Wednesday, June 25, 2008

ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ «ԱԹԱԹՈՒՐՔԻՆ ՉԵՄ ՍԻՐՈՒՄ» ԽՈՍՔԵՐԻ ՀԱՄԱՐ

Այդ մասին կայքէջում նշել է CNN-Turk-ը: Տեղեկության համաձայն, Ստամբուլի դատախազությունը, հիմք ընդունելով «Աթաթուրքի դեմ կատարվող հանցագործությունների մասին օրենքը», որի համապատասխան հոդվածը 1-4, 5 տարի ազատազրկում է նախատեսում, հետաքննություն է սկսել Նուրայ Ջանան Բեզիրգանի նկատմամբ:
Հունիսի 9-ին Նուրայը մասնակցել է հեռուստահաղորդման եւ ուղիղ եթերում, ի պատասխան հաղորդավարի հարցի, ասել է. «Եթե գլխիս որեւէ փորձանք չի գալու, ասեմ, որ Աթաթուրքին չեմ սիրում: Ես սիրում եմ Խոմեյնիին»: Նա միաժամանակ, նկատի ունենալով քեմալական պատերազմները, նշել է, որ ժողովուրդն այդ տարիներին պատերազմում էր հանուն իսլամական արժեքների:
Ենթադրվում է, որ շուտով նա ցուցմունք տալու նկատառումով կհրավիրվի Ստամբուլի «Բեյօղլու» (նախկին Բերա) թաղի դատախազություն: Ի դեպ, Նուրայը ժամանակին եղել է Ստամբուլի համալսարանի բժշկական ֆակուլտետի ուսանող: 2-րդ կուրսում քննությանը գլխաշորով ներկայանալու համար դատապարտվել է 6 ամսվա ազատազրկման: Երբ պատիժը դարձրել են պայմանական, նա ապաստան է խնդրել Կանադայից եւ 7 տարի բնակվել է այդ երկրում:

No comments: