Monday, August 18, 2008

ԴԱԺԱՆ ԾԵԾԵԻ Է ԵՆԹԱՐԿՎԵԼ «ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ» ԿԻՆ ԼՐԱԳՐՈՂԸ

11 Օգոստոսի, 2008 Այսօր առավոտյան դաժան ծեծի է ենթարկվել «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Լուսինե Բարսեղյանը: 9.45-ի սահմաններում Լուսինեն դուրս է եկել Ավան-Առինջում գտնվող մոր բնակարանից եւ շտապել խմբագրություն: Սակայն չհասած երթուղայինների կանգառ, նրա ետեւից հարձակվել են 2 խոշորամարմին երիտասարդներ` մեկը սեւազգեստ, մյուսը ամբողջությամբ սպիտակ հագնված, հարվածել նրա գլխին, գցել գետնին եւ սկսել դաժանաբար ծեծել: Սարսափելի բռնությունը երկար չի տեւել, քանի որ Լուսինեն աղմկել է, բղավել, մեծ աղմուկ բարձրացրել, ինչից վախենալով հանցագործները փախել են: Խմբագրությունում բռնության այս հերթական դրսեւորումը միանշանակ կապում են Լուսինե Բարսեղյանի մասնագիտական գործունեության հետ եւ մասնավորապես նրա հեղինակած վերջին շարքի հետ, որտեղ ներկայացնում էր մի շարք պաշտոնյաների եւ օլիգարխների ֆինանսական կարողությունները: Այդ շարքում գրվել է ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի, Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար Հովիկ Աբրահամյանի, ինչպես նաեւ Էրեբունու թաղապետ Մհեր Սեդրակյանի մասին: Հիշեցնենք, որ նախագահական ընտրություններում Լուսինե Բարսեղյանը բռնության էր ենթարկվել Էրեբունիում, եւ անգամ քրեական գործ էր հարուցվել փաստի առթիվ: Այժմ Լուսինե Բարսեղյանը բազմաթիվ վնասվածքներով ու կապտուկներով գտնվում է հիվանդանոցում եւ անցնում է բուժզննություն:

No comments: