Monday, August 18, 2008

ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ՉԳԻՏԻ, ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐ ԿԱՆ, ԹԵ` ՈՉ

Արդյոք ՀՅԴ կուսակցությունը գոհ է մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի եւ հատկապես այդ հանձնաժողովում ընդգրկված դաշնակցական պատգամավորներ Արծվիկ Մինասյանի եւ Արտյուշա Շահբազյանի աշխատանքից: Հարցը լրագրողներն ուղղեցին ՀՅԴ խմբակցության ղեկավար, ՀՅԴ բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանին: Վ. Հովհաննիսյանը պատասխանեց. «Երբ մենք գործուղել ենք մեր ընկերներին մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող հանձնաժողով աշխատելու, մենք վստահել ենք նրանց ազնվությանն ու անաչառությանը: Մենք չենք միջամտում կամ ուղղորդում մեր կուսակից ընկերներին»: Նրա խոսքով, երբ այդ հանձնաժողովն իր եզրակացությունը տա, այդ ժամանակ միայն ՀՅԴ-ն կարող է քաղաքական գնահատական տալ ու ասել, թե որքանով ընդունելի ու արժանահավատ է համարում հանձնաժողովի, այդ թվում նաեւ դաշնակցական անդամների կատարած աշխատանքը: Վ. Հովհաննիսյանն այս փուլում ժամանակավրեպ համարեց գնահատական տալ հանձնաժողովի արդեն կատարած աշխատանքին, նշելով, որ դա կարող են անել միայն հանձնաժողովի եզրակացությունը կարդալուց հետո: Նրա ներկայացմամբ, հիմա ՀՅԴ-ն անգամ չի կարող ասել, թե արդյո?ք Հայաստանում կան քաղբանտարկյալներ, թե` ոչ: «Մի բան է պարզ, որ դատաքննությունները պետք է կատարվեն արժանահավատ փաստերի հիման վրա»,- նշեց ՀՅԴ բյուրոյի անդամը: Հարցին, թե արդյոք Դաշնակցությունը Գուրգեն Արսենյանի օրինակով, պատրաստ է գրավ մուծել, որպեսզի մինչեւ դատը ազատ արձակվեն կալանավորված պատգամավորները, Վ. Հովհաննիսյանը բացասական պատասխան տվեց, կրկին այդ հարցի լուծումը պայմանավորելով հանձնաժողովի գնահատականով: Լրագրողներին հետաքրքրում էր նաեւ, թե ՀՅԴ-ն տեսնում է արդյոք ԱԺ նախագահի փոփոխության անհրաժեշտություն: Հիշեցնենք, որ, ըստ տարածված լուրերը, հավանական է, որ ԱԺ նախագահի պաշտոնում Տիգրան Թորոսյանին փոխարինի նախագահի աշխատակազմի ղեկավար Հովիկ Աբրահամյանը: Այս հարցի առնչությամբ Վ. Հովհաննիսյանն ասաց, որ կոալիցիոն համաձայնագրով ԱԺ նախագահի պաշտոնը վստահվել է ՀՀԿ-ին եւ նրանց խնդիրն է որոշել այդ հարցը: «ԱԺ նախագահի փոփոխության հարցում կարծես բանավեճ կա կուլիսային մակարդակում, երբ այն դրվի կոալիցիայի օրակարգում` մենք այն կքննարկենք»,- հավելեց նա: Աղբյուր` Panorama.am090808

No comments: