Tuesday, May 6, 2008

Ուկրաինացի ազգայնականները պատրաստ են կռվե՞լ Ղարաբաղում

Մոսկվայում լույս տեսնող «Կոմերսանտ» թերթը, վկայակոչելով ադրբեջանական լրատվամիջոցները, փոխանցում է, որ ՈւՆԱ-ՈւՆՍՈ (Ուկրաինական ազգային համագումար-Ուկրաինական ժողովրդական ինքնապաշտպանություն) ազգայնական աջակողմյան կազմակերպության անդամները «պատրաստ են օգնել Լեռնային Ղարաբաղը եւ բոլոր մնացած գրավյալ տարածքները Ադրբեջանին վերադարձնելու գործում»: Թերթի փոխանցմամբ, ՈւՆԱ-ՈւՆՍՈ կազմակերպությունը 1990 թվականին Լվովում հիմնադրել է ուկրաինացի նախկին այլախոհ 3ուրի Շուխեւիչը: 1993-ին այդ կազմակերպությունը Աբխազիա էր գործուղել կամավորների ջոկատ, որը վրացիների հետ մարտնչել է աբխազների դեմ: «ՈւՆԱ-ՈւՆՍՈ-ն կարող է կամավորներ ուղարկել Ադրբեջան այն դեպքում, եթե այդ երկիրը ագրեսիայի ենթարկվի կամ որոշի վերականգնել իր տարածքային ամբողջականությունը», - հայտարարել է կազմակերպության գործադիր կոմիտեի նախագահ Միկոլա Կարպյուկը: «Կոմերսանտ»-ի փոխանցմամբ, կազմակերպության անդամները մտադիր են նաեւ մեկնել Վրաստան, որտեղ «կմասնակցեն Աբխազիան եւ Հարավային 0սիան Վրաստանի կազմում պահպանելու պայքարին»: Ադրբեջանցի զինվորական փորձագետ, պահեստի գնդապետ Իլդրիմ Մամեդովն ասել է, թե «Ադրբեջանին աջակցելու մասին ուկրաինացի ազգայնականների հայտարարությունն ինքնին շատ արժեքավոր է մեզ համար»: Նրա խոսքերով, Ադրբեջանը պետք է ողջունի ՈւՆԱ-ՈւՆՍՈ կուսակցության հայտարարությունը եւ պատասխան հայտարարությամբ հայտնի, որ «օգնության կարիք ունենալու դեպքում կդիմի այդ կազմակերպությանը եւ դրա լիդերներին»:

No comments: