«Էրգենեքոն» կազմակերպությունը զինված գործողությունների միջոցով ցանկանում էր Թուրքիայում ստեղծել քաոսային իրավիճակ` երկրում հեղաշրջում իրականացնելու նպատակով: «Էրգենեքոնի» մահափորձերի իրականացման ծրագրերը բաժանվում են 4 մասի` կրոնական, քաղաքական, հասարակական, էթնիկական: Այս մասին տեղեկացնում է «Սաբահ» օրաթերթը` վկայակոչելով «Էրգենեքոն»-ի գործով մեղադրական եզրակացությունը:Կրոնական սպանությունների շրջանակում մահափորձեր էին իրականացվելու Պոլսո Հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի, Հունաց Բարդուղիմեոս պատրիարքի, ինչպես նաեւ գործարար Իսհաք Ալաթոնի դեմ:
2007 թվականի հուլիսին «Զաման» օրաթերթը, վկայակոչելով «Gazeteport» կայքէջը, գրել էր, որ Թուրքիայի «Ազգային բանակ» միության ձերբակալված նախագահ Բեքիր Օզթուրքի համակարգչում հայտաբերվել են Պոլսո Հայոց պատրարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի, Հունաց Բարդուղիմեոս պատրիարքի, ինչպես նաեւ գործարար Իսհաք Ալաթոնի դեմ ուղղված մահափորձի ծրագրեր: Թերթը նշում էր, որ «Ազգային բանակ» միության անդամները նախապատրաստվում էին կյանքի կոչել իրենց ծրագրերը Թուրքիայի նախագահական ընտրություններում վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կամ «Արդարություն եւ զարգացում» իշխող կուսակցության մեկ այլ անդամի հաղթանակի դեպքում: Հատկանշական է նաեւ այն փաստը, որ Բեքիր Օզթուրքը ձերբակալվել էր Ումրանիյեի դեպքերի առնչությամբ իրականացվող հետաքննության շրջանակում: Նշենք, որ «Էրգենեքոն»-ի դեմ իրականացված գործողությունը եւ այդ կառույցի բացահյտումը Ումրանիյեում 2007թ. հունիսին հայտնաբերված զինամթերքի գործով իրականացված հետաքննության արդյունք է:
Էթնիկական սպանությունների շրջանակում կազմակերպությունը թուրք-քրդական բախումներ հրահրելու համար պատրաստվում էր մահափորձեր իրականացնել «Ժողովրդավարական հասարակություն» քրդամետ կուսակցության առաջնորդ Ահմեդ Թուրքի, նույն կուսակցությունից պատգամավոր Սեբահաթ Թունջելի, Դիրաբեքիրի քաղաքապետ Օսման Բայդեմիրի եւ նախկին պատգամավոր Լեյլա Զանանի դեմ:
Քաղաքական սպանությունների շրջանակում «Էրգենեքոն»-ը ծրագրում էր հարձակումներ իրականացնել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Յաշար Բույուքանըթի դեմ:
Հասարակական սպանությունների շրջանակում մահափորձեր էին պատրաստվում թուրք գրող Նոբելյան մրցանակակիր Օրհան Փամուքի եւ լրագրող Ֆեհմի Քորույի դեմ:
«Էրգենեքոն»-ի դեմ իրականացվող գործողության շրջանակում անվտանգության ծառայության աշխատակիցներն ամիսներ շարունակ գաղտնալսել էին այդ կազմակերպության անդամների հեռախոսազրույցները: Դրանցից մեկում, ինչպես հաղորդում էին թուրքական լրատվամիջոցները 2008 թվականի հունվարին, խոսք էր գնում այն մասին, որ Նոբելյան մրցանակակիր Օրհան Փամուքի սպանության համար անհրաժեշտ է 2 միլիոն նոր թուրքական լիրա (մոտ 1 մլն 640 հազար ԱՄՆ դոլար), ինչպես նաեւ նշվում էր, որ սպանության իրականացման համար ընտրվել է ավստրիական արտադրության «Glock» տիպի ատրճանակ:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment