Պարզապես ցեղասպանության միջազգային ճանաչման պայքարն է արդարացի
Սփյուռքն, ինչ խոսք, նպաստում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը: Այդ ուղղությամբ հայկական լոբբին բավականին լուրջ աշխատանքներ է կատարում, այսինքն՝ անուրանալի է սփյուռքի եւ հայկական լոբբիի ներդրումը ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացում: Սակայն, անկախ ներդրման հանգամանքից, գործընթացի ծավալումը չի կարելի պայմանավորել սոսկ հայկական սփյուռքի լոբբիստական ջանքերով, որովհետեւ դա վեր է ինչպես սփյուռքահայության, այնպես էլ Հայաստանի Հանրապետության կարողություններից: Այլապես, Հայոց ցեղասպանության ճանաչումը հենց կպարտադրվեր ԱՄՆ-ին, դա լուրջ ազդակ կլիներ այլ երկրների համար, որոնք դեռեւս չեն ճանաչել, այսպիսով հնարավոր կլիներ հաղթական ավարտին հասցնել ճանաչման գործընթացը:
Հետեւաբար Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացում սփյուռքի եւ հայկական լոբբիի հաջողության բանալին ճանաչումը տարբեր երկրների խորհրդարանների պարտադրելու վերջիններիս կարողությունը չէ, այլ պատմական իրողության անժխտելիությունը, ինչն անժխտելի է դարձնում նաեւ ճանաչման պայքարի արդարացիությունը:
Թեեւ հայկական լոբբիի կարողությունների գերագնահատումն ակամա ստանում է հայկականի առջեւ թուրքական լոբբիի, իսկ Հայաստանի եւ հայկական սփյուռքի առջեւ Թուրքիայի ու արտասահմանում պետականորեն հովանավորվող թուրքական կազմակերպությունների ընկրկման խոստովանության երանգ, սակայն պատմական իրողությունը ժխտելու եւ Հայոց ցեղասպանության ճանաչման պայքարի արդարացիությունը քողարկելու հրամայականը թուրք վերլուծաբաններին այլընտրանք չի թողնում:
Խոսքն Անկարայում գործող Եվրասիական ռազմավարական հետազոտությունների կենտրոնի հայկական ուսումնասիրությունների ինստիտուտի փորձագետ Յըլդըզ Դեւեջիի մասին է, որը մայիսի 28-ին նույն ինստիտուտի ամենօրյա տեղեկագրում «Շոտլանդիայի հայկական լոբբին եւ բողոքական եկեղեցու դիրքորոշումը» վերնագրով հոդվածում հզոր լոբբի է հայտնաբերում, որպեսզի նրա ազդեցությանը վերագրի շոտլանդական եկեղեցու Հայոց ցեղասպանության ճանաչման նախաձեռնությունը:
Ահա թե ինչ է գրել նա. «Առ այսօր 1915-ի իրադարձություններն իբրեւ ցեղասպանություն ճանաչվել են 19 երկրների խորհրդարաններում: Հայտնի է ճանաչման որոշումների վրա տվյալ երկրում գործող հայկական լոբբիի ազդեցությունը: Սակայն խորհրդարանները ժամանակ առ ժամանակ համանման մոտեցումներ են ցուցաբերում նաեւ հայկական աննշան բնակչություն ունեցող երկրներում, ինչը ցույց է տալիս, որ հայկական լոբբիի ազդեցությունը պարտադիր չէ, որ համապատասխանի հայ բնակչության թվաքանակին:
Թերեւս այս տեսանկյունից պետք է գնահատել հայկական լոբիի գործունեությունը Շոտլանդիայում: «Հայոց ցեղասպանության» հարցն առաջին անգամ Շոտլանդիայի մայրաքաղաք Էդինբուրգում լիբերալ-դեմոկրատների նախաձեռնությամբ օրակարգ մտավ 2005-ին եւ քաղաքապետարանի խորհուրդն, անկախ որոշ անդամների առարկություններից, որպես «ցեղասպանություն» ճանաչեց 1915-ի իրադարձությունները:
Թեեւ 2006-ին Էդինբուրգի քաղաքային խորհրդի անդամ Ֆիլ Էթրիջը պահանջեց աջակցել «1915-ի իրադարձությունների ուսումնասիրման համար պատմաբանների համատեղ հանձնաժողով» ստեղծելու Թուրքիայի առաջարկին եւ նույնիսկ ասաց. «Անգլիայում մենք մշտապես աջակցել ենք փոքրամասնություններին, իսկ հայերը փորձում են այնպես ներկայացնել, թե իրենք են պատերազմի տարիներին սպանված եզակի փոքրամասնությունը: Աներեւակայելի է այս դահլիճում առկա թուրքատյացությունը», սակայն նրա առաջարկը մերժվեց:
Վերջին շրջանում Շոտլանդիայի հայկական լոբբին Անգլիայում «Հայոց ցեղասպանության» ճանաչման նպատակին հասնելու համար շոտլանդական բողոքական (երիցական) եկեղեցուն գործի դնելու փորձեր է կատարում: 1690-ականներին հիմնադրված Շոտլանդիայի երիցական եկեղեցու գլխավոր խորհուրդն արդեն որոշում է ընդունել, որը նախատեսում է Անգլիայում «Հայոց ցեղասպանության» ճանաչումը: Այս որոշումը որոշակի ազդեցություն անպայման կունենա Անգլիայի խորհրդարանում, մանավանդ որ Անգլիայի հայկական լոբբիի հայտարարություններում տեսակետներ են հնչում, թե առաջիկա երկու տարում Անգլիայից ակնկալում են 1915-ի իրադարձությունների առնչությամբ իրենց համար գոհացուցիչ որոշման ընդունումը:
Որքան էլ առ այսօր Անգլիայի խորհրդարանը 1915-ի իրադարձությունների առնչությամբ որեւէ որոշում ընդունած չլինի եւ անգլիական կառավարությունը հայտարարի, թե այդ իրադարձությունները չի կարելի ցեղասպանություն որակել, այնուամենայնիվ, հայկական լոբբիի ջանքերը, ինչպես նաեւ Շոտլանդիայում եւ Ուելսում ցեղասպանության պնդումների ճանաչումը ենթադրելի են դարձնում, որ առաջիկայում ցեղասպանության հարցի շուրջը սուր բանավեճեր են ծավալվելու նաեւ Անգլիայում: Ի վերջո, անգլիայի վարչապետ Գորդոն Բրաունը նույնպես երիցական եկեղեցու հավատացյալ է, ինչը խիստ կդժվարացնի մերժումն այն բանաձեւի, որը եկեղեցին է պատրաստելու»:
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ. «ԱԶԳ». 31.05.08
Thursday, June 5, 2008
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment