«ԼՐԱԳԻՐ», 02.05.08: Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, մայիսի 2-ին ելույթ ունենալով համաժողովրդական շարժման երկրորդ կոնգրեսի առաջ, հայտարարել է, որ Ադրբեջանը թող չփորձի մտածել, որ Հայաստանում առկա քաղաքական գործընթացներից, անօրինական իշխանության դեմ համաժողովրդական պայքարի հանգամանքից կարող է օգտվել եւ հաջողություն փնտրել հայ-ադրբեջանական շփման գոտում: Լեւոն Տեր-Պետրոսյանը նշել է, որ ագրեսիայի վտանգի դեպքում, եթե Ադրբեջանն իրապես փորձի գնալ նման քայլի, ինքն անձամբ հանդես կգա ժողովրդին ուղղված կոչով, որպեսզի համաժողովրդական շարժման համախոհները ժամանակավորապես դադարեցնեն իրենց պայքարը եւ միասնաբար լծվեն հայրենիքի պաշտպանության գործին: Դա Լեւոն Տեր-Պետրոսյանն ասել է ի պատասխան նաեւ իշխանական քարոզչության այն մեղադրանքների, թե իբր ընդդիմությունը ջուր է լցնում ադրբեջանական ջրաղացին: Առաջին նախագահը հայտարարել է նաեւ, որ եթե վերսկսվի պատերազմը, ապա հայրենիքի պաշտպանության առաջին ճակատում հաստատաբար կլինեն այն անձինք, որոնք ներկայում ենթարկվում են քաղաքական հետապնդման ու գտնվում են բանտերում:
Լեւոն Տեր-Պետրոսյանը նշել է, թե համաժողովրդական շարժման նպատակն է ոչ միայն ուղղորդել հասարակության քաղաքական, այլ նաեւ սոցիալական բողոքը, իսկ նկատի ունենալով, որ տեղի է ունենում սպառողական ապրանքների տոտալ թանկացում եւ մեծ է սոցիալական բունտի հավանականությունը, Լեւոն Տեր-Պետրոսյանը ասում է, որ շարժման նպատակը պետք է լինի կանխել հնարավոր սոցիալական բունտը, որը կարող է վնասել թե հասարակությանը, թե պետությանը:
Tuesday, May 6, 2008
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment