Saturday, May 17, 2008

ՀԱՅԵՐԸ եւ ԹՈՒՐՔԵՐԸ ԹԵՀՐԱՆԻ 21-ՐԴ ԳՐՔԻ ՄԻԱՋԱԶԳԱՅԻՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍՈՒՄ

Թեհրանի սրտում կազմակերպված գրքի միաջազգային ցուցահանդեսն այս տարի, թեեւ արդեն դասական, բայց լրիվ մի նոր շունչ բերեց ծխի առատությունից տանջվող մայրաքաղաքին, նրա ծանր երթեւեկությանը եւս մի նոր բեռ պարտադրելով հանդերձ:
70 երկրներից 2700 հրատարակչության ներկայությունը, նոր հրատարակված գրքերի առատությունը եւ անցյալ տարիների համեմատ ավելի դյուրահաս ճամբի վրա լինելը, 30 տոկոսով բարձրացել էր այս տարվա ցուցահանդեսի այցելուների թիվը, որն, իհարկե, դժվարացնում էր այցելուների գործը՝ գրքերին հանգիստ ծանոթանալը:
Ցուցահանդեսի հենց մուտքից այցելուների թվաքանակը աչք է ծակում ու մի պահ մտածում ես՝ այս մեծ բազմության ներկայությամբ, քանի՞ ժամում կկարողանաս այցելել բոլոր տաղավարները… վստահաբար, մի օրը չի բավարարելու:
Սակայն մեր այսօրվա այցելության նպատակը այլ է: Մենք ուզում ենք գտնել հայկական եւ թրքական տաղավարները: Հայաստանյան հրատարկչությունները այստեղ ներկայություն չունեն, փոխարենը Հայաստանի Հանրապետության դեսպանությունը ունի իր հատուկ տաղավարը: Իսկ իրանահայ միակ հրատարկչությունը՝ «Նայիրի»-ն իր աշխույժ մասնակցությամբ, գրեթե ոչնչով չի զիջում օտարներին: (Այս մասին կարդացեք «Արաքս»-ի առաջիկա համարում):
Թրքական եւ ադրբեջանական հրատարակչություններն էլ այնպես որ պիտի այստեղ ներկայություն չունեն եւ նրանց կողմից էլ դեսպանություններն են ներկա:
Ադրբեջանի դեսպանության տաղավարում հակահայկական քարոզչությունը սկսում է Խոջալուի սուտ ցեղասպանության մասին գրված հաստափոր գրքով եւ շարունակվում կեղծ պատմության գրքերով եւ իհարկե նաեւ խոսքերով:
Իսկ Թուրքիայի տաղավարի խոսնակ պարսկուհի Մահնազ Ռաջաբին, որն ի միջի այլոց դեսպանատան թարգմանիչն է, մեզ ասաց, որ «Սա 4-րդ անգամն է, որ Թուրքիայի դեսպանությունը մասնակցում է գրքի ցուցահանդեսին»: Իրենց տաղավարի գրքերի բովանդակության մասին օր. Ռաջաբին ասաց, որ նրանք հիմնականում գրականություն, արվեստ եւ պատմություն են, իսկ Հայոց ցեղասպանության վերաբերյալ, ըստ իրեն, որեւէ բան չկա:
Մենք ստուգելու հնարավորություն չունեինք, իսկ ինքը գոնե երկու անգամ շեշտեց, որ «Հայոց ցեղասպանության մասին որեւէ տեղեկատվություն անգամ չկա»:
Համենայնդեպս, նույնիսկ գրքի ցուցահանդեսում թրքությունն իր գործն անում է: Տասնօրյա ցուցահանդեսի ընթացքում թուրք եւ ադրբեջանցի երիտասարդ ներկայացուցիչները իրենց փոքրիկ դրոշները ձեռքերում խաղացնելով եւ ցուցադրական շարժումներով անցնում էին հայկական տաղավարների կողքից...

Հայաստանի դեսպանության տաղավարում մթնոլորտը այլ էր: Այստեղ հատուկ մտերմություն էր տիրում: Այն կառավարում էին ԹՀ «Համալսարանական» միության անդամուհիներից մի քանիսը, որոնք համբերատար ու ժպտերես պատասխանում էին այցելուների հարցերին:
Իսկ տաղավարի ընդհանուր պատասխանատուն ՀՀ դեսպանության դեսպանորդ եւ լիազոր նախարար պրն. Գրիգոր Առաքելյանն էր, ում հետ զրույցի նսեցինք որոշ մանրամասեր պարզելու համար, որը ներկայացնում ենք ընթերցողի ուշադրությանը:
- Պրն. Առաքելյան խնդրում ենք բացատրեք ցուցահանդեսում դեսպանության մասնակցելու մասին:
- Սիրով, արդեն երկրորդ տարին է, որ ՀՀ դեսպանությունը մասնակցում է Թեհրանի գրքի միաջազգային ցուցահանդեսին: Բնականաբար, առաջին տարում փորձը բավականաչափ մեծ չէր եւ թերությունները ավելի շատ էին, սակայն այս տարի, հաշվի առնելով նախորդ տարվա փորձը, ավելի կազմակերպված բնույթ է կրում: Իսկ մեր տաղավարի տարբերությունը մյուս տաղավարների հետ այն է, որ մեզ մոտ ցուցահանդես-վաճառք չէ, այլ գրքերը միայն ցուցադրվում են:
Մենք այստեղ ուսումնասիրում ենք նաեւ պահանջարկը՝ թե ինչպիսի պահանջարկ կարող է գոյություն ունենալ, որի հիման վրա մյուս տարի ասենք ավելի լայն ծավալներով կարողանանք ներկայանլ:
- Պրն. Առաքելյան, ի՞նչ թեմաներ են շոշափում ՀՀ դեսպանության տաղավարում ցուցադրած գրքերը:
- Մեզ մոտ տարբեր բաժիներ կան: Կա պատմության բաժին, որն ամենամեծն է, կա նաեւ գրականության, արվեստի եւ մշակույթի բաժիներ:
Սակայն այցելուներին ավելի շատ հետաքրքրում է տուրիստական եւ ուսումնական հարցերը, հիմնականում հարցնում են, թե Հայաստանում ինչ հնարավորություններ կան սովորելու համար եւ այլն: Մենք տեղեկացնում ենք, որ կարող են այցելել ՀՀ դեսպանություն եւ ստանալ համապատասխան տեղեկություններ այդ հարցով, այստեղ զուտ ցուցահանդես է:
Անշուոշտ նաեւ մենք օգտագործել ենք ցուցահանդեսի ընձեռնած հնարավորությունները եւ որոշ քարոզչական աշխատանքներ է տարվել կապված Հայոց ցեղասպանության, Ղարաբաղի հարցի, սումգայւթյան իրադարձությունների վերաբերյալ ու նաեւ այն ստերի դեմ, որ ադրբեջանցիները փորձում են տարածել իրենց իսկ տաղավարի միջոցով: Փորձում ենք ինչ-որ ձեւով հավասարակշռել այն աշխատանքներին, որ ադրբեջանցիներն են կազմակերպում:
- Հայոց ցեղասպանության վերաբերյալ ի՞նչ գրականություն է ցուցադրվել այստեղ:
- Ընդհանրապես, բոլոր այն հեղինակները, ովքեր այս կամ այն կերպ անդրադարձել են Հայոց ցեղասպանությանը, անկախ նրանց գտնվելու վայրից՝ Հայաստանում են, թե Սփյուռքում, նրանց հեղինակած գրքերի թե՛ հայերեն բնագրերը եւ թե՛ թարգմանված տարբերակները այստեղ ցուցադրվում է:
- Ձեր կարծիքով, ինչպե՞ս է եղել ժողովրդի կողմից ընդառաջումը:
- Ես կասեի, որ բավականին մեծ ընդառաջում կա: Եվ նույնիսկ ինչ-որ տեղ զարմանալի է, որ ինտերնետի եւ կոմպիոտերի դարաշրջանում այսպիսի ներխուժում կա բոլորի կենցաղում: Իսկ մեր՝ Հայաստանի տաղավարի նկատմամբ ընդառաջումը եւ ուշադրությունը, ինչպես մյուս տաղավարների պարագայում, մեծ է, որը ուրախացնում է:
- Ի՞նչ հնարավորություններ ընձեռնվեց Ձեզ ցուցահանդեսին մասնակցելու համար:
- Մինչեւ մասնակցությունը արդեն ասվել էր, որ բոլոր տեսակի հնարավորություններ տրվելու է մեզ: Մեզ խոստացան, որ տաղավարի համար ձրիաբար տարածք կտրամադրվի եւ այդպես էլ եղավ, հակառակ այն բանի, որ մյուս տաղավարները վճարովի հիմունքներով է: Մեզ ավելի մեծ տարածք էին հատկացրել, որ մի մասը մենք վերադարձրեցինք, քանի որ մեր ցուցադրական հնարավորությունները ավելի սահմանափակ էին:
- Ձեր կողմից ցուցադրված գրքերը որոշակի հրատարակչության են պատկանում:
- Ոչ: Մեզ մոտ ներկայացվել են հայկական տարբեր հրատարակչությունների գրքեր, անկախ նրանից թե պետական են, կիսապետական, թե մասնավոր:
- Շնորհակալություն շահավետ զրույցի համար:
- Խնդրեմ, ես էլ եմ շնորհակալ:

Զրույցը վարեց՝ Ժ. Ամիրյան

No comments: