Thursday, June 5, 2008

ԷԺԱՆԱԳԻՆ ՈՒ ԱՆՈՐԱԿ ՕՓԻՈՒՄ ԺՈՂՈՎՐԴԻ ՀԱՄԱՐ

Հայաստանի ներքաղաքական դաշտում վերջին շրջանում տեղի ունեցող երեւույթները եթե փորձենք ենթարկել փոքր ինչ խորը դիտարկման, ապա կտեսնենք, որ դրանք բացարձակապես զուրկ են որեւէ բովանդակային բաղադրիչից եւ դուրս չեն գալիս ձեւականության շրջանակից: Դրա վառ օրինակն այն խոսակցություններն են, որոնք հնչում են ընդդիմության լիազորությունները ընդլայնելու, կամ դրանք իրավապես ամրագրելու խնդրի առնչությամբ: Այդ գործընթացը խորհրդարանում նույնիսկ մեկնարկել է եւ կոալիցիոն մեծամասնությունը, մեծահոգաբար, կամ ինչպես իրենք են փորձում ներկայացնել` ժողովրդավարական ուղուն հավատարիմ, անսում է ներքին ճգնաժամը հաղթահարելու ժողովրդական պահանջին եւ միջազգային հորդորներին, եւ ընդդիմությանն ավելի լայն տեղ է տալիս խորհրդարանում, ի դեմս հանձնաժողովների նախագահների, կամ փոխնախագահների: Դրա համար նույնիսկ Ազգային Ժողովում ավելացնում են հանձնաժողովների տեղերը: Իհարկե, դրանք չեն ավելացնում հենց այդ ձեւակերպմամբ, որ ընդդիմությանն էլ հանձնաժողով են տալու, դրա համար պետք է ավելացնել: Հանձնաժողովներն ավելացնում են իբրեւ աշխատանքն ավելի արդյունավետ դարձնելու համար: Սակայն, պարզ է, որ ըստ ամենայնի, կոալիցիոն մեծամասնությունը պարզապես չի ցանկանում ընդդիմությանն իր ,ափսեիցե բաժին հանի, այսինքն իր հաշվին ընդլայնի ընդդիմության լիազորությունները, այլ դա անում է փաստացի պետության, պետական միջոցների հաշվին: Չէ որ եթե ավելանում են ԱԺ հանձնաժողովները, ապա դրանք պահելու համար հարկ է լինելու լրացուցիչ միջոցներ: Իսկ այդ միջոցները խորհրդարանի օլիգարխները չէ, որ հատկացնելու են նոր հանձնաժողովներին, այլ պետական բյուջեն: Այսինքն, ընդդիմության լիազորությունները ընդլայնվում են հարկատուների հաշվին: Երեւի թե այն ակնկալիքով, որ հարկատուները ընտրություն կատարեն` կամ ընդդիմությունը մի քանի խորհրդարանական պաշտոն է ստանում, կամ հարկատուների փողը դրա փոխարեն ծախսվում է ասենք սոցիալական հարցերի համար: Նորմալ հասարակության մեջ, իհարկե, ընտրությունը կկատարվի երկրորդի օգտին, որովհետեւ ընդդիմության խորհրդարանական պաշտոնները իրականում բացարձակ խաբկանք է նույն հասարակության համար: Դրանով հասարակական որեւէ խնդիր չի լուծվում: Ընդհանրապես, ընդդիմության պաշտոն հասկացությունը փաստացի նոնսենս է այն իմաստով, որ դա հակասում է պետական կառավարման ցանկացած տրամաբանության: Եթե դու թեկուզ մեկ պաշտոն ունես պետական կառավարման համակարգում, դու այլեւս ընդդիմություն չես: Կամ եթե ունես, բայց ընդդիմություն ես, ապա քո պաշտոնը հանրության համար գրոշի արժեք չունի, որովհետեւ քո ընդդիմադիր որեւէ նախագիծ իշխանությունը թույլ չի տա իրականացնել, եթե դա չի բխում նրա շահից եւ քաղաքական նպատակներից: Սա պարզ տրամաբանություն է, եւ այդ տրամաբանությունը, ազգային միասնության կամ հանդուրժողականության մասին ինչ որ ոլորապտույտ ձեւակերպումներով թաղելը կարելի է ասել նույնիսկ պետական հանցագործություն է, որովհետեւ դրա նպատակը յուրաքանչյուր պետության առանցքին` քաղաքացուն մոլորեցնելն է:
Ենթադրենք, որ խորհրդարանում մեկ երկու հանձնաժողով տվեցին ընդդիմությանը: Ինչ է անելու ընդդիմությունը դրանց հետ: Ընդդիմություն ասվածը տվյալ դեպքում Ժառանգություն կուսակցությունն է: Դժվար է ասել, թե այդ խորհրդարանական պաշտոնները ինչ են փոխելու Ժառանգության կյանքում, բայց որ պետության եւ հասարակության կյանը դրանից չի փոխվելու ոչ մի էական բանով, երեւի թե վեր է ցանկացած կասկածից: Եթե խորհրդարանում կա բացարձակ մեծամասնություն, եթե երկրի Սահմանադրությունն ու օրենքներն այդ մեծամասնությանն օժտում են կառավարում իրականացնելու բոլոր հնարավորություններով, ապա ինչ կապ ունի, թե ասենք ովքեր են խորհրդարանական հանձնաժողովների նախագահները եւ որ ուժն են նրանք ներկայացնում: Դա կապ ունի միայն տվյալ ուժերի համար, մեկ էլ այն անձանց, ովքեր կհավակնեն հանձնաժողովի նախագահի պաշտոնին, որովհետեւ միայն ծառայողական Տոյոտա Քամրիները բավարար են, որպեսզի հանձնաժողով ղեկավարելը լինի հաճելի:
Իսկ իրականում, ընդդիմության լիազորությունների ընդլայնում հասկացությունը դա մեծագույն անհեթեթությունն է, որ հրապարակ է նետվել այսպես կոչված եվրահանրության թեթեւ ձեռքով, եւ որի ամբողջ էությունը հասկանալով, այն հմտորեն օգտագործում է իշխանությունը: Նման հետաքրքիր խորհուրդներ եւ ճգնաժամերի հաղթահարման բանաձեւեր ստեղծագործող Եվրոպան թերեւս Հայաստանին մեծապես ավելի օգնած կլիներ, եթե հնարավոր ամեն ինչ աներ, որպեսզի Հայաստանում օգտագործվի ընդդիմության գլխավոր լիազորությունը` մասնակցել ընտրություններին եւ օրենքի նախանշած ճանապարհներով մրցակցել իշխանության հետ: Այսինքն, եթե Եվրոպան ինչ որ հորդոր է ուղղում Հայաստանի իշխանությանը, ապա դա ոչ թե պետք է լինի ընդդիմության հետ կիսվելը, այլ օրենքի առաջ հավասարվելը, ընտրություն չկեղծելը: Մնացյալը կլուծվի արդեն ինքնաբերաբար: Հակառակ պարագայում, ընդդիմության լիազորությունների ընդլայնման գաղափարը ոչ այլ ինչ է, քան ,օփիում ժողովրդիե համար, ընդ որում չափազանց էժանագին եւ բացարձակ անորակ, անգամ եթե դրա վրա գրվի made in Europe:
ՋԵՅՄՍ ՀԱԿՈԲՅԱՆ. «ԼՐԱԳԻՐ»

No comments: