Thursday, July 17, 2008

ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՓԱՍՏԱՑԻ ՇԱՆՏԱԺ Է ԱՆՈՒՄ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆԸ

Հայաստանի իշխանության ներկայացուցիչները վերջին շրջանում հաճախ են հայտարարում այն մասին, թե իրենց նախանշած բարեփոխումներն իրականացնելու համար ունեն հասարակական վստահության կարիք: Այսինքն, իրենք ունեն երկրում իրապես զգալի փոփոխություններ կատարելու լուրջ ցանկություն, բայց այդ ցանկությունն իրականություն դարձնելու համար պետք է ունենան նաեւ հասարակության վստահությունը: Այլ կերպ ասած, նրանք ուղղակի ակնարկում են հետեւյալը` «հասարակություն, վստահիր մեզ, եւ մենք կփոխենք քո կյանքը»: Հարց է առաջանում, իսկ ինչից ելնելով պետք է հասարակությունը վստահի իշխանությանը: Օրինակ, կան չվստահելու տասնյակ, գուցե հարյուրավոր, գուցե հազարավոր պատճառներ, ընդ որում գրեթե բոլոր ոլորտներում: Չվստահելու ամենագլխավոր պատճառը թերեւս այն է, որ իշխանության ներկայիս դեմքերը տասը տարի շարունակ, իսկ որոշները նույնիսկ շատ ավելի երկար, պետական կառավարման համակարգի տարբեր տեղերում էին եւ իրենց խոսքով ու գործով գրեթե ոչինչ չէին անում հասարակության կյանքը փոխելու համար: Էլ ինչպես եւ ինչու հավատա հասարակությունը այդ մարդկանց, վստահի, որ նրանք իրականացնեն բարեփոխումներ: Պարզ է, որ եթե իշխանությունը նկատի ունի իրական բարեփոխումները, ապա դրանք կարող են կյանքի կոչվել միայն հանրային աջակցության շնորհիվ, որովհետեւ այդ բարեփոխումներն անխուսափելիորեն առաջացնելու են իշխանական համակարգում եւ դրա շուրջը ձեւավորված կլանների դժգոհությունը: Եթե չլինի հասարակության աջակցությունը, ապա իշխանությունը անկասկած տեղի է տալու այդ կլանների ճնշմանը: Օրինակ, եթե իշխանությունը որոշում է, որ այսինչ օլիգարխը պետք է այլեւս բոլոր առումներով ենթարկվի օրենքին, եվ եթե իշխանության այդ որոշումը չունի քաղաքական հետապնդման դրդապատճառ, ապա դրա դեմ ոչ միայն տվյալ օլիգարխը կընդվզի, այլ գրեթե բոլոր օլիգարխները: Իսկ եթե բոլոր օրիգարխներն ընդվզեն, ապա, ասենք նախագահին կարող է իր պաշտոնում պահել միայն հանրային աջակցությունը: Այս մեխանիզմը պարզ է երեւի թե յուրաքանչյուրի համար: Եվ պարզ է, որ երբ իշխանությունը ասում է հասարակությանը բարեփոխումների համար աջակցության անհրաժեշտության մասին, նկատի ունի հենց դա, որ եթե աջակցություն չլինի, ապա բարեփոխումներ իրականացնելու դեպքում օլիգարխները կարող են նոր, չբարեփոխող իշխանություն դնել, հետեւաբար եթե հասարակությունը չաջակցի, իշխանությունը բարեփոխման չի գնա, որ չվտանգի իր ճակատագիրը: Ստացվում է, որ այդպիսով իշխանությունը շանտաժ է անում հասարակությանը. «Ուզում ես լավ ապրել, աջակցիր ինձ, այլապես կշարունակենք լավ ապրել միայն օլիգարխներն ու ես»: Իրավիճակի զավեշտն այն է, որ բարեփոխումների համար ակնկալելով հասարակության աջակցությունը, իշխանությունն ինքնաբերաբար ընդունում է, որ այդ աջակցությունն իրականում չկա: Չէ որ եղել է ընտրություն, եղել է 52 տոկոս, հետո կոալիցիայով` 70 տոկոս, էլ ինչ աջակցության կարիքի մասին է խոսքը: Չէ որ այն, ինչ ասվում է բարեփոխումների համար այժմ, ասվում էր նախընտրական խոստումների եւ ծրագրերի տեսքով: Հետեւաբար, եթե ներկայիս իշխանությունը ձեւավորվել է արդար ընտրությամբ, ապա ինչ հանրային աջակցության անհրաժեշտության մասին է խոսքը: Ցանկացած իշխանություն, կոալիցիոն, թե ոչ, կերազեր ունենալ հասարակության 70 տոկոսի քվեն: Ուրեմն էլ ինչ: Հետեւաբար եթե շարունակվում է խոսքը հանրային աջակցության անհրաժեշտության մասին, ապա դա ոչ այլ ինչ է, քան շանտաժ` «եթե դու ինձ չսիրես, ես քեզ չեմ սիրի»: Այլ խնդիր է, որ դա ասեր հասարակությունը: Այդօրինակ վիճակը կլիներ միանգամայն բնական, թեեւ իհարկե առավելապես ընտրական գործընթացների ժամանակ: Բայց երբ այդ բանաձեւը առաջ է քաշում իշխանությունը, թեկուզ անուղղակի, ընդ որում ընտրությունից հետո, ապա միարժեք է դառնում, որ ընտրության ժամանակ իշխանությունը սիրային կապի մեջ է եղել բոլորովին այլ սուբյեկտների հետ: ՋԵՅՄՍ ՀԱԿՈԲՅԱՆ

No comments: