Tuesday, May 6, 2008

ԻՆՉՈ՞Ւ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՉԻ ԿԱՆԳՆԵՑՎԵԼ ԿԱՐԵՆ ԴԵՄԻՐՃՅԱՆԻ ԱՐՁԱՆԸ

«1999 թվականի դեկտեմբերի 27-ին Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել ՀՀ ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի հիշատակը հավերժացնելու վերաբերյալ եւ այդ հրամանագրում նկատի ունենալով նրա մեծագույն ծառայությունները հայ ժողովրդին, որոշվել է Երեւան քաղաքում կանգնեցնել Կարեն Դեմիրճյանի արձանը»,- այսօր Ազգային ժողովում իր ելույթի ժամանակ ասաց անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանն ու հավելեց, որ թեեւ այդ որոշումից անցել է 9 տարի, բայց «ցավոք, այդ հրամանագիրը չի իրականացվել»: Նա դա համարեց անթույլատրելի ու դատապարտելի երեւույթ թե քաղաքական, թե բարոյական, եւ թե մարդկային տեսանկյունից: «Դիմում եմ ՀՀ կառավարությանը, որպեսզի իրականացվի ՀՀ նախագահի հիշյալ հրամանագրի այն դրույթը, ըստ որի, Երեւան քաղաքում Մաշտոցի պողոտայի համապատասխան հատվածում, որտեղ տեղադրված է հուշաքար, տեղադրվի նրա արձանը: Սա միանգամայն արժանի քայլ կլինի այն ավանդին, որն ունեցել է Կարեն Դեմիրճյանը մեր ժողովրդի կյանքում»,- ընդգծեց պատգամավորը:

No comments: