Thursday, June 19, 2008

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ

ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻ ՌՈՒԲՈՆ
Ժողովավարական ամենատարրական օրենքներից առաջինը, երեւի ժողովակիցներին հարգելն է: Սակայն այս կետը, կարծես թե, այնքոան էլ չի հետաքրքրում ԹՀԹ Պատգամավորական ժողովի Բ ատենապետ Ռուբիկ Կարապետյանին, որովհետեւ, ըստ երեւույթի, նա անձեռնմխելի է:
Ռ. Կարապետյանը, հոգեւոր եւ աշխարհիկ պատգամավորների ներկայությամբ, իրեն թույլ է տալիս ազգային գործիչների եւ կառույցների հայկականությունը կասկածի տակ դնել, իսկ մեր թեմի բաձրագույն մարմնում ոչ ոք ի զորու չէ նրան կարգի հրավիրել:
Ահա թե ինչի մասին է խոսում ՀՄՄ «Րաֆֆի» համալիրի վարչության բաց նամակը:



Բաց նամակ ուղղւած ԹՀԹ Պատգամաւորական ժողովին, Ազգային մարմիններին, եւ ողջ իրանահայ համայնքին
ԹՀԹ Պատգամաւորական ժողովի նիստերի ընթացքում, անգամներ Սասուն թաղամասի պատգամաւորների կողմից արծարծւել են Հայ Մարզա-Մշակութային «Րաֆֆի» Համալիրի խնդիրները եւ նրա նկատմամբ ազգային մարմինների խտրական վերաբերմունքի առկայութիւնը, եւ պահանջւել՝ ազգային միւս միութիւններին համահաւասար իրաւունքներ: Այս կապակցութեամբ, հարկ ենք համարում յիշատակել, համալիրի վարչութեան անդամ պատգամաւորների կողմից ազգային մարմիններին՝ Կրթական եւ Թեմական խորհուրդներին եւ նոյնիսկ Սրբազան Առաջնորդին ներկայացրած բազմիցս կրկնւած դիմումը՝ ազգային դպրոցներում մարզա-մշակութային յայտարարութիւններ փակցնելու թոյլտւութեան խնդրանքով, որը սակայն աւելի քան մէկ ու կէս տարի ձգձգւելուց յետոյ, միայն խիստ վերջերս բաւարարւեց ներկայ Թեմական խորհրդի կողմից: Պէտք է յիշեցնել, որ սա այն պայմաններում էր, երբ «Սիփան», «Արարատ» եւ այլն միութիւնների ցանկացած յայտարարութիւնը, վաղուց ի վեր ցրւում ու փակցւում էին մեր դպրոցներում՝ առանց նման թոյլտւութեան պահանջի:
Այս եւ Հ.Մ.Մ.«Րաֆֆի» Համալիրին կապւած այլ խնդիրների վերաբեր-եալ Պատգամաւորական ժողովում ընթացող զրոյցներում որոշ պատգամաւորների, յատկապէս ՊԺ-ի փոխատենապետ պրն. Ռուբիկ Կարապետեանի կողմից կատարւեցին այնպիսի վիրաւորական ու սադրիչ յայտարարութիւններ, որոնց համար Թաղիս Պատգամաւորներից մէկը՝ պրն. Պետրոս Աբգարեանը, որն ի դէպ սոյն միութեան հիմնադիրներից է, գրաւոր դիմում ներկայացրեց Պատգամաւորական ժողովի Դիւանին՝ յիշեալի ներողութիւնը պահանջելով՝ ոչ միայն «Րաֆֆի» միութիւնից, այլեւ թաղի ժողովրդից, որը սոյն միութեան գլխաւոր հիմնադիրն ու ներկայի տէրն է:
Պրն. Կարապետեանն յատկապէս իր խօսքերում անդրադարձել էր «Րաֆֆի» համալիրի հիմնադրմանը՝ այն համարելով ոչ ազգային, նոյնիսկ ոչ հայ:
Ակնյայտ է, որ նման ամբոխավարական յայտարարութիւններով հանդէս եկող յարգելի պատգամա-ւորը մինչ օրս «Րաֆֆի» միութեան յարկի տակ չի եղել, որպէսզի տեսած լինի, թէ օրական քանի տասն-եակ ու քանի հարիւր՝ ամենահայեցի դաստիարակութիւնն ստացած մանուկ-պատանի, երիտասարդ ու տարեցներ են մտնում ու ելնում՝ մասնակցելով մարզամշակութային ամենաբազմազան աշխատանքների: Թերեւս եթէ նոյնիսկ մէկ անգամ եղած լինէր այնտեղ, դժւար թէ համարձակւէր հարցականի տակ տանել թաղի ժողովրդով լեցուն միու-թեան ազգային պատկանելութիւնը:
Իսկ գալով անցեալին եւ «Րաֆֆի» միութեան հիմնադրման որպիսու-թեանը, որը նոյնպէս «կասկածելի» է համարւել յիշեալ պատգամաւորի կողմից՝ վարկաբեկելով ազնիւ ու հայրենասէր այն մարդկանց, որոնց անշահախնդիր ջանքերի շնորհիւ հիմնադրւել է այս միութիւնը, պէտք է ասել, որ դարձեալ ակնյայտ է, որ նա կամ՝ իրօք անտեղեակ է եւ անմեղ մի հարց է տւել, որը դժւար է հաւատալ՝ նկատի ունենալով նրա տասնեակ տարուց աւելի փորձը ազգային մարմիններում, կամ էլ՝ պարզապէս անտեղեակ է ձեւանում՝ ինչ-որ յետին նպատակների հասնելու համար: Ամէն դէպքում, ազգային կեանքով ու ճակատագրով զբաղւած նման պաշտօնեան, թւում է, մինչ օրս բաւական ժամանակ պէտք է ունեցած լինէր, որ դեռ յեղափոխութիւնից առաջ հիմքը դրւած՝ «Րաֆֆի» միութեան անցեալով հետաքրքրւէր եւ իր կասկածները փարատէր, որպէսզի այս բարդ ժամանակներում, երբ ազգային մարմինները առաւելագոյնս պէտք է աշխատեն համայնքի խնդիրներն օր առաջ կարգաւորելու, պատգամաւորների թանկ ժամանակը չվատնէր նման անհիմն ասեկոսներով ու հնահոտ զրոյցներով:
Ցաւօք սրտի, ի պատասխան ներկայացւած նամակի, պրն. Ռուբիկ Կարապետեանը եւ նրա համախոհները ոչ միայն փորձ չարեցին թոյլ տրւած սխալն ուղղել, այլեւ առաւել հեռուն գնալով նորանոր վիրաւորական յայտարարութիւններ կատարեցին, որոնք աւելի եւս սրեցին իրավիճակը: Այսպիսով Սասուն թաղամասի եւ նրանց այս հարցում պաշտպան կանգնած այլ պատգամաւորների պնդումներն իզուր անցան:
Ուստի սոյն գրութեամբ դիմում ենք ԹՀԹ Պատգամաւորական ժողովին, ինչպէս նաեւ այլ մարմիններին, ազգային խնդիրներով հետաքրքրւած անձանց եւ ողջ իրանահայ համայնքին.
- Ազգային մարմինները որոշակի խմբակցութեան կամ անհատների սեփականութիւնը չեն, այլ ողջ իրանահայ համայնքին են պատկանում, որին նրանք պարտաւոր են պատասխանել իրենց իւրաքանչիւր քայլի եւ նոյնիսկ խօսքի համար: Ուստի կարապետեաններին թող չթւայ, որ կարող են ասել եւ անել ինչ-որ կուզեն, քանի որ այդ բոլորի համար ուշ թէ շուտ պէտք է պատասխան տան:
- Նրանց կողմից «Րաֆֆի»-ին վերագրւած «պառակտիչ» ու «դաւաճան»-ը հէնց նրանք են, ովքեր ազգային մարմիններում զբաղեցրած իրենց պաշտօնն օգտագործում են ի շահ ինչ-որ խմբակցութեան կամ իւրայինների՝ միւսներին համարելով նոյնիսկ ոչ հայ, եւ հէնց դրանով թշնամութեան սերմը ցանում համայնքում: Արդարեւ նրանք են գլխաւոր պառակտիչները, եւ ոչ թէ այն ազնիւ ֆուտբոլիստները, որոնք եղած միութիւններում տիրող նեղմիտ կուսակցականների ձեռքից խոյս տալով՝ ծւարեցին այդ հողակտորի վրայ, որը եւ իրենց արդար աշխատանքով վերածեցին այսօրւայ հոյակապ մարզամշակութային համալիրին:
- «Րաֆֆի» համալիրը մեր ժողովրդի ապակուսակցական ազգային գաղափարախօսութեան մարմնացումն է: Այնտեղ բոլորը ի մի են գալիս ինչ-որ կերպ հայրենակցին ու հայրենիքին ծառայելու: Եւ եթէ այս ուղղութիւնն ու գաղափարախօսութիւնը վերջին պատգամաւորական ընտրութիւններում անհամեմատելի յաղթանակ նւաճեց՝ շահելով հազարաւոր ձայներ՝ ի համեմատութիւն կուսակցամէտների քանի տասնեակների, ուրեմն առաւել եւս պէտք է հաշւի նստել նրա հետ: Չէ՞ որ ի վերջոյ այդ ընտրութիւններում մեր ժողովուրդը որոշեց իր կողմը, արտայայտեց իր կամքը: Ուստի մէկ անգամ եւս յարգելի պատգամաւորներին յիշեցնելով այդ փաստը, պահանջում ենք յարգել ժողովրդի կամքը եւ նրան ներկայացնող պատգամաւորներին, խուսափել նախկին նեղմտութիւնից ու հաշւեյարդարներից, որպէսզի կայանայ համերաշխութեան ու փոխըմբռնման այն մթնոլորտը, ուր բոլորը՝ անկախ քաղաքական հայեացքից, կաշխատեն ոչ թէ որոշակի կուսակցութեան ու խմբակցութեան, այլ ողջ ժողովրդի շահերի համար:
Հ.Մ.Մ. «Րաֆֆի» Համալիրի Վարչութիւն

No comments: