Tuesday, June 17, 2008

118-ԱՄՅԱ ՀՅԴ-Ն ԱՌԱՋԻ՞Ն ԱՆԳԱՄ ԶԳԱՑ ԱՅԴ ՎՏԱՆԳԸ

Լեւոն Տեր-Պետրոսյանին ուղղված` «օտարի պատվերով ու ֆինանսներով գունավոր հեղափոխություն» իրականացնելու մեջ ՀՅԴ մեղադրանքը ոչ այլ ինչ է, եթե ոչ ինքնարդարացման փորձ. սա Համաժողովրդական շարժման անդամ, պատմաբան Աշոտ Սարգսյանի տեսակետն է: Նրա գնահատմամբ` ՀՅԴ-ն` հանձինս Հրանտ Մարգարյանի` հնարեց «հայ ժողովրդի գլխին կախված ավազակապետությունից շատ ավելի մեծ վտանգը»` արդարացնելու իրենց` «ավազակապետության կողքին կանգնելու որոշումը»:
Դաշնակցության 30-րդ Ընդհանուր ժողովում ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը, նկատի ունենալով Լեւոն Տեր-Պետրոսյանին եւ նրա գլխավորած շարժումը, հայտարարարել էր, թե. «Ցանցը ձեւավորեց օտարը, ցանցի վրա դրվեց, հագցվեց նախագահի ընդդիմադիր թեկնածուն: Եվ նա ինքնադրվեց հաճույքով»:
«ՀՅԴ-ն երբվանի?ց է որդեգրել ազգային ավազակապետությունը օտարի ազդեցությունից ու միջամտությունից գերադասելու սկզբունքը,- հիմք ընդունելով պատմական փաստերը` հռետորական հարց է հնչեցնում Աշոտ Սարգսյանը,- 1890-ականներից, երբ նա «Հայկական հարցի» լուծումը տեսնում էր միմիայն օտար պետությունների Եվրոպայի եւ Ռուսաստանի միջոցով, 1907-ից, երբ Հայոց փրկությունը կապում էր երիտթուրքերի հետ, 1920-ականներից, երբ ցեղասպանությունից ընդամենը 10 տարի անց, «Պրոմեթեյան ուխտով» Հայաստանի փրկությունը տեսնում էր Թուրքիայի պրոտեկտորատի տակ, 1941-1945-ից, երբ ծառայում էր գերմանական ֆաշիզմին ընդդեմ Հայաստանի, 1970-ականներից, երբ «Հայ դատը» կրկին սկսեց կապել Մոսկվայի հետ, 1990-91-ի՞ց, երբ «անկախական ըլլալով դեմ էր ԽՍՀՄ-ից անջատմանը»: Թե այս բոլորը ոչ թե օտար էին, այլ հարազատ»: Պատմաբանը հիշում է փաստեր, երբ իշխանություն հասնելու համար ՀՅԴ գործիչները չեն խորշել անգամ օգնություն հայցել Թուրքիայից:
1921թ մարտի 18-ին, այսինքն Հայոց եղեռնից ընդամենը 6 տարի հետո, Առաջին հանրապետության վարչապետ Սիմոն Վրացյանը հեռագրով օժանդակություն ստանալու խնդրանքով դիմել է Թուրքիայի Ազգ. Մեծ ժողովի կառավարությանը:
«Իր ազատութեան եւ անկախութեան համար մարտընչող Հայաստանի կռիւը բոլշեւիկների դէմ, մեր համոզումով, ծառայում է ոչ միայն Հայաստանին, այլեւ առաջաւոր Ասիայի բոլոր ազգերի օգտին: Այդ պատճառով Հայաստանը յոյս ունէ, որ իր կռուի ընթացքում ինքը կը ստանայ օգնութիւն իր հարեւանից եւ առաջին հերթին` տաճիկ ժողովուրդի կենսական շահն էլ է պահանջում Հայաստանի յաղթական դուրս գալը այս կռուից եւ անկախ մնալը»,- ասված է հեռագրում:
Նույն հեռագրով, հանուն հայ եւ թուրք ազգերի փոխադարձ շահի, Հայաստանի կառավարության նախագահ Սիմոն Վրացյանն Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կառավարությունից հարցնում է.
«Հաղորդել մեզ, թէ արդեօք Ազգ. Մեծ ժողովի կառավարութիւնը հնարաւոր է գտնում հասցնել Հայաստանին զինուորական օժանդակութիւն եւ եթե կարող է` ի՞նչ չափով եւ եղանակով եւ ի՞նչ ժամանակամիջոցում»: (Աւետիս Եափուճեան. «Ո՞վ կազմակերպեց փետրուարեան արկածախնդրութիւնը եւ ինչ եղաւ անոր հետեւանքը» էջ 92, Կահիրե- 1969)
Ընդհանրապես` Լեւոն Տեր- Պետրոսյանին եւ իր համախոհներին «թրքամետության» մեջ մեղադրող ՀՅԴ-ն ժամանակին «թուրքական օրիենտացիան» համարել է միակ ճիշտ ճանապարհը:
«Յառաջ» թերթը 1920թ նոյեմբերի 30 -ին գրել է. «Իր փրկության համար Հայաստանն ունի մի ճանապարհ` գտնել անմիջական կետերով մի ընդհանուր լեզու իր հարեւանի` թուրքի հետ: Եթե հայ ժողովուրդը կամենում է ապրել եւ ապահովել իր պետական եւ ֆիզիկական գոյությունը հարատեւորեն, նա պետք է ունենա ոչ թե ռուսական, այլ թուրքական օրիենտացիա»:
Սրանք եւս Սիմոն Վրացյանի խոսքերն են, որը կարծում էր. «Բոլշեւիզմի դեմ պայքարի եւ ընդհանրապես խաղաղ կյանքի վերականգնման համար մենք ամենաշատը կարիք ունենք մեր հարեւան Թուրքիայի հետ բարեկամության, անգամ աջակցության»:
Իսկ ՀՅԴ գաղտնի տեղեկագրերից մեկում` «Գետափ»-ում (Փարիզ, 7. 06. 1955թ) ասվում է. «Հետզհետէ պետք է պատրաստել հանրային կարծիքը մոռնալու Թուրքիոյ հանդէպ իր ունեցած արգահատանքը ու այս օրկաններուն միջոցաւ, բայց տաքտով ու զգուշութեամբ. դուք առ այժմ ձեռնպահ գտնուեցէք, առիթ չտալու աղիճներուն, որ ապացոյցներ ունենան իրենց ամբաստանութիւնը հաստատող դատարանին առջեւ: Սակայն այդ չի նշանակէր, թէ դուք բացարձակապէս լուռ պէտք է մնաք այս մասին: Ընկ. Վահան ձեզ պիտի բացատրէ անհրաժեշտ վարքագիծը» (Դաշնակ ղեկավարութեան ներկայ ազգավնաս էութիւնը: Բեյրութ 1955):
Իսկ ինչ վերաբերվում է Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած շարժումը դրսի կողմից ֆինանսավորման դաշնակցական վարկածին, ապա Համաժողովրդական շարժման անդամ Աշոտ Սարգսյանը նկատում է. «Այդ ինչպե՞ս է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանին ֆինանսավորած ու նրա միջոցով Հայաստանում գունավոր հեղափոխություն ծրագրած օտարները, նախագահական ընտրությունների առիթով հենց իր Հ. Մարգարյանի նման ու դեռ ավելի մեծ «շան լափ» թափեցին վարչախմբի գլխին, բայց այնուամենայնիվ այդ «շան լափը» համապատասխան գտան «եվրոպական չափանիշներին» ու խրախուսեցին նրա գոյությունը: Իրենց փողի ձեռքը կրակն էին ընկել»:
Ի ԴԵՊ

Պատմական մի փաստ. 1961թ Դամասկոսի իշխանությունները հայտարարեցին, որ հայտնաբերել են լրտեսական խումբ, որի անդամները ՀՅԴ-ականներ էին: Նրանք, ֆինանսավորվելով օտար տերությունների կողմից, հավաքել էին զինվորական, քաղաքական ու տնտեսական բնույթի տեղեկություններ ու հաղորդել օտար տերությունների գործակալություններին, այդ թվում` Իսրայելի գաղտնի հետախուզությանը: Թեեւ ՀՅԴ-ն շտապեց հայտարարել, որ լրտեսներն իրենց հետ կապ չունեն, սակայն փաստն այն էր, որ խումբը գլխավորում էր Մովսես Տեր-Գալուստյանը, որը համարվում էր դաշնակցության առաջին դեմքը Լիբանանում:( Ա. Թադեւոսյան «Դամասկոսյան դատավարության հետքերով», Երեւան- 1968)
«Ա1+», 11.06.08

No comments: