Saturday, May 17, 2008

ԱՊՐԻԼՅԱՆ ՁԵՌՆԱՐԿՆԵՐԸ ԻՐԱՆԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ

Այս տարի ԻԻՀ Ներքին գործերի նախարարությունը ժողովրդական քայլարշավի իրավունք չտվեց թեհրանահայության:

- Ապրիլի 24-ի առավոտյան Թեհրանի Ս. Սարգիս եկեղեցու շրջափակում կայացավ ժողովրդական համահավաք, որը գրեթե անցավ շատ հանդարտ եւ նախորդ տարիների համեմատ ավելի սակավաթիվ մասնակիցներով:
- Իրանահայ բոլոր եկեղեցիներում մատուցվեց հոգեհանգստյան արարողություն:
- Սպահանում եւ Շահինշահրում պայմանները տարբեր էին: Այդ քաղաքներում ցույցի իրավունք էր տրվել եւ հայությունը խուռներամ մասնակցություն էր բերել դրանց:
- ԹՀԹ Թեմական խորհրդի կողմից Հայոց Մեծ եղեռնի 93-ամյակի ոգեկոչման համար կյանքի կոչված Կենտրոնական հանձնախումբը, ինչպես նախորդ տարիները, կրկին անգամ բարձր «ազնվությամբ» եւ «ազգային գիտակցությամբ» կատարեց ի վերուստ իրեն տրված պարտականությունը եւ միակողմանի որոշումներով ու քայլերով դարձյալ անկախ կառույցներին անտեսելով իր կուսակցական հին ձեւերը պարտադրեց համայնքին: Ու մեկ անգամ եւս հայկական մտքի «անապատից» հազիվ խելքը գլխին մի մարդ գտնելով՝ վեց տոկոսանոց Վահան Հովհաննիսյանին Թեհրան հրավիրեց, որպեսզի ՀՀ նախագահական ընտրություններում ապրած հուսալքումից ձերբազատվի ու նաեւ մեր համայնքի հաշվին կուսակցության վարկը բարձրացվի Հայաստանում եւ այլուր:
- Ապրիլյան ձեռնարկը «Րաֆֆի» համալիրում
ՀՄՄ «Րաֆֆի» համալիրի բասկետբոլի սրահը ապրիլի 25-ի երեկոյան լցված էր ժողովրդով: Այնտեղ ներկա էին ՀՀ դեսպանության ներկայացուցիչներ, համայնքային, միութենական եւ մամուլի գործիչներ ու հոծ թվով բազմություն:
Ձեռնարկը սկսվեց Տերունական աղոթքով: Քիչ հետո հնչեցին թմբուկն ու ծնծղան եւ սկաուտները բեմ դուրս եկան ու մոմեր տեղադրեցին Մեծ եղեռնի զոհերին նվիրված պատվանդանի վրա:
Ապա իրենց խոսքն ասելու համար բեմ հրավիրվեցին օրվա բանախոս, Երեւանի «Ազգ» օրաթերթի խմբագիր, Հակոբ Ավետիքյանը, ՀՀ դեսպանության դեսպանորդ եւ լիազոր նախարար պրն. Գրիգոր Առաքելյանն ու նաեւ միության խոսնակը:
Խոսելով որոշ հին եւ նոր անցուդարձերի մասին Հ. Ավետիքյանն եզրակացրեց, որ «Այսօրվա Թուրքիան, բավական փոխվել է անցյալի համեմատ: Վարչապետ Էրդողանն արդեն խոսում է հայ եւ թուրք պատմաբաններից բաղկացած հանձնախումբ ստեղծելու եւ նրանց հետազոտման արդյունքը ընդունելու մասին»,- որն եւ համարեց դրական:
Այնուհետ հայ երգի ու երաժշտության հանճար՝ Կոմիտաս վարդապետի պատկերի կողքին վարպետորեն ասմունքեցին միության երիտասարդ-ուհիները՝ Արթին Բաղումյանը, Ժայռ Խաջավյանը, Արամիկ Զարեհյանը, Հուսինե Սաֆարյանը, Լիլիթ Սարդարյանը եւ Մեդվիդ ու Մակդինե Մինասյանները:
Հետո հերթն հասավ երգի եւ պարի խմբերին, որոնք տկն. Զարուհի Ենգոյանի եւ օր. Էլգա Մինասյանի ղեկավարությամբ գեղեցկորեն հանդես գալով լրացրին ձեռնարկի գեղարվեստական բաժինը:
Իսկ բոլոր այդ ելույթները կայացան պրն. Հայկ Խաջավյանի վարպետ ձեռքերով ու բարձր ճաշակով պատրաստված գեղեցիկ բեմում, որի պատրաստման համար նա օգտվել էր միայն քաղաքի մերձակա բարձունքներից ու դաշտավայրերից սեփական ձեռքերով քաղված կանաչ թփերից ու լույսերի խաղից:
Ձեռնարկն ավարտվեց շնորհակալականներով եւ միության խոսքով, որում հիմնականորեն խոսնակը շեշտեց. «Հերիք է սգալ, այսուհետեւ մենք ազգովի պետք է աշխատենք մեր իրավունքների պաշտպանության եւ փայլուն ապագա կերտելու համար»:
-Հայկական բարեգործական ընդհանուր միությունն (ՀԲԸՄ) Հայոց ցեղասպանության 93-ամյակին նվիրված իր ձեռնարկը իրականացրեց շաբաթ, ապրիլի 26-ի առավոտյան, միության կենտրոնատեղիում, ուր իրենց մասնակցությունն էին բերել ՀՄՄ «Րաֆֆի» համալիրի ներկայացուցիչները, հրավիրյալներ ու նաեւ ՀԲԸՄ վարչականներ ու միութենականներ: Ձեռնարկը վարում էր հանրածանոթ տեսուչ, գրող եւ ՀԲԸՄ Կանանց մասնաճյուղի նախագահ տկն. Աստղիկ Բաբայանը, իսկ օրվա բանախոսն էր «Ազգ» օրաթերթի խմբագիր Հակոբ Ավետիքյանը:
- «Վաչե Հովսեփյան» համալիրում տեղավորված միությունները՝ Իրանահայ գրողների, Ճարտարապետների, Բժիշկների, Ուսուցիչների եւ այլ միությունները համատեղ ձեռնարկով հանդես եկան Ս. Աստվածածին եկեղեցու բակում:
- Ապրիլի 29—ին, «Նաիրի» ազգ. սրահում տեղի ունեցավ Փերիո կրթասիրաց միության կողմից հայոց Մեծ եղեռնի 93-ամյակին նվիրված ձեռնարկը, պրն. Ժոզեֆ Ամիրյանի ղեկավարությամբ:
Ձեռնարկն սկսվեց Տերունական աղոթքով, որ իր հոգեպարար ձայնով կատարեց օր. Էմինե Մելքոմը: Ապա բացման խոսքով հանդես եկավ տկն. Իվետ Քեշիշյանը: Նա թռուցիկ կերպով անդրադարձավ այն բոլոր հարցերին, որոնք հայ ժողովրդի դժբախտության պատճառներն են եղել ու կան՝ Ապրիլյան եղեռն, արտագաղթ, ձուլում, այլասերում, արբանյակաին ալիքներ եւ այլն: Բանախոսը շեշտեց, որ «Մեր ազգային կառույցները պիտի հիմնականում խոսեն եւ պարզաբանեն այս հարցերը եւ պայքարեն արտագաղթի դեմ եւ իրավունքների վերատիրացման համար»:
Այնուհետ բեմ բարձրացան ասմունքողները՝ օրիորդներ Նուշե Խուդադադյանը, Մառիտա Շահմիրյանը եւ Մեղեդի Զարգարյանն ու նաեւ պրն. Ժոզեֆ Ամիրյանը:
Ապա ելույթ ունեցավ «Թունյան» ազգ. օրիորդաց ուղ. դպրոցի երգչախումբը՝ օր. Մառիտա Մեհրաբյանի ղեկավարությամբ: Իսկ հետո հերթն հասավ աղջիկների նազանքով լի ու տղաների խրոխտ պարերին, որ ղեկավարում էր տկն. Կարինե Մանուչեհրյանը:
Ձեռնարկի վերջավորության բեմական զրույց էր նախատեսված պարոնայք Շահեն Հովսեփյանի եւ Ժոզեֆ Ամիրյանի միջեւ, որը բավական հարուստ տեղեկություններ փոխանցեց հանդիսատեսին:
Փակումը կատարեց օր. Նինել Մադաթովյանը: Նա բեմ հրավիրելով ձեռնարկի բոլոր մասնակիցներին, մեկ-մեկ ծաղիկ հանձնելով հատուկ շնորհակալություն հայտնեց նրանց ու նաեւ հանդիսականներին: Ապա բոլորը միաբերան երգեցին Սարդարապատն ու բավարարված թողին սրահը:
- Իրանահայ գրողների միությունը, մայիսի 9-ին, կազմակերպեց նաեւ իր երկրորդ ձեռնարկը, որում գրող, հետազոտող եւ հոդվածագիր պրն. Հրաչ Ստեփանյանը ելույթ ունեցավ հայ ժողովրդի պատմության մեջ եւ շրջանի երկրներում պանթուրքիզմի եւ սիոնիզմի ունեցած դերակատարության մասին:
Հ. Ստեփանյանն իր խոսքերում ի միջի այլոց շեշտեց, որ. «Մենք պարտավոր ենք մեր պատմությունը անաչառ եւ լրիվ գրել, որպեսզի նոր եւ գալիք սերունդները ճիշտ կարողանան գնահատել այն: Մենք մեր երեխաներին ասում ենք, որ 1918թ. մայիսի 26-ին Սարդարապատում հայ ժողովուրդը հաղթեց եւ կասեցրեց թշնամու հառաջ խաղացումը, բայց չենք ասում ինչպես եղավ, որ դրանից ընդամենը երկու ամիս անց թուրքական ուժերը հայտնվեցին Բաքվում: Կամ չենք խոսում այն մասին թե ինչպես ռուսները ենթարկվելով թուրքի կամքին Նախիջեւանը հանձնեցին Ադրբեջանին: Նման մոտեցումներով, փաստորեն, մենք պատմությունը կիսատ ենք փոխանցում նոր սերնդին եւ այդ կիսատությունը նրանց մոտ վակուում է առաջացնում»:
Օրվա ծրագրի վարող, ԻԳՄ նախագահ Թորգոմ Հակոբյանը, շատ օգտակար եւ բովադակալից համարելով բանախոսի ելույթը, հույս հայտնեց, որ կրկին անգամ առիթ կունենան լսելու բանախոսին իրենց բեմից, ապա ավելացրեց. «Ես վստահ եմ, որ դեռ շատ փակ մնացած արխիվներ պիտի բացվեն եւ Հայոց ցեղասպանության հետ առնչվող տեղեկություններ պիտի տան մեզ եւ աշխարհին»:

ՄԵԾ ԵՂԵՌՆԻ ՈԳԵԿՈՉՄԱՆ ՁԵՌՆԱՐԿՆԵՐԸ ՇԱՀԻՆՇԱՀՐՈՒՄ
Շաբաթ, 19 ապրիլ
Շահինշահրի հայ համայնքի վարչության կողմից կյանքի կոչված Մեծ եղեռնի ոգեկոչման հանձնախումբը կազմակերպել էր նկարչության մրցույթ, «Սրբոց Վարդանանց» դպրոցի սրահում, որին մասնակցում էին մանկապարտեզից մինչեւ միջնակարգի աշակերտ-ուհիներ:
Կիրակի, 20 ապրիլ
Բացում «Սրբոց Վարդանանց» դպրոցի եւ «Նարեկ» մանկապարտեզի աշակերտության նկարչությունների ցուցահանդեսի: Նույն օրը երեկոյան Հանձնախումբը կազմակերպել էր վազքի մրցություն, 14-18 տարեկան տղա-աղջիկների մասնակցութեամբ, որին մասնակցեցին 34 հոգի: Ուշագրավ էր մարզիկների հագուստը, որը խորհրդանշում էր հայկական եռագույնը: Մրցությունից հետո տեղի ունեցաւ գրքի ցուցահանդես-վաճառք:
Երկուշաբթի, 21 ապրիլ
Մեծ եղեռնի զոհերի ոգեկոչման հանձնախումբը կազմակերպել էր գիտելիքների մրցություն աշակերտության ու նաեւ մեծահասակների համար: Գովելի էր ընտանիքների աշխույժ մասնակցությունը այս մրցությանը: Հաղթողները արժանացան մրցանակների:
Երեքշաբթի, 22 ապրիլ
Ապրիլյան Մեծ եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձան կոթող՝ խաչքարը կանգնեցվեց Շահինշահրի «Սրբոց Վարդանանց» դպրոցի բակում: Հուշարձանի օծման եւ բացման արարողությունները կատարվեց Սպահանի ՀԹ Առաջնորդ Տ. Բաբգեն եպիս. Չարյանի ձեռամբ:
Օրվա արարողությանը մասնակցում էին Շահինշահրի հոգեւոր հովիվ Տ. Մեսրոպ Քհն. Գալստանյանը, Տ. Եսայի Քհն. Պետրոսյանը, ՍՀԹ Թեմական եւ Կրոնական խորհուրդների եւ Շահինշահրի հայ համայնքի վարչության ներկայացուցիչները եւ հոծ թվով ժողովուրդ:
Սրբազան հայրը խաչքարի մեջտեղում տեղավորեց Դեր-Զորից բերված ավազը՝ խառնված նահատակների աճյուններով: Ապա ներկաները իրենց հարգանքի տուրքը մատուցեցին նահատակներին:
Հուշարձանի մոտ ծաղկեպսակներ դրվեց Շահինշահրի հայ համայնքի վարչության, Մեծ եղեռնի ոգեկոչման 93-ամյակի Հանձնա-խմբի, «Սրբոց Վարդանանց» դպրոցի, «Նարեկ» մանկապարտեզ-նախակրթարանի, աշակերտության, ուսուցչական կազմի եւ ծնողական խորհուրդների, Փերիոյ կրթասիրաց միության, Եկեղեցասեր կանանց եւ ՀՄՄ «Արարատ» Միութեան Շահինշահրի մասնաճյուղերի, «Նարեկ» Երգչախմբի ու նաեւ Երիտասարդական խորհրդի անունից:
«Հուշարձանը դարձավ մի նոր սրբավայր հայ գաղթօջախի համար»,- ավարտական խօսքում ասաց թեմի առաջնորդը, հիշեցնելով, որ «Ապրիլ 24-ը այլեւս մեզ համար սուգի, ողբի եւ լացի օր չէ, այլ հիշելու եւ հիշեցնելու: Հիշելու մեր նահատակներին եւ հիշեցնելու աշխարհին, որ մենք չենք մոռացել անցյալը, մենք պահանջատեր ենք եւ շարունակելու ենք մեր պայքարը ի խնդիր մեր անժամանցելի իրավունքների վերատիրացման»:
Սրբազանը, շեշտեց. «Այս խաչքարի մեջ զետեղվեց Դեր-Զորից ավազ եւ նահատակների աճյուններ: Սա մեզ համար սրբավայր եւ ուխտավայր դարձավ, մենք ավելի մոտեցանք մեր նահատակներին եւ պարտավոր ենք հավատարիմ մնալ իրենց կտակին եւ շարունակել իրենց կիսատ թողած պայքարը»:
Չորեքշաբթի, 23 Ապրիլ
Ապրիլի 23-ը, հանձնախմբի կողմից հատկացվել էր ֆիլմերի ցուցադրման, Այդ օրը ցուցադրվեց Եղեռնին կապված պարսկերեն եւ հայերեն լեզվով փաստավավերագրական ֆիլմեր ու նաեւ Հրանտ Դինքի հիշատակին եւ Շահինշահրի անցյալ տարիների քայլարշավներից պատրաստված Ֆիլմեր:
Նույն օրը կազմակերպվել էր նաեւ հացադուլ, որին աշխույժ մասնակցություն բերեց երիտասարդությունը եւ իր բողոքի ձայնը արտահայտեց, պարսկերեն եւ հայերեն, բարձրաձայն լոզունքներով:
Հինգշաբթի, 24 Ապրիլ
Առավոտյան մատուցվեց Ս. Պատարագ: Ապա տեղի ունեցավ ժողովրդական բողոքի քայլարշավ, որին մասնակցում էր համայնքի շուրջ 90%-ը: Երիտասարդների մասնակցությունը, որոնք սիրահոժար հսկում էին կարգապահության, նպաստեց քայլարշաւի հաջող ընթացքին:
Երեկոյան տեղի ունեցավ հուշերեկո՝ նվիրված Ապրիլյան եղեռնի նահատակներին, որ բաղկացած էր երկու բաժնից՝ բանախոսություն եւ գեղարվեստական: Հանձնախմբի կողմից ծրագիրը բացված հայտարարեց տկն. Մառիթա Քեշիշյանը: Ապա բանախոս տկն. Վ. Պողոսյանը մասնակիցներին փոխանցեց օրվա խորհուրդը: Նա իր ելույթում նշեց, որ «Անցել է դառնագին ողբալու եւ լաց ու կոծի ժամանակը, այժմ պետք է պայքարենք, հնարավոր ամեն միջոցով, մեր արդար պահանջին հասնելու համար»: Նա հույս հայտնեց, որ «Հայ ժողովուրդը շնորհիվ իր աննահանջ պայքարի, ի վերջո կապրի փառավոր, ազատ եւ անկախ Հայաստանում»:
Երկրորդ մասում ասմունքեցին տիկնայք Անիթա Կիրակոսյանը, Սոնիկ Չհարմահալին ու Լիդուշ Քամարզարյանը եւ պարոնայք Արգին Չհարմահալին, Ռայմոնդ Թորոսյանը, Գեղարդ Թահմազյանը, Մարտիկ Հովհաննեսյանը, Սարմեն Շահմիրզայանը եւ Նարբեյ Քամարզարյանը: Այս բաժինը լրացավ նահատակների հշատակին նվիրված մի պարով, որ կատարեց Արսինե Ասատրյանը:
Ծրագրի վերջում իր խոսքն ասաց Շահինշահրի հոգեւոր հովիվ Տ. Մեսրոպ Քհն. Գալստանյանը: Նա բարձր գնահատեց երիտասարդության մասնակցությունը նման միջոցառումներում եւ հույս հայտնեց, որ հետագայում եւս ավելի աշխույժ կմասնակցի նման ծրագրերում:
Թղթակից

No comments: