Tuesday, May 6, 2008

ԻՆՉ Է ԼԻՆԵԼՈՒ ՀԱՅԱՍՏԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԵՏ

1992թ. սկսած, Ղարաբաղում դպրոցների, ճանապարհների, ջրագծերի կառուցման մասին ինֆորմացիաներում պարտադիր կերպով նշվում էր նաեւ Հայաստան հիմնադրամի անունը: Հիմնադրամի միջոցների հաշվին Ղարաբաղում կառուցվել են սոցիալական օբյեկտներ, տներ, ջրագծեր, հենց այդ հիմնադրամի հետ է կապված երկու խոշոր` Գորիս-Ստեփանակերտ եւ «Հյուսիս-հարավ» մայրուղիների շինարարությունը: Երեւի նույնիսկ դժվար է հաշվել հիմնադրամի կողմից Ղարաբաղում վերջին տարիներին կատարած աշխատանքների ամբողջ ծավալը:
Վերջին 10 տարում Հայաստան հիմնադրամի հովանու ներքո Լոս-Անջելեսում անց են կացվում հեռուստամարաթոններ, որոնց ընթացքում Արցախի վերածննդի համար միջոցներ են հավաքվում: Կամ ժամանակներն են փոխվել, կամ Սփյուռքն է հոգնել Ղարաբաղին օգնելուց, կամ էլ կան այլ պատճառներ, բայց հիմնադրամի գործունեության մեջ նկատվում են ոչ շատ հասկանալի երեւույթներ: Փետրվարի 7-ին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն ընդունել է Հայաստան համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Վահե Աղաբեկյանին: Պայմանավորվածություն է ձեռք բերվել Ստեփանակերտում հիմնադրամի գրասենյակի բացման վերաբերյալ: Արդեն բավականին ժամանակ է անցել, բայց գրասենյակի բացման մասին դեռեւս խոսք չկա: Ղարաբաղում շարունակում է աշխատել արցախյան ծրագրերի ղեկավար Միշել Տանկրեզը, որը, ըստ երեւույթին, հիմնադրամի ԼՂՀ-ի ներկայացուցչի լիազորություններ չունի:
Չի կայացել նաեւ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի ամենամյա նիստը, որը մինչեւ հիմա փաստորեն գլխավորում է ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Ամենայն հավանականությամբ, հիմնադրամի ներսում դեռ չեն կողմնորոշվել որտեղ գնալ եւ ինչ անել: Հատկապես որ ի հայտ են եկել լուրջ խնդիրներ` կապված դոլարի արժեզրկման հետ. մարաթոնի ընթացքում աշնանը հավաքած գումարները գարնանն արժեզրկվում են համարյա կիսով չափ:
Ոչ պաշտոնական զրույցներից դատելով, խոսքը գնում է ոչ միայն հոգաբարձուների խորհրդի ղեկավարի փոփոխության, այլ նաեւ հիմնադրամի կառուցվածքի բարեփոխման մասին: Քանի որ խորհրդատվությունները ոչ բաց ռեժիմով են տեղի ունենում, դժվար է ասել, թե ինչ տարբերակներ են ենթադրվում: Բայց այն, որ բարեփոխումներ եւ լիազորությունների ավելի հստակ բաշխում է անհրաժեշտ` արդեն առավել քան ակնհայտ են: Հայաստան հիմնադրամը ստեղծվել է 1992-ին` Հայաստանի անկախության ձեռքբերման սկզբին` առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի որոշմամբ: Հիմնադրամի կայացման գործընթացը շատ դժվար էր, ինչը բխում էր նրա կառուցվածքի առանձնահատկությունից` փորձ արվեց մեկ կառույցի մեջ միաբանել պետությանը եւ հասարակությանը, ընդ որում ոչ միայն Հայաստանի հասարակությանը, այլ նաեւ` հայկական Սփյուռքին: Եվ մինչեւ հիմա պահպանվում է նույն համակարգը` հիմնադրամը ղեկավարում է Հայաստանի նախագահը, հոգաբարձուների խորհրդի կազմում մտնում են Հայաստանի վարչապետը, Ազգային ժողովի նախագահը, արտաքին գործերի, ֆինանսների նախարարները, Կենտրոնական բանկի ղեկավարը, ՍԴ նախագահը, Լեռնային Ղարաբաղի նախագահը եւ վարչապետը, բոլոր կրոնական շարժումների ղեկավարները, այդ թվում նաեւ` Համայն հայության կաթողիկոս Գարեգին Երկրորդը, Կիլիկիո տան ղեկավար Արամ Առաջինը, բողոքական եւ կաթոլիկ եկեղեցիների ներկայացուցիչները: Հիմնադրամում մշտապես ընդգրկված են երեք ավանդական կուսակցությունների ղեկավարներ`ՀՅԴ, Ռամկավար ազատական եւ Հնչակյան: Ներկայացված են նաեւ սփյուռքի բարեգործական կազմակերպությունները` ՀԲԸՄ-ն, ԱՄՆ հայկական համագումարը եւ Հայ օգնության միությունը, ինչպես նաեւ` Շառլ Ազնավուրը, Էդուարդո Էռնեկյանը, Լուիս-Սիմոն Մանուկյանը, Վարդան Գրիգորյանը, Տիգրան Իզմիրլյանը, Ալբերտ Բոյաջյանը եւ այլն:
Հայաստան հիմնադրամն անվանում են ոչ միայն բարեգործական կազմակերպություն, այլ նաեւ կառույց, որը մտադիր է աջակցել պետությանը` ներկա խնդիրների լուծման գործում:
Ղարաբաղում ռազմական ակտիվ գործողությունների ժամանակ եւ Հայաստանի կատաստրոֆիկ իրավիճակում իրականացվել է Ձմեռ ծրագիրը, որի շրջանակներում էներգետիկ խնդիրների լուծման համար հավաքվել է 21 մլն դոլար: Այս տարիներին հիմնադրամը ակտիվորեն աջակցել է եւ շարունակում է աջակցել Սպիտակի երկրաշարժից տուժած գոտու վերականգնմանը, Գյումրիում եւ Սպիտակում կառուցվել է մի ողջ թաղամաս, կառուցվել են մեծ թվով դպրոցներ: Այդ գոտու վերականգնման մասին խոսելով հնարավոր չէ գերագնահատել Քըրք Քրքորյանի Լինսի հիմնադրամի ներդրումը:
Հիմնադրամի հիմնական ուղղություններից մեկը հանդիսանում է Լեռնային Ղարաբաղի տնտեսության զարգացմանն աջակցելը:
2005-ին Մարտակերտը Արցախի վերածնունդ ծրագրի շրջանակներում 17 մլն դոլարի հայտ է ներկայացրել: Մարաթոնի ժամանակ 7 մլն դոլարի խոստում է եղել եւ հաջողվել է հավաքել 5մլն դոլար: Ծրագիրը ստիպված էին կրճատել: 2006-ի մարաթոնը հավաքել է 13.7 մլն դոլար` Հադրութի շրջանի համար, այն դեպքում, երբ շրջանի համար ներկայացված մինիմալ ծրագրի արժեքը կազմում էր 7 մլն:
Հադրութի վերածննդի ծրագրի շրջանակներում մարաթոնի ընթացքում հավաքված գումարներով նախատեսվում էր ջրագծեր անցկացնել Հադրութի շրջանի Մեծ Թաղեր, Դրախտիկ եւ Ազոխ գյուղերում, ինչպես նաեւ Հադրութ շրջկենտրոնում: Նախատեսվում է նաեւ Տող-Հադրութ 18 կմ-անոց գազատարի անցկացում, հիվանդանոցների նորոգում եւ զինում, դպրոցների շինարարություն, մի շարք ճանապարհների եւ ոռոգման գծերի վերանորոգում:
2007թ. մարաթոնի ընթացքում հավաքվել է ռեկորդային գումար` 15 մլն դոլար: Դրանք պետք է ուղղվեն Մարտունու շրջանի զարգացմանը: Ծրագրերը վերաբերում են խմելու եւ ոռոգման ջրին, կրթությանն ու առողջապահությանը: Սակայն, մինչեւ հիմա այդ ծրագրերի իրականացման համար մրցույթների եւ տենդերների մասին հայտարարություններ չեն եղել: Ավելին` հայտարարվել է այն մասին, որ հիմնադրամը հրաժարվում է Մարտակերտի հիվանդանոցի կառուցումից եւ Հադրութի շրջանի ջրագծերի անցկացումից:
«Ինչ նոր համալիր ծրագրեր որ հիմնադրամը իրականացնի, այն միշտ կաշխատի Արցախում` ավելացնելով իր ներդրումները, ինչը համապատասխանում է հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի դիրքորոշմանը», ասվում է հիմնադրամի հասարակայնության հետ կապերի վարչության տեղեկատվության մեջ:
ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ, «ԼՐԱԳԻՐ», 01.05.08

No comments: