Tuesday, May 6, 2008

ՀՀ պատգամավորները դեմ են քվեարկել ԼՂՀ-ի ճանաչման մասին օրինագծի ընդգրկմանը ՀՀ խորհրդարանի օրակարգում

Ապրիլի 28-ին Հայաստանի խորհրդարանը հրաժարվել է օրակարգում ընդգրկել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման մասին» օրինագիծը, որ ներկայացրել էր «Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:
Օրակարգում օրինագծի ընդգրկմանը դեմ է քվեարկել 64 պատգամավոր, կողմ՝ 15;
Անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի խոսքերով, հարցն օրակարգում չընդգրկելը կարող է նշանակել, որ հայ խորհրդարանականները դեմ են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչմանը, «ինչը ձեռնատու է թշնամիներին»: Նրա խոսքերով, այդ հարցն անհրաժեշտ է ներառել օրակարգում, քանի որ այն բավականին կարեւոր է եւ այդ դեպքում հնարավոր կլինի քննարկել օրինագիծը ցանկացած պահի:
Արտաքին հարաբերությունների գծով խորհրդարանական հանձնաժողովի ղեկավար Արմեն Ռուստամյանն իր հերթին հիշեցրել է, որ երկրի արտաքին քաղաքականությունը որոշում է երկրի նախագահը: Ըստ նրա, իր գլխավորած հանձնաժողովը հուսով էր, որ այդ հարցը կքննարկվի նախագահի աշխատակազմում կամ ԱԳՆ-ում, սակայն այդպես չեղավ: Այդ պատճառով հանձնաժողովը դրական եզրակացություն չի կազմել քննարկվող օրինագծի վերաբերյալ:
Իսկ ըստ ԱԺ խոսնակ Տիգրան Թորոսյանի, Հայաստանի համար կարեւոր է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչումը, քանի որ երկրում հազիվ թե գեթ մեկ հոգի գտնվի, որ դեմ լինի ԼՂՀ-ի ճանաչմանը՝ կոչ անելով ոչնչից մեծ աղմուկ չբարձրացնել: «Ամեն ինչ իր ժամանակն ունի»,-նշել է Թորոսյանը՝ հավելելով, որ անհրաժեշտության դեպքում «մենք 7 րոպեում կհավաքենք պատգամավորների անհրաժեշտ քանակը եւ կանցկացնենք օրինագիծը»:
Միեւնույն ժամանակ, Հայաստանի խորհրդարանը շարունակեց «Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին» հայտարարության նախագծի քննարկումը, որ առարջարկել էր խոսնակը: Փաստաթղթի նախագծում նշվում է, որ ՀՀ խորհրդարանը «միջազգային իրավունքի տեսակետից անվիճելի եւ անթերի է համարում» Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը եւ ընգծվում է, որ «անհապաղ հարկավոր է այդ սկզբունքը կիրառել խնդրի կարգավորման գործընթացում», հաղորդում է «Ռեգնումը»:

No comments: