամփաներով», «Լեռնային լեգենդ», «Արյուն քարի վրա», «Այրվող շապիկ», «Ազգն արդեն արթնանում է», «13 հերոս», «Զուլում»: Վերոհիշյալ ֆիլմերում որպես «փաստացի ապացույց» օգտագործվել է հայերի ցեղասպանության անմիջական կազմակերպիչների թողած «գրական ժառանգությունը»՝ Թալեաթի «Իմ հիշողությունները», Ջեմալի «Հուշերը», «Միություն եւ առաջադիմություն» կուսակցության (երիտթուրքեր) 2-րդ քարտուղար Շյուքրյու Բլեդի «Կայսրության կործանումը»: Վկայակոչելով ԱՍԱԼԱ-ի (Հայաստանի ազատագրության հայկական գաղտնի բանակ)՝ թուրք պաշտոնատար անձանց դեմ ուղղված գործողությունները՝ թուրքերն իրենց էկրանացումներում փորձում են հայերին ներկայացնել որպես համաշխարհային ահաբեկչության նախակարապետներ: Մինչդեռ Մադրիդում «հայ ահաբեկիչների զոհը դարձած» իսպանացի գրող Խոսե Անտոնիո Գուրիարանը «հանկարծ» դառնում է ջերմ հայասեր: Պատահաբար վիրավորվելով 1982-ին ԱՍԱԼԱ-ի անդամների պայթեցրած ռումբից՝ գրողն ուսումնասիրում է հայ ժողովրդի պատմությունը, մասնավորապես 1915-ի Մեծ եղեռնը, եւ իր համար հայտնաբերում քաղաքակիրթ մի ժողովուրդ, որը հազարավոր տարիներ ապրել է Հայկական բարձրավանդակում, ապա իր կամքին հակառակ սփռվել աշխարհով մեկ: «Եվ անուշադրության մատնված համաշխարհային հանրության կողմից՝ հայերը որոշել են դիմել այդ քայլին՝ Հայկական հարցի նկատմամբ ուշադրություն գրավելու եւ Հայոց ցեղասպանությունը ճանաչել տալու նպատակով»,- գրում է Գուրիարանը: Նա գտնում է, որ անգամ «թաքցված ռումբը պետք է մի օր պայթի», ինչպես որ «պայթեց հայերի համբերությունը: Այս մտորումներով է հագեցած իսպանացի գրողի «Ռումբը» վավերագրական վեպը, որը, կարծում ենք, պոտենցիալ կինոսցենար է:

ԻՐԻՆԱ ՍՏԵՓԱՆՅԱՆ
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողուհի

No comments: