Wednesday, June 11, 2008

ՄԵԹՅՈՒ ԲՐԱՅԶԱ. «ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՍՏԱՏՈՒՍ-ՔՎՈՅԻ ՎԻՃԱԿԸ ՎՏԱՆԳԱՎՈՐ Է»

ԲԱՔՈՒ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: «Ես կարծում եմ, որ ղարաբաղյան կարգավորման ստատուս-քվոյի վիճակը վտանգավոր է: Եվ դա ակնհայտ է, երբ փոխհրաձգություն է տեղի ունենում, զոհվում են մարդիկ: Ինչ վերաբերում է տուժած կողմին, այստեղ դժվար է որեւէ բան ասել: Երկու կողմերն են տուժել, եւ երկու կողմերը պետք է ընդհանուր լեզու գտնեն եւ պետք է բանակցությունները հասցնեն պայմանավորվածությունների, իսկ դա նշանակում է փոխզիջման որոնում»: Այս մասին Day.az-ին տված հարցազրույցի ժամանակ ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Մեթյու Բրայզան:«Ես միայն կարող եմ ասել, որ առանց փոխզիջման չի լինի խաղաղ պայմանագիր: Ես չեմ ասում, որ միայն Ադրբեջանը պետք է գնա զիջման, Հայաստանը եւս պետք է դա անի: Առանց դրա չի լինի փոխզիջում: Սակայն այդ հարցը կախված է հակամարտության կողմերից, այլ ոչ թե համանախագահներից»,- ավելացրել է ամերիկացի համանախագահը:Մ.Բրայզան նշել է նաեւ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պատրաստվում են բանակցություններն սկսել այն պահից, երբ դրանք ընդհատվեցին մինչեւ Հայաստանում ընտրություններն սկսվելը:Ի պատասխան այն հարցին, թե «կհաջողվի արդյոք Ալիեւ-Սարգսյան ձեւաչափով ավելիին հասնել, քան Ալիեւ-Քոչարյան ձեւաչափով», Մ. Բրայզան ասել է. «Նախապես այդ հարցին անհնար է պատասխանել, չէ որ խոսքը այլ մարդկանց մասին է, որոնք, ի դեպ, շատ ուժեղ առաջնորդներ են: Կարծում եմ, կկարողանամ այդ հարցին պատասխանել ուրբաթից հետո»:Իսկ այն հարցին, թե «շարունակում են արդյոք բանակցությունների սեղանին մնալ այն առաջարկները, որ կողմերին են տրվել Մադրիդում, եւ արդյոք դրանց հավանություն են տալիս երկու կողմերը», ամերիկացի համանախագահը պատասխանել է. «Այդ մասին խոսք չկա: Դա պարզապես մի պահ էր բանակցային գործընթացում: Լինելով համանախագահներ, մենք մեկ տարի շարունակ լսեցինք երկու կողմերի կարծիքը, եւ որոշեցինք գրի առնել այն ամենը, ինչ լսել ենք, եւ դրա հիման վրա առաջարկել փոխզիջում: Պահեր են եղել այդ փոխզիջման մեջ, որոնք անընդունելի են եղել ե'ւ Ադրբեջանի, ե'ւ Հայաստանի համար, բայց դա բնական է: Հարկ է շարունակել ներկայիս բանակցային գործընթացը եւ ընդհանուր լեզու փնտրել»:

No comments: