Thursday, June 5, 2008

2007 թվականին ռուսական բանակում տեղի է ունեցել 341 ինքնասպանություն

Ռուսաստանի գլխավոր զինվորական դատախազ Սերգեյ Ֆրիդինսկին այսօր ասել է, որ չնայած բանակում պայմանների բարելավմանն ուղղված լրացուցիչ միջոցներին եւ իրականացվող բարեփոխումներին, անցյալ տարի զինված ուժերում մեծ թվով զինծառայողներ ինքնասպանություն են գործել:
«341 մարդ` դա գրեթե մեկ գումարտակ է, այդքան անդառնալի կորուստ ենք ունեցել անձնասպանությունների հետեւանքով», - նշել է գլխավոր զինդատախազը:
«Ռոյթերզ» լրատվական գործակալության փոխանցմամբ` իրավապաշտպանները ինքնասպանությունների մեծ թիվը բացատրում են ռուսական բանակին բնորոշ բռնի ավանդույթներով եւ դրանց նկատմամբ սպաների ու բարձրաստիճան գեներալների անտարբերությամբ:
Ռուսական բանակում շատ հաճախ հալածվում, նվաստացվում, ծեծի եւ այլ բռնությունների են ենթարկվում հատկապես նորակոչիկները: Ամեն տարի տասնյակ հազարավոր զորակոչիկներ եւ նրանց ծնողները դիմում են ամեն միջոցի՝ երիտասարդներին բանակից ազատելու համար: Ռուսաստանի պաշտպանության նախարարության տվյալներով` հոգեբանական դժվարությունների պատճառաբանությամբ բանակից ամեն տարի ազատվում է շուրջ 100 հազար երիտասարդ:
Գլխավոր զինդատախազ Ֆրիդինսկու փոխանցմամբ` 2006 թվականի համեմատությամբ 2007-ին բանակում զոհվածների ընդհանուր թիվը նվազել է, սակայն աճել է ոչ մարտական պայմաններում զոհվածների թիվը: Ընդ որում, դա չի կարելի բացատրել բացառապես ոչ կանոնակարգային հարաբերություններով, քանի որ ինքնասպանություն գործածների կեսը պայմանագրային զինծառայողներ են, ովքեր սովորաբար չեն ենթարկվում հալածանքների:
«Ռոյթերզ»-ը նշում է, որ ռուսական զինված ուժերը ԽՍՀՄ-ի փլուզումից հետո անհրաժեշտ ֆինանսավորում չեն ստացել, զինծառայողների սոցիալական պայմանները վատթարացել են, բանակում բարոյահոգեբանական անկումային երեւույթներ են սկսվել, սակայն Վլադիմիր Պուտինի նախագահության օրոք ֆինանսավորումը եւ ուշադրությունը բանակի հանդեպ էապես աճել են:
Բարձրաստիճան գեներալները բազմիցս հավաստիացրել են, որ ամեն ինչ արվում է ոչ մարտական կորուստների թիվը նվազեցնելու եւ բանակում «դեդովշչինան»՝ ոչ կանոնակարգային հարաբերություններն արմատախիլ անելու համար:
Ռուսաստանի զինված ուժերում ներկայումս ծառայում է ավելի քան մեկ միլիոն մարդ:

No comments: