Saturday, May 17, 2008

ՄԻԺԻ-ի ՈՒՂԵՐՁԸ

Հարգելի ընթերցող.
«Արաքս»ը այս համարում հրատարակում է «Մարդու իրավունքների եւ ժողովրդավարության ինստիտուտ»ի՝ (ՄԻԺԻ) 21 ապրիլի ուղերձը, առ ի տեղեկություն եւ մտքերի փոխանակում:


ԸՄԲՈՍՏԱՑՈՒՄԸ մարդու եւ ազգի ԻՐԱՎՈՒՆՔՆ Է. ամեն պահի եւ հարաճուն, եւ հանուն մարդկային ու ազգային հիմնական արժեքների


ՄԻԺԻ-ն, ի հետապնդումն իր կողմից հրապարակված ս.թ. մարտի 1-ի ժամը 18.00-ի ԿՈՉ-ի (տես` www.idhr.am) եւ զանազան ուժերի հետ ցայժմ ունեցած իր հանդիպումների, ներկա ուղերձն է ուղղում հիմնականում ՀՀ իշխանություններին, ընդդիմությանը եւ բովանդակ հայ ժողովրդին.


Մարտի 1-ի վաղ առավոտյան իրադարձությունները, երբ իշխանության կողմից բռնություն կիրառվեց Երեւանի Ազատության հրապարակում գտնվող խաղաղ ցուցարարների նկատմամբ, եւ դրան հետեւած մարտի 1-ի եւ 2-ի կամայականությունները, որն ըստ պաշտոնական տվյալների թողեց 10 զոհ եւ տասնյակ վիրավորներ ու ձերբակալվածներ, մեծ ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ են եւ հայ մարդուն ու հայոց պետությանը խոցող վտանգավոր հիմարություն: Տեղի ունեցածը ՈՐԵՎԷ ԿԵՐՊ չի կարելի ԱՐԴԱՐԱՑՆԵԼ, մանավանդ ազգային եւ պետական անվտանգության անվան տակ, քանզի արվածը եւ հետեւանքները հիմնականում ՀԱՐՎԱԾՆԵՐ ԷԻՆ հայ մարդու, ազգի ու պետության ԳԼԽԱՎՈՐ ՇԱՀԵՐԻ` ՍՏԵՂԾԱԳՈՐԾ ԳՈՅՈՒԹՅԱՆ ու հզորացման դեմ:

Եթե որեւէ քաղաքական իշխանության օրինականությունը/լեգիտիմությունը թույլ ու խոցելի է եւ նա չի վայելում իր ժողովրդի, մանավանդ քաղաքական հասարակության, լիարժեք վստահությունը, ապա այն ԲՌՆՈՒԹՅԱՄԲ եւ ՈՒԺՈՎ ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷ ստանալ, քանզի ԱՅՆ ԸՍՏ ԷՈՒԹՅԱՆ, միայն ու միայն, վաստակվում եւ շնորհվում է ժողովրդի կողմից եւ ուրիշ ոչ ոքից: Բռնությամբ միայն ԵՆԹԱՐԿՎԱԾՈՒԹՅՈՒՆ կարելի է պարտադրել, այն էլ ժամանակավոր, ԲԱՅՑ ՈՉ ՕՐԻՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ: Սա քաղաքագիտական սկզբունք է եւ նույնիսկ տգետ «ախպերավարիությամբ» ու ամբոխավարությամբ էլ կարելի չէ այս մասին ստել եւ փորձել սա շրջանցել:

Արդի պետության հասկացության մեջ, եթե քաղաքական իշխանություն նվաճելու գործընթացներն ու մեթոդները հավաստի չեն ու կեղծվում են, ապա այդ քաղաքական իշխանությունը ԹՈՒՅԼ ու ԽՈՑԵԼԻ է եւ որեւէ կերպ ընդունակ չէ կառավարելու: Այդ իրավիճակը վտանգավոր է նույն այդ պետության ու քաղաքական հասարակության համար, քանզի այն մեծ հարվածի տակ է դնում ու ճակատագրական մեքենայությունների զոհ դարձնում վերջիններիս ստեղծագործ գոյությունը եւ ներքին ու արտաքին անվտանգությունը. ԲԵՐԴԻ ԴԱՐՊԱՍՆԵՐԸ ԲԱՑՈՒՄ է եւ ԲԵՐԴԻ ԿՈՐՍՏԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ուժգնացնում: Հզոր քաղաքական հասարակությունները, ժողովուրդները հարցը լուծում են ամենից առաջ ՀԱՎԱՍՏԻ ու ՕՐԻՆԱԿԱՆ գործընթացներ ու ինստիտուտներ ձեւավորելով, իսկ կեղծիքի ու անօրինականության դեպքում համարձակ ընդունում են հիմնախնդիրը եւ օրինական կերպով հրատապ ՃՇՏՈՒՄ այդ հանուն ավելի ԲԱՐՁՐ ԱՐԺԵՔԻ` իրենց մշակած պետական գաղափարի անվտանգության եւ քաղաքական հասարակության ու ազգի ՍՏԵՂԾԱԳՈՐԾ ԳՈՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՄԱՆ (ստեղծագործ գոյությունը պետք չէ խառնել գոյատեւման` զուտ կենդանի կամ ողջ մնալու հետ): Իսկ թույլ համախմբումները, ժողովուրդները, որ չունեն իրենց սեփական պետական գաղափարն ու ծրագիրը եւ չեն կայացել իբրեւ քաղաքական հասարակություն, որն է մեր պարագան, առավել թուլանում ու գործիք են դառնում ավելի ուժեղների պարտադրած գաղափարներին ու ծրագրերին: Զոհ են դառնում ամեն տեսակ ԿԱՄԱՅԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԲՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ու ՄԵՔԵՆԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, անօրինական կերպով քաղաքական իշխանությունը յուրացրած ներսի եւ դրսի ԲԱՆԵՐԻ կողմից:

Սխալ են այլասերված ընտրախավի կողմից հայոց ՕՐԱԿԱՐԳԻ վրա դրվող ներկա ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ` «ազգայինն» ընդդեմ «ժողովրդավարության» կամ` «Սերժ/Ռոբերտականն» ընդեմ «Լեւոնականի»: Հայ ժողովրդի ու պետության ներկայիս այս հիմնախնդիրները ՍԽԱԼ ձեւակերպումներ են: Մարդ անհատը եւ հավաքական անհատականությունը` ազգը, ԳՈՐԾՈՆ են, երբ ունակ են ՍԵՓԱԿԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ ճշմարիտ ձեւակերպելու, մարդկային ու ազգային արժեքների հիման վրա իրենց ՍՏԵՂԾԱԳՈՐԾ ԳՈՅՈՒԹՅԱՆ ԳԱՂԱՓԱՐՆ ինքնուրույն մշակելու եւ հոգեւոր ներուժով իրենց ներկան ու ապագան ԻՆՔՆՈՐՈՇԵԼՈՒ, ԻՆՔՆԻՇԽԱՆ ՏՆՕՐԻՆԵԼՈՒ ու ԿԵՐՏԵԼՈՒ: Եթե մարդը, ժողովուրդը եւ ազգն ընդունակ չեն դա անելու, նրանք վերածվում են ԳՈՐԾԻՔԻ: Գործիք, որն օգտագործվում է այլոց կողմից, այլոց սեփական շահերի, գաղափարների ու նպատակների համար, որոնք, ի դեպ, հաճախ չեն համընկնում իր իրական շահերին:

Ազգայինը եւ ժողովրդավարությունը հակասական չեն, այլ իրար ԼՐԱՑՈՒՑԻՉ անհրաժեշտ բաղկացուցիչներն են մեր պետության ստեղծագործ գոյության. իսկ հին եւ ներկա իշխանությունները հիմնականում միեւնույն նոր-ազատական գաղափարախոսության կիրարկողներն են` զանազան ոճերով եւ կիսա-ֆեոդալական կամ կիսա-ազատական նույն գաղափարից սնվող, բայց տարբեր ոճերով խմբավորումներ են (Տես` «Տեսակետ-ՄԻԺԻ» թիվ 24, դեկտեմբեր 2007 խմբագրականը www.idhr.am): Այս բաժանված խմբերը` իշխանություն եւ ընդդիմություն, ներկայումս չեն ցանկանում իրար հետ բանակցել կամ երկխոսության մեջ մտնել: Առավել օտարացված, հուսախաբված, շփոթված ու բացառված է Ժողովուրդի մեծամասնությունը. նա կրկին ոտնահարված ու անտեսված է:

Այսօր ազգի ՕՐԱԿԱՐԳԻ վրա է` հայ մարդու, հայ հասարակության եւ ժողովրդի ինքնուրույն ու ինքնիշխան ստեղծագործ ԳՈՅՈՒԹՅԱՆ խնդիրը, որը Ո՛Չ ՄԻ ԶԻՋՈՒՄ չի թույլատրում, Ո՛Չ ՄԻ ՆԱՀԱՆՋ չի հանդուրժում հայ գիտակից, ազատ, պետականամետ մարդու եւ հզոր ժողովրդի կողմից:
ՄԻԺԻ-ն, ելնելով մեր հայրենքիում ստեղծված խայտառակ իրավիճակից, մտահոգ լինելով մեր ազգի ու պետության ապագայով, վերարծարծելով «ՄԻԺԻ-ի ս.թ. մարտի 1-ի ժամը 18.00-ի ԿՈՉԸ» (տես` www.idhr.am).

ՊԱՀԱՆՋՈՒՄ Է.
1. Հստակ պատասխանել եւ անհապաղ հրապարակել ս.թ. մարտի 1-ի վաղ առավոտյան` Երեւանի Ազատության հրապարակում գտնվող ցուցարարների նկատմամբ բռնություն գործադրելու որոշում ընդունող(ներ)ի եւ իրագործող(ներ)ի անունները, պաշտոններն ու լիազորությունները:

2. Հայտնաբերել ս.թ. մարտի 1-ի առավոտյան դեպքերին հաջորդած, մարտի 1-ի եւ 2-ի իրադարձությունների ու բռնությունների համար պատասխանատուներին եւ հրապարակային ԱՆԿԱԽ քննություն անցկացնել: Մարտի 1-ից անցել է արդեն 50 օր, սակայն չկա որեւէ հստակ հաշվետվություն եւ տեղեկություն, թե վերջապես ի՞նչ է կատարվել այդ օրերին եւ ովքե՞ր են պատասխանատուները: ՀՀ դատախազության եւ ոստիկանության գործունեությունն ու տեղեկատվությունը որեւէ վստահություն չի ներշնչում, քանզի այս ինստիտուտները ինչպես շատ այլ պետական կառույցներ, լիովին վարկաբեկված են:

3. Ստեղծել անկախ, ինքնուրույն, ազգային-պետական հետքննչական հանձնաժողով, որը պետք է քննի մարտի 1-ին եւ 2-ին տեղի ունեցած իրադարձությունները: Այն պետք է գործի հրապարակային ու թափանցիկ: Անկախ հանձնաժողովը պետք է լինի զուտ հայաստանյան կառույց եւ իր մեջ ընդգրկի հայաստանյան առողջ ու սկզբունքային ուժերի ներկայացուցիչներին, որոնք դեռեւս չեն վարկաբեկվել եւ ժողովրդի կողմից որոշակի վստահություն ունեն` համաձայնեցված քաղաքական ընդդիմության եւ հասարակության հետ: Միջազգային հանրությունը կարող է սույն գործընթացին մասնակցել միմիայն դիտորդի կարգավիճակով, այն էլ հիմնականում մասնագիտական մակարդակով (դատաբժշկական քննություն, տեսաֆիլմերի մոնտաժային աշխատանքներ, զենքերի օգտագործման մասնագետների ներգրավում եւ այլն), միջազգային հանրությունը չպետք է իրավասու լինի տալու որեւէ քաղաքական ու իրավական գնահատական, եւ նրանց մասնակցությունը պետք է անպայմանորեն լինի Հայաստանի Հանրապետության պաշտոնական հրավերով: Պետք է հասկանալ ու գիտակցել, որ ՀՀ պետական մարմինների կողմից արված քննություններին հասարակության գերակշիռ մասը չի հավատում, դրանք մեծամասամբ վարկաբեկված են ու ստախոսի համբավ ունեն, ուստիեւ պետք է ստեղծվի անկախ հետաքննող մարմին: Պետք է ցուցաբերել քաղաքական եւ դիվանագիտական խոհեմություն ու հեռատեսություն` թույլ չտալու համար, որ օտար ուժերը խառնվեն մեր ներքին պետական գործերին, մեզ լուծումներ թելադրեն ու պարտադրեն եւ իրենց ցանկացած ձեւով վարեն գործընթացը` իրենց շահերին համապատասխան:

4. Բանտերից անհապաղ ազատել հետընտրական իրադարձությունների հետ առնչվող բոլոր ձերբակալված անձանց: Նրանց նկատմամբ հետաքննչական աշխատանքները պետք է վերսկսվեն անկախ հանձնաժողովի գործունեության արդյունքում եւ դրանից հետո: Ընդդիմությունը եւ իշխանությունը պետք է համաձայնության գան եւ պետք է ազատ արձակվեն այն բոլոր կալանավորները/ձերբակալվածները, որոնք առնչվում են այս դեպքերի հետ, իսկ հետագայում նրանց նկատմամբ քրեական գործերի հարուցումը պետք է բխի անկախ հանձնաժողովի իրականացրած հետաքննության արդյունքից:

5. Ամբողջովին փոխել Հանրային հեռուստատեսության ղեկավար կազմը: Ներկայիս Հանրային հեռուստատեսության գործունեությունը վստահություն չի ներշնչում, եւ մասնավորապես նախագահական ընտրությունների շրջանում իր «լուսաբանումների» պատճառով հասարակության շրջանում ամրապնդել է գործիքի ու ստախոսի համբավը: Հասարակության մեջ որոշակի վստահություն մտցնելու համար հարկավոր է փոխել Հանրայինի ղեկավարությունը եւ նշանակել ազնիվ, սկզբունքային ու ժողովրդի կողմից վստահելի ղեկավարություն:

Մենք իրավունք ունենք ստանալու ճշմարիտ եւ բազմակողմանի տեղեկատվություն, եւ Հանրայինը, որը գոյատեւում ու վարձատրվում է մեր իսկ վճարած հարկերից, պարտավոր է տրամադրել այսպիսի տեղեկատվություն, հակառակ պարագայում պետք է դադարեցնել այս հեռուստատեսության որեւէ ֆինանսավորում պետական բյուջեից:

6. Սկսել քաղաքական երկխոսություն կամ բանակցություններ ընդդիմության եւ իշխանության միջեւ: Հրատապ խնդիր է, որ այս ուժերը նստեն բանակցությունների սեղանի շուրջ եւ փորձեն հաղթահարել Հայաստանում ստեղծված ներքաղաքական ներկա ճգնաժամը: Այդ իմաստով իշխանությունները ՊԱՐՏԱՎՈՐ են հստակ կամք եւ քայլ ցուցադրել: Իշխանության կողմից կոչ է արվել սկսել երկխոսություն, սակայն այն չի ուղեկցվել երկխոսության պատրաստակամությունը հաստատող որեւէ առաջարկով կամ քայլով: Եթե իրականում ցանկանում են երկխոսություն սկսել, ուրեմն այնպիսի առաջարկ են անում, որ մյուս կողմը չկարողանա հրաժարվել դրանից: Հակառակ պարագայում մնացած ամեն ինչը կեղծ արդարացումներ են ու մեղադրանքներ: Չպետք է թույլ տալ, որ երկխոսությունը թելադրվի ու պարտադրվի դրսից, դա թուլացնելու է մեր պետության ինքնուրույնությունը: Թոթափե՛ք ստրկամիտ մտածելակերպը, լուծումների համար մի՛ վազեք օտարի մոտ, ինչպես դարեր շարունակ արել է հայ ազգի «ընտրախավը»: Ցուցաբերե՛ք այդ խոհեմությունը եւ սկսե՛ք բանակցությունները: Շեշտենք, սակայն, որ բանակցությունները չեն կարող լինել զուտ վերնախավային գործարք. դրանք պետք է բխեն ժողովրդի շահերից: Վաղ թե ուշ դուք նստելու եք բանակցությունների, սակայն ավա՜ղ, դրսի պարտադրանքով, եւ ինչքան ուշացնեք, այնքան թուլանալու է մեր պետությունն ու նրա կշիռը միջազգային ասպարեզում: Ունեցե՛ք մարդկային ու ազգային նվազագույն գիտակցություն եւ արժանապատվություն եւ լսե՛ք ու հնազանդվե՛ք ձեր ԺՈՂՈՎՐԴԻՆ ու նրա ԳԵՐԱԳՈՒՅՆ շահերին: Ինքնիշխան ու ինքնուրույն ժողովուրդն ու պետությունը իրենց վստահած քաղաքական իշխանություններով ՉԵՆ իջնում այն խայտառակ ստրկային ու գաղութացված կարգավիճակին, ինչպիսին է, ցավոք, Հայաստանն այսօր, որ թույլ տան օտար պետության պաշտոնյաների օգնականները հոխորտան մեզ վրա ու թելադրեն ինչ անել: Արդեն իսկ եղավ նման նախադեպ, «Ժողովներ, հանրահավաքներ եւ ցույցեր անցկացնելու մասին» ՀՀ օրենքում ս.թ. մարտի 17-ին կատարված փոփոխությունները դրա վառ վկայությունն են. երբ հայաստանյան տարբեր ուժեր շեշտում եւ ասում էին այս օրենքի փոփոխությունների ոչ Սահմանադրական ու իրավական լինելու մասին, դրանք արհամարհվեցին, իսկ հիմա, Վենետիկյան հանձնաժողովի այցից հետո, իշխանություններն ընդունեցին, որ փոփոխություններն իսկապես «շատ վատն էին եւ պետք է շտկվեն»: Սա ուղղակի ողբալի մտածելակերպ եւ մշակույթ է, կարծես այս տեսակ մարդկանց/կառավարողներին դուր է գալիս, որ իրենց գործիքի տեղ են դնում կամ իրենց գործիք լինելն անընդհատ փաստվում է:

ՄԻԺԻ-ն գտնում է, որ ներկա ճգնաժամի կարճաժամկետ հաղթահարումը ենթադրում է քաղաքական մի կոնսենսուս (փոխհամաձայնություն)` վերը նշված առաջարկների հիման վրա, որի նպատակը կլինի որոշ ժամանակ թուլացնել մեր հայրենիքում ստեղծված վտանգավոր լարված իրավիճակը, կվերականգնի Հայաստանի դերը միջազգային ասպարեզում եւ թույլ կտա առավել ուժեղ հանդես գալ արցախյան հարցում: Իսկ երկարաժամկետ լուծումներ տալու համար, այս ընթացքում պետք է ուժգնացնել մեր հայրենիքում` Հայաստանում եւ մեր ժողովրդի մեջ որակական ու սկզբունքային ԵՐՐՈՐԴ ՈՒԺԻ ձեւակերպումն ու ինքնակազմակերպումը, որը պատրաստ կլինի իր վրա վերցնելու հայոց արդի` արդար ու հզոր պետության գաղափարի մշակումը, քաղաքական հասարակության ձեւավորումը եւ իրական բարեփոխումների առաքելությունն եւ իրագործելու դրանք`
հանուն մարդկային ու ազգային գլխավոր նպատակի` հավասարության, արդարության, քաղաքացիական գիտակցության ու համերաշխության, ընդհանուրի բարօրության` հարգելով լիարաժեք անհատականությունը (իբրեւ մարդ եւ ազգ),

հանուն պետության կանոնավորող դերի ամրապնդման` իբրեւ արդար վերաբաշխման ու որակյալ հանրային ծառայությունների երաշխավոր, իբրեւ ազգի ու ժողովրդի քաղաքական, տնտեսական, մշակութային ու սոցիալական անվտանգության ապահովող,

հանուն մարդու, բնության ու տիեզերքի ներդաշնակ համակեցության,

հանուն համապարփակ մարդկային եւ ազգային, հայ մշակույթի զարգացման:

ԸՄԲՈՍՏԱՑՈՒՄՆ ու ԱՊՍՏԱՄԲՈՒԹՅՈՒՆԸ մարդու, ժողովրդի եւ ազգի իրավունքն է, նրանց հիմնական իրավունքը` հանուն իրենց ստեղծագործ ԳՈՅՈՒԹՅԱՆ պաշտպանության.սրանք հատու են եւ ազդու, երբ խելամիտ ուղղորդվում են, երբ ծառայում են հավաքականության ստեղծագործ գոյության պաշտպանությանը, երբ մասնիկն են ծանրորեն մտածված ու նախապատրաստված, խելամիտ ծրագրված ու հմտորեն կազմակերպված երկարատեւ ու հարատեւ ինքնուրույն սթափ պայքարի: Իբրեւ գիտակից գործոն` մենք ընտրում ենք այս ըմբոստացումն ու պայքարը հանուն մարդկային ու ազգային արժեքների լիարժեք կենսագործման մեր հայրենիքում, հանուն համընդհանուրի շահի` ստեղծագործ գոյության, հանուն արդարության, հավասարության, սոլիդարության (համերաշխության) եւ համընդհանուրի բարօրության: Ինքնուրույն քաղաքական ու քաղաքացիական ԲՈՂՈՔ (ոչ գանգատ) եւ ըմբոստացում ու պայքար` ամեն օր, ամեն պահ, ամենուր` հանուն հայ մարդու, հանուն մեր հայրենիքի մարդկային ու ազգային վերականգնման ու հզորացման:

Մարդու իրավունքների եւ ժողովրդավարության ինստիտուտ` ՄԻԺԻ Երեւան, 21 ապրիլի 2008թ.

No comments: